Փետրվարի 18-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում ուսանողները հյուրընկալեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին և հայ օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանին:
Նշենք, որ Ռուբեն Մուրադյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մոսկվայում, Կատարում։
Ռուբեն Մուրադյանը հյուրախաղերի է մեկնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մոսկվայի «Մեծ թատրոնի» հետ և հանդես եկել «Սպարտակ» ներկայացման մեջ՝ Սպարտակի դերապարով, որն իր իսկ կարծիքով իր ամենաճանաչված և հիշվող դերապարն է եղել։
ԵՊԼՀ ուսանողներից մեկի այն հարցին, թե որն է Ռուբեն Մուրադյանի ամենասիրելի կերպարը, պարոն Մուրադյանը պատասխանեց, որ իր ամենասիրելի կերպարը «Ժիզել» ներկայացման Կոմս Ալբերտի կերպարն է։ Ռուբեն Մուրադյանը խոսեց նաև բալետ պարողների կյանքի, նրանց դժվարությունների և այն կարծրատիպերի մասին, որ եղել են իր մասնագիտական գործունեության մեջ։
Կարդացեք նաև
Հաջորդ հյուրը՝ Գևորգ Հակոբյանը, խոսելով իր գործունեության մասին, նշեց, որ առաջին անգամ օպերային դերերգով հանդես է եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ կատարելով Մոսիի դերերգը։ Նշենք, որ Գ. Հակոբյանը հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում, Իսպանիայում և այլուր: Հանդիպման ընթացքում ի պատասխան ուսանողների հարցերին՝ Գևորգ Հակոբյանը խոսեց այն դժվարությունների մասին, որ ինքը հաղթահարել է օպերային երգիչ դառնալիս, մասնագիտական հիասթափությունների մասին, նաև ներկայիս հայ երիտասարդության ու դասական երաժշտության կապի մասին։
Նյութը պատրաստեց ԵՊԼՀ ՍԳՍ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Տիրուհի Հակոբյանը: