Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ֆեյսբուքյան էջը Խորհրդային Միության «Պրավդա»-ն կամ «Իզվեստիա»-ն է հիշեցնում»․ քաղաքագետ

Փետրվար 18,2020 18:04

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ՀՀ Զինված ուժերում կատարվող պաշտոնանկություններին՝ կապված բանակում ոչ մարտական պայմաններում կորուստների հետ, կարծիք հայտնեց, որ դա հարցի լուծում չէ։

«Միայն պաշտոնանկություններով հարցը չի լուծվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պաշտոնանկ անելը Սերժ Սարգսյանի սխալ քաղաքականության շարունակությունն է, նա էլ էր սիրում պաշտոնանկություններով հարցեր լուծել, բայց իրականում հարցերը մնում էին, ու լճացումը շարունակվում էր։ Պաշտոնանկությունն ի՞նչ, այդ մարդը պաշտոնանկ է լինում, մյուսն է գալիս՝ մտածելով, որ եթե իր օրոք էլ սխալներ լինեն, ամենամեծ պատիժը, որին կարող է ենթարկվել , պաշտոնանկությունն է, ո՛չ, եկողը պիտի գիտակցի, որ ինքը պատասխանատու է ամեն մի զինվորի կյանքի համար»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ խորհուրդ է տալիս իր ֆեսբուքյան գրառումներով մեկ-մեկ էլ անդրադառնալ երկրում տիրող բացասական երևույթներին, չներկայացնել միայն լավը։

«Բանակում տիրող իրավիճակը նորություն չէ, որքան էլ պարոն Փաշինյանը բանակին վերաբերող իր գրառումներից մեկում հրճվում էր, որ ամենաքիչ կորուստները իբրև թե գրանցվել են 2019 թվականին, իհարկե, մեծ աղմուկ բարձրացավ և պարզվեց, որ դա այդպես չէր։ Ամեն դեպքում պարոն Փաշինյանը պիտի ուսումնասիրեր, թե անցած տարի ինչ էր տեղի ունենում ընդհանրապես։

Այս խնդիրը իր գագաթնակետին հասավ 2020 թվականի սկզբին, երբ որ մենք 43 օրվա մեջ 13 մարդ կորցրեցինք, որոնց մեծ մասը զոհվեց ոչ մարտական պայմաններում։ Եվ դրանում պետք է մեղավոր փնտրել բանակի բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք պարտավոր էին ամեն մի դեպքից հետո հետաքննություն սկսել և շատ օպերատիվորեն պարզել, թե ինչն է խնդիրը։ Այո, կարող է շատ դեպքերում իրենք հասարակությանը տեղյակ չպահեն այդ մասին, բայց իրենք լավ գիտեն, չէ՞, ինչ իրավիճակ է տիրում զորամասերում, իրենք պետք է այդ ամենը կանխեն ի սկզբանե, ոչ թե թույլ տան, որ զորամասերում ինչ-որ խնդիրներ ծագեն, նոր միայն զորամասի հրամանատարին պատժեն և այլն, և այլն։

Այս բարձրաստիճան պաշտոնյաները պարոն Փաշինյանի նշանակած անձինք են, նրանք փողոցից չեն եկել, ոչ էլ նախորդների նշանակածն են, ինքն է նշանակել նրանց, ինքն էլ պատասխանատու է։

Ի դեպ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ շատ ուրախ կլինեմ, որ պարոն Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ոճաբանությունը մի փոքր փոխի, այնպիսի տպավորություն է , որ դա Խորհրդային Միության «Իզվեստիա» և «Պրավդա» թերթերն են, ամեն ինչ շատ լավ է մեզ մոտ․․․ Մի փոքր էլ անդրադառնա այն խնդիրներին, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, միայն լավը չներկայացնի։ Ինքը՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և նախկին գլխավոր խմբագիր՝ վերլուծի ընդդիմադիր դիքերից, թե ինչ իրավիճակ է․ 45 օրվա մեջ 13 զոհը աղետ է մեզ համար»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829