Հայաստանյան մի շարք ցանցային ԶԼՄ-ների արգելափակումները Ռուսաստանի տարածքում շարունակվում են: Վերջին մի քանի ամսվա ընթացքում, բազմաթիվ օգտատերեր նկատել են, որ Ռուսաստանի տարածքում չեն բացվում հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ոչ միայն ռուսալեզու, այլ նաև հայալեզու կայքէջերը: Մի քանի օր առաջ, «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հետք» և «Արմդեյլի» լրատվամիջոցների և հայերեն, և ռուսերեն էջերը միաժամանակ, մեկ ժամ շարունակ, ակտիվ չեն եղել Ռուսաստանի ցանցային հարթակում:
Բացի դա, հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ պարբերաբար ծանուցում են ստանում ՌԴ «Ռոսկոմնադզոր» պետական գործակալության կողմից այն պահանջով, որ պետք է հեռացնել լրատվամիջոցի էլեկտրոնային տարբերակում զետեղված որևէ հոդված, քանզի այն խախտում է ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքի ինչ-ինչ կետեր, և եթե լրատվամիջոցը երեք աշխատանքային օրվա ընթացքում չի կատարում այդ պահանջը, «Ռոսկոմնադզոր»-ը արգելափակում է տվյալ լրատվամիջոցի կայքէջը Ռուսաստանի տարածքում, ինչպես մեկ տարի առաջ դա կիրառվեց «Առավոտ» առցանցի նկատմամբ (նշենք, որ անցած մեկ ամսում «Առավոտը» շուրջ տասնյակ ծանուցումներ է ստացել այդ կառույցից՝ մի գործչի վերաբերյալ տվյալներ հեռացնելու պահանջով.- խմբ.):
Այս չափազանց կարևոր խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով, մենք հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԳՆ և «Ռոսկոմնադզոր» գործակալության մամուլի ծառայություն:
Հարցին, թե արդյոք իրավասո՞ւ է «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակումներ կիրառել այլ պետությունում գրանցված և գործող լրատվամիջոցի վրա, գերատեսչության մամուլի ծառայությունը պատասխանել է, որ «Ռոսկոմնադզոր»-ը հանդիսանում է ենթակա մարմին և ՌԴ տարածքում արգելափակում է լրատվամիջոցների ցանցային կայքէջերը միայն դատարանի համապատասխան որոշումից հետո, եթե դատարանը հրապարակման մեջ արձանագրում է Ռուսաստանի Դաշնության որևէ օրենքի խախտում:
Կարդացեք նաև
Զավեշտն այն է, սակայն, որ ոչ մի հայկական լրատվամիջոց, որի հանդեպ կիրառվել է պատժամիջոց «Ռոսկոմնադզոր»-ի կողմից, տեղյակ չի եղել, որ իր գործով Ռուսաստանում դատ է ընթացել (եթե իհարկե ընթացել է) ու որոշում է կայացվել արգելափակման մասին: Ասվածի վառ ապացույցն այն է, որ մեկ տարի առաջ «Առավոտ» առցանցը արգելափակվել էր փետրվարի սկզբին, իսկ դատական նիստն այդ թեմայով, որը տեղի պետք է ունենար Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում, նշանակված էր միայն փետրվարի 26-ին: Այն ժամանակ «Առավոտ»-ի կայքէջի նկատմամբ արգելափակումը հանվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանի անմիջական միջամտությունից հետո միայն:
ՀՀ ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը մեզ ուղարկված իր պատասխանում նշում է, որ ՌԴ տարածքում հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ կիրառված պատժամիջոցների դեպքերը ՀՀ ԱԳՆ-ի կողմից կարգավորվել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով, սակայն, ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում մեր այն հարցին, թե արդյոք գերատեսչությունում տեղյա՞կ են, որ խնդիրը ներկայումս դեռ հրատապ է և եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այն լուծելու ուղղությամբ:
Քանի որ ԱԳՆ-ն հարցի լուծման պատասխանատվության մասով հղում է անում ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, ապա, թերևս տրամաբանական կլիներ, որ մենք դիմեինք հենց դեսպանություն, պարզելու համար՝ տեղյա՞կ են արդյոք վերջիններս, որ հայկական լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դեռևս շարունակվում է: Սակայն, բան այն է, որ մենք դա անել չենք կարող, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն մի նոր և տարօրինակ աշխատաոճ է որդեգրել և արգելում է ՀՀ դեսպանատներին պատասխանել հայաստանյան լրատվամիջոցների հարցումներին, այդ իսկ պատճառով չենք կարող ասել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ինչ մոտեցում ունի տվյալ խնդրի հետ կապված:
Ի՞նչ կերպ է արձագանքում կամ պատրաստվում արձագանքել ՀՀ ԱԳՆ նման դրսևորումներին և ՀՀ պատկան մարմինները կիրառու՞մ են արդյոք նման վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ՝ ռուսաստանյան ցանցային կամ դասական այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք հասանելի են հայաստանյան օգտատերերին հարցին, ՀՀ ԱԳՆ-ն իր պատասխանում նշել է, որ տվյալ գործառույթը չի մտնում ՀՀ ԱԳՆ իրավասությունների մեջ:
Տարօրինակ է, որ ՀՀ ԱԳՆ-ն վերաբերմունք չունի նշված խնդրի վերաբերյալ, քանզի օրինակ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը և անձամբ խոսնակ Մարիա Զախարովան ակտիվ հակազդեցություն են ցուցաբերում նման հարցերում: Մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, վերջինս իր ճեպազրույցներից մեկը յուրատեսակ ակցիայի էր վերածել: Ներկա բոլոր լրագրողներին բաժանվել էին դեղին բաճկոններ՝ ի նշան աջակցության Էստոնիայում գործող ռուսական «Սպուտնիկ» գործակալության, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում տեղում: Ինչևէ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ տվյալ թեմայի վերաբերյալ գոյություն ունի գործող փաստաթուղթ՝ «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», որը կնքվել է 2000 թվականին և բաղկացած է 15 կետից:
Այդ փաստաթղթում մանրամասն ներկայացված է երկու երկրների միջև տեղեկատվական համագործակցության սկզբունքները և մասնավորապես 2-րդ և 10-րդ կետերում ասվում է, որ կողմերից յուրաքանչյուրը կնպաստի տեղեկատվության անկաշկանդ փոխանակմանը իր պետության տարածքում, չի խոչընդոտի իր պետության տարածքում մյուս Կողմի գրանցված և օրինականորեն գործող զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի տարածմանը, եթե դրանք չեն հակասում տվյալ երկրի օրենսդրությանը: Կողմերը այդ համաձայնագրով պարտավորվում են նաև ապահովել բարենպաստ պայմաններ՝ ազգային լեզուներով աշխատող խմբագրությունների գործունեության համար համաձայնագրի կողմեր հանդիսացող երկրի տարածքներում:
Ստացվում է, որ վաղուց մշակվել ու ներդրվել են և այս պահին էլ գործում են համապատասխան օրենսդրական նորմեր, համաձայնագրեր ու պայմանագրեր՝ կոնկրետ օրինակ տվյալ հարցը կարգավորելու համար: Միայն թե պետք է հասկանալ, թե ՀՀ պատկան մարմիններից ո՞ւմ պատասխանատվության տակ է գտնվում և ո՞վ պետք է զբաղվի այս խնդրի կարգավորմամբ, եթե ԱԳՆ-ն այն իր գործառույթներից դուրս է համարում: Իսկ խնդիրը կարգավորել հնարավոր է, քանզի այն միտումնավոր իրականացվող քաղաքականություն չի և ընդամենը թողտվության հետևանք է:
Եվ պետք է հիշել հայտնի ճշմարտությունը՝ եթե դու չես զբաղվում քո պետության ինֆորմացիոն քաղաքականությամբ, ապա դրանով սկսում է զբաղվել է մեկ այլ պետություն:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ