Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:
Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, Արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և վերահաստատել Հայաստանի կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է Նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ և ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկել նշված ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղված մի շարք հարցերի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն