Լրագրողի հարցին, թե այսօրվա իշխանությունները իրեն ճնշե՞լ են, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը պատասխանեց. «Ես ինքս քննիչի, դատախազի որդի եմ: Իմ ուսանողը հրավիրում է զրույցի, սուրճ խմելու՝ դա համարվում է ճնշո՞ւմ: Դե հաշվեք՝ ճնշել է: Բայց չի ստացվել:
Վերջին վեց ամսում մեր մասին ինչ ասես գրում են՝ օրենքը մեզ արգելում է պատասխան տալ: Մեր վիճակն էլ բարդ է: Եկեք հարգենք իրար, մեղադրեք մեզ արած գործերի համար, ոչ թե մատից ծծած ենթադրաբարի: Սա պետական ինստիտուտ է: Մենք, կարող է, վաղը լինենք այստեղ, կամ չլինենք: Ինստիտուտը լինելու է:
Ես հպարտ եմ, որ իմ նախկին ուսանողներից մեկը ԱԺ նախագահն է, տասնյակ դեպուտատներ, նախարարներ, տեղակալներ ունեմ: Դատարանների մասին չեմ էլ խոսում: Ամբողջ վարչական դատարանում իմ ուսանողներն են:
Մենք պիտի հարգենք մեր արած գործը: Կրկնում եմ՝ ՍԴ շենքը չէ՝ ինստիտուտը հարգենք: Շատ բարի գործեր է արել նաեւ ՍԴ-ն: 1999 թվականին մեծամասնականի 13 դիմումներից յոթը բավարարվել է: Դա 50 տոկոսն է: Գնացեք՝ այդ դեպուտատներին ասեք, որ պարտվել՝ եկել եք Թոխյանի եւ նրա գործընկերների մոտ ու ստացել հաղթանակը» – ասաց Ֆելիքս Թոխյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերից հայտնի դարձավ, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը՝ մասնավորապես, Շիրակ Թորոսյանը, Սուրեն Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, նրա ուսանողներն են եղել: «Ուղղակի քաղաքական թիմ է: Մի բան ասեմ՝ հիշեք: Բարոյական նորմերն ամբողջ կյանքում միշտ ավելի բարձր են եղել, քան իրավականը»,-եզրափակեց ՍԴ անդամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ