Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորը Ջանջուղազյանին հարցրեց թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու իրենց խոստումից, հանրության արյունալի սպասումներից՝ հիշեցնելով, որ ինքը նախկին կառավարության անդամ է եղել

Փետրվար 18,2020 16:08

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարց ուղղեց. «Երկար ժամանակ խոսվել է այն մասին, որ արտաքին պարտքը, պետական պարտքը ոչ արդյունավետ է օգտագործվել, նպատակային-ոչ նպատակային: Հեղափոխությունից հետո իշխանությունները քննադատում են, որ նախկինների ժամանակ մենք ունեցել ենք թալանված տնտեսություն, ներգրաված անարդյունավետ պետական պարտք, եղել են ծրագրեր, որոնք նպատակային չեն եղել: Ես ակնկալում եմ ոչ թե նեղ մասնագիտական պատասխան, այլ՝ զուտ քաղաքական: Հանրությանը կուզենամ պատասխանեք՝ սպասումը մենք չենք ձեւակերպել, որ լինի արյունալի, այլ՝ այն հայտարարությունները, որոնք արվել են իշխանության կողմից, հանրությունը սպասում է, որ այն գումարները, որոնք թալանվել են մեր տնտեսությունից, վերադարձվեն պետբյուջե կոպեկ առ կոպեկ: Ինչ-որ տեղ արդարացի է, որ հանրության մոտ ձեւավորվի սպասում, որ հատուցումը լինի նաեւ արյունալի: Խնդրում եմ պատասխանեք՝ վերջին հաշվով ՀՀ-ի կողմից ներգրավված պետական պարտքն արդյունավե՞տ է օգտագործվել, նպատակայի՞ն է եղել ու դուք ձեր գնահատականների մեջ նաեւ հաշվի առեք այն հանգամանքը, որ նախկինում կառավարությունում այս ոլորտում իրականացրել եք քաղաքականություն ու վերահսկողություն»:

Ջանջուղազյանը պատասխանեց. «7 մլրդ դոլարանոց եւ հարյուրավոր ծրագրերից բաղկացած պարտքի վերաբերյալ դուք պատկերացնում եք, որ հնարավոր է մեկ ցուցանիշով դատողությո՞ւն անել: Ես կարծում եմ, որ հնարավոր չի: Հնարավոր է առանձին-առանձին դրանցից յուրաքանչյուրը փորձաքննության ենթարկել եւ փորձաքննության արդյունքներով որոշում կայացնել, թե որն ինչ չափի արդյունավետություն է ունեցել: Բոլոր ծրագրերն ունեն արդյունավետ լինելու ռիսկը, ինչո՞վ է պայմանավորված տարանջատումը՝ դա հարկերի միջոցո՞վ է առաջացել, թե՞ պետական պարտքի: Եթե դեպքեր կան, որտեղ կան անարդյունավետ, չհիմնավորված, օրենքի խախտմամբ կատարված ծախսեր, որոնք վերականգնման ենթակա են, պետք է վերականգնվի: Որքանով դա պետք է լինի արյունալի, ես կարծում եմ, մենք ապրում ենք իրավական պետության մեջ եւ հետեւաբար ամեն ինչը, նույնիսկ այդ վերականգնելը պետք է լինի օրենսդրության սահմանված կարգով: Իսկ ձեր այն դիտարկմանը, որ ես նախկինում էլ եմ աշխատել, այո՛, ինչպես տեսնում եք, ես երեկ չեմ ծնվել եւ հետեւաբար կարող էի նախկինում էլ աշխատած լինել, դա տրամաբանական է: Այնքան էլ հասկանալի չէ, թե դուք ինչ էիք ուզում հուշել, թե ես ինչպես պետք է պատասխանեմ»:

Արթուր Գրիգորյանը արձագանքեց. «Ես չէի էլ կասկածում ձեր հմտությունների վրա, որ դուք կտաք հենց այն պատասխանը, ինչ մենք հենց հիմա լսեցինք: Բայց, ամեն դեպքում, համաձայն եք, չէ՞ այն մտքի հետ, որ հանրությանն այսօր քիչ է հետաքրքրում, թե պետական պարտքի կառավարման ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվում, ռիսկային է, ռիսկային չէ: Մենք 7 մլրդ դոլարի չափ պետական պարտք ունենալով հանդերձ, 2019-ին ունեցել ենք ոչ զարգացող տնտեսություն, ունեցել ենք բավականին լուրջ թերություններ, ծանր տնտեսական վիճակ: ՀՀ-ում դեռեւս չկա այն երազած կամ այն ցանկալի տնտեսական իրավիճակը: Պետական պարտքը ներգրավելով հանդերձ՝ մենք չենք ստեղծել մեր երազած ՀՀ տնտեսությունը»:

Ջանջուղազյանն արձագանքեց, որ այնպես չէ, թե մենք 2019-ին չենք ունեցել զարգացող տնտեսություն, երբ անհամադրելի աճի ցուցանիշ է արձանագրվել. «7 մլրդ-ը, իհարկե, շատ տպավորիչ թիվ է, բայց հաշվի առեք, որ դա 1992-ից ձեւավորված ցուցանիշ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829