Մինչեւ 115 մլն շրջանառություն ունեցող ձեռներեցներից շատերը դժգոհություններ են հայտնում ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳ ծածկագրերի տպագրման պարտադիր պահանջից: Բանն այն է, որ շրջանառության հարկման շեմը, երբ 58,3 մլն դրամից կառավարությունը բարձրացրեց 115 մլն, հաշվի չի առել փոքր բիզնեսի հնարավորությունները եւ չեն վերանայել ԱՏԳ ծածկագրերի պարտադիր պահանջը:
Aravot.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանն ասաց, որ ըստ օրենքի, ԱՏԳ կոդերը պետք է տպվեն նախորդ տարում 58,3 մլն շրջանառությունն անցած տնտեսվարողները, ինչը սակայն այս տնտեսվարողներին մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում:
Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի ՀԴՄ կտրոնների վրա ավտոմատացված կարգով ԱՏԳ ծածկագրեր տպեն, պետք է հավելյալ ծախսեր անեն.«Այսինքն, Մալաթիա տոնավաճառում, կամ մի փոքր խանութում, որպեսզի այդ ծածկագրերը տպվեն, տնտեսվարողը պետք է 300 հազար դրամ ծախսի՝ համակարգիչ գնի, մոտ 50 հազար էլ՝ սքաներ, 100 հազար էլ՝ շտրիխ կոդի տպիչի համար, մի աշխատող էլ պահի, որպեսզի այդ ամենը կառավարի: Սա մեծ ծախս է փոքր բիզնեսի համար: Իսկ ԱՏԳ ծածկագրերի տպելը պարտադիր է, եթե չտպեն՝ կտուգանվեն: Կամ էլ պետք է ԱՏԳ կոդերը հատիկ-հատիկ ձեռքով գրեն, ասենք՝ վաճառում է 10 անուն ապրանք, ապա ՀԴՄ կտրոնի վրա այդ ապրանքների անվանումներն ու կոդերը ձեռքով գրի»:
Կարդացեք նաև
Գրիգորյանի համոզմամբ՝ այս պահանջը տնտեսվարողներին դրդում է դեպի ստվեր. «Հիմա այն տնտեսվարողները, որոնք մաքուր դաշտում էին աշխատում՝ կգնան ստվեր, ՀԴՄ չեն տպի, կամ քիչ կտպեն, որովհետեւ այդ կոդերի պարտադիր պահանջը գլխացավանք է, պատկերացրեք՝ 1-2 ապրանքի կոդը գրելու համար 10-15 րոպե ժամանակ է պետք»:
Այդ ծախսերն անելու հնարավորություն չունեցող տնտեսվարողն «երկու քարի արանքում է», ԱՏԳ ծածկագիրը, եթե չտպի՝ կտուգանվի, եթե ՀԴՄ կտրոն չտպի՝ էլի կտուգանվի:
Ըստ Գրիգորյանի, շարժումը տնտեսվարողներից բազմաթիվ բողոքներ է ստանում՝ նրանք ՊԵԿ-ից ծանուցում են ստանում՝ պարտավոր եք ՀԴՄ կտրոնի վրա իրացված բոլոր ապրանքների եւ ծառայությունների ծածկագրերը նշել:
Տնտեսվարողներն առաջարկում են վերացնել այդ պահանջը մինչեւ 115 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար: Գրիգորյանի կարծիքով՝ նախկին իշխանությունը այդ պահանջը դրեց իբրեւ թե ստվերի դեմ պայքարելու համար, սակայն, հեղափոխությունից հետո բացահայտվեց, թե ինչպես էին խոշոր առեւտրի կետերը շրջանցում այդ պահանջը եւ չէին էլ տպում իրացված բոլոր ապրանքների ծածկագրերը, հետեւաբար, ամբողջ շրջանառությունը ցույց չէին տալիս, ստվերում էին աշխատում:
Գրիգորյանի կարծիքով՝ լավ կլինի էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնի օրենսդրական փոփոխություն եւ սկսի այս խնդիրի կարգավորումը.«Էկոնոմիկայի նախարարությունն, իհարկե, պետք է հիմնավոր ապացույցներ ներկայացնի, որ այդ ծածկագրի պահանջն էական դեր չի խաղում բիզնեսի՝ ստվերից դուրս գալու համար:
Միշտ ասում եմ՝ բիզնեսն աճում է միայն ազատ պայմաններում, շատ խիստ վերահսկողության դեպքում կունենանք դեպի ստվեր միտված ՓՄՁ, ինչն ունեցել ենք մինչ այսօր, եւ դրա միակ պատճառ եմ համարում օրենսդրական դաշտի օլիգարխիային ծառայելու միտվածությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ