Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով»

Փետրվար 18,2020 15:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները և արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ: Հիմնական նպատակն է՝ ձևավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը: Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման և հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին:

Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարևորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետևյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես և այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան: Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ է պետք անել՝ այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար: Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից և ընդհանրապես որևէ տեղից չի գողանում, և ոչ միայն կառավարությունը, այլև ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերևից ներքև: Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, և եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն և կպատժվեն:

Երկրորդը պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումն է, այսինքն՝ մենք պետք է ամեն տարի համոզենք մեր քաղաքացիներին, որ իրենց վճարած գումարները ծախսում ենք նպատակային, արդյունավետ և ճիշտ՝ ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով: Կարծում եմ՝ այսօր դրա համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմանները ստեղծվել են 2019 թ. արդյունքներով, որ մենք պետք է ապահովենք նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»:

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայացված հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, և այն քննարկելիս, լրամշակելիս պետք է խնդիրները դիտարկել երկարաժամկետ լուծումների, ինչպես նաև մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման կտրվածքով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829