Այսօր ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվեց լուր՝ տեսանյութով, համաձայն որի Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակցուհին 2019 թվականից պարբերաբար ռեստորան է հրավիրել մարմնավաճառների և նրանցից 1000-ական դրամ վերցրել յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելու համար։
Ընդ որում, ինչպես Ոստիկանության «Մուշ» բաժնում ցուցմունք է տվել Գյումրու բնակչուհիներից մեկը, Մայիսյան գյուղի հյուրանոցի աշխատակցուհին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իր հետ, որ եթե հյուրանոցի հաճախորդները ցանկանան օգտվել մարմնավաճառի ծառայություններից, զանգի իրեն, որպեսզի գա հյուրանոց ու սեռական հարաբերություն ունենա հաճախորդի հետ։
«Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխանցել է մոտավորապես 120․000 դրամ։
Նույնաբովանդակ բացատրություններ են ներկայացրել նաև Գյումրիի ևս 5 բնակչուհիներ», -գրված է ոստիկանության պաշտոնական լրահոսում։
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Հոդվածը կոչվում է «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը», կոնկրետ 2-րդ մասը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում։
«Քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալներով պարզել ենք, որ մի շարք անձինք զբաղվել են պոռնկությամբ, որին նպաստել է նշված հյուրանոցի կին աշխատակիցը։ Իմ հանձնարարությամբ դատարան միջնորդություն է ներկայացվել կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու, դատարանի կողմից բավարարվել է։ Կալանքի միջնորդության քննարկմանը մասնակցել է նաև հսկող դատախազը», ասաց Կարեն Գաբրիելյանը։
Մենք դատախազից հետաքրքրվեցինք, թե միջնորդագիր ներկայացրե՞լ են տվյալ հյուրատունը փակելու։
«Իհարկե,պատրաստվում ենք նման միջնորդագրով հանդես գալու, քննություն է կատարվում նաև նշված հյուրանոցի սեփականատիրոջ մասնակցության վերաբերյալ կոնկրետ տվյալներ ձեռք բերելու, նշված փաստը հերքելու կամ հիմնավորելու համար»,-ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ