Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նազիկ Ամիրյանի մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթերն անընթեռնելի են». պաշտպան

Փետրվար 18,2020 15:56

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց. Ամիրյանը թեեւ ներկայացել էր, բայց վատառողջ էր:

Նրա պաշտպանները, բացի այդ հիմքով նիստը հետաձգելու միջնորդությունից, դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն փաստի վրա, որ քրեական գործերի նյութերի մի մասն անընթեռնելի են:

Մեղադրող դատախազ Վաչե Դոլմազյանը նաեւ այս հիմքով նիստը հետաձգելու միջնորդության դեմ առարկեց՝ ասելով, որ պաշտպանները կարող էին մինչեւ այդ բարձրաձայնել, որ փաստաթղթերն անընթեռնելի են, կամ մինչեւ այսօրվա դատական նիստը փորձեին ծանոթանալ դրանց բնօրինակներին (նյութերը պատճենահանվել են Մանվել Գրիգորյանի գործի հատորներից):

https://www.facebook.com/aravot.am/videos/578454559418216/

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, որ Նազիկ Ամիրյանի պաշտպանները ցանկացած աշխատանքային ժամի կարող են ներկայանալ դատարան եւ ծանոթանալ նյութերին: Նիստը հետաձգվեց Նազիկ Ամիրյանի առողջական վիճակի հիմքով միայն:

Լրագրողների հետ զրույցում Նազիկ Ամիրյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը պարզաբանեց՝ երբ Մանվել Գրիգորյանի գործից անջատվել է Նազիկ Ամիրյանի գործը, պաշտպանական կողմը սկսել է ծանոթանալ գործի նյութերին եւ արձանագրել է՝ այն ապացույցները, որոնք դրված են Նազիկ Ամիրյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, անընթեռնելի են:

https://www.facebook.com/aravot.am/videos/608832903008633/

«Վերացական դատողություններով արդարադատություն չեն իրականացնում: Հիմա զերծ կմնամ պետական մարմնի անփութությանն ուղղել սլաքները, պարզապես կարձանագրեմ, որ մեզ պետք է տրամադրվեն քրեական գործի նյութերը՝ պատշաճ տեսքով: Մի քանի հարյուր էջանոց փաստաթղթերի մասին է: Հետաքրքիր է, որ նորմալ վիճակում են այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են դատավարական գործողություններին, իսկ ահա վկայի ցուցմունքը կամ այլ ակտեր, որոնց հիման վրա վարույթն իրականացնող մարմինը եզրահանգել է, որ անձը քրեորեն հետապնդելի արարք է կատարել, անընթեռնելի են»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829