ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ երեւանյան բուժկենտրոններից մեկում, սակայն նրա հիվանդություններն ավելացել եւ վատթարացել են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Հայաստանում նրա հիվանդությունները հնարավոր չէ բուժել, բուժկենտրոնները չեն կարող»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը:
Հարցին՝ «պատրաստվո՞ւմ եք նորից դատարանին միջնորդել, որ Մանվել Գրիգորյանը բուժվի արտերկրում, քանի որ նման միջնորդությունն արդեն մեկ անգամ մերժվեց», պաշտպանը բացասական պատասխան տվեց:
«Դա վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանի պարտավորությունն է: Ակնկալում ենք, որ այնպես, ինչպես մեղադրող կողմը միջնորդեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխել, այնպես էլ այս դեպքում կմիջնորդի թույլատրել բուժումն անմիջապես արտերկրում կազմակերպել՝ հարազատների միջոցներով: Այլապես արձանագրում ենք Գրիգորյանի հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգման փաստը»,-եզրափակեց Լեւոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրողի միջնորդությամբ վերջերս ազատվեց կալանքից:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/608832903008633/
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ