Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական մշակույթը բանակում է, դա պետք է սպաներին՝ իրավիճակը վերահսկելու համար. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին

Փետրվար 18,2020 15:30

«Քանի դեռ մեզ կերակրում են ստատիստիկաներով, մեծ թվերի բացահայտումներով, միմյանց մեդալներ ու «պագոններ» բաժանելով, սա է լինելու մեր վիճակը, մենք չպետք է խաղաղ պայմաններում ինքնասպան լինող զինվոր ունենանք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ, որի թեման խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերն էին, ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: Այսօր իշխանությունների՝ բանակում իրականացրած գործողությունները, տիկին Կարապետյանցը շատ ուշացած է համարում՝ հատկապես, որ դրանք իրավիճակային լուծումներ են. «Այն, որ բանակում եղել է վատ, դա պարզ է եղել տասնյակ տարիներ, որքան էլ որ չընդունեն: Փաստ է, որ ամեն տարի ունենում ենք զգալի թվով մահեր բանակում, որոնց մի մասը տեղի են ունենում շատ անհասկանալի պայմաններում եւ դրանք կանխելու որեւէ ռեալ գործողություն մենք չենք տեսնում»:

Իրավապաշտպանի խոսքով, վարչապետ Փաշինյանը հիմնվում է այն պաշտոնատար անձանց տեղեկությունների վրա, որոնք նրան մատուցվում են, սակայն նա պետք է հաշվի առնի՝ թե ինչ եւ ովքեր են իրեն այդ հարցերը զեկուցում: Նա վարչապետին կոչ է անում նաեւ իրավապաշտպանների ներկայացրած խնդիրներին էլ ականջալուր լինել. «Այսքան տարի բանակի հետ աշխատող իրավապաշտպան կազմակերպություններ կան, բայց մի անգամ նրանց հետ քննարկում չկազմակերպվեց, այլընտրանքային տեսակետ չլսեցին, հո բոլորը մանիպուլյատորնե՞ր չեն: Գործեր ունենք, որոնց համար տասը տարի է՝ կռիվ ենք տալիս եւ կա զրո արդյունք, որովհետեւ չի աշխատում քննիչը, վերահսկող դատախազը, այն դատարանները, որտեղ մենք կարող ենք բողոքարկել»: Ըստ Նինա Կարապետյանցի, փաստաբանները, իրավապաշտպանները չունեն որեւէ մեխանիզմ արդարության հասնելու, այդ գործերը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու:

Տիկին Կարապետյանցը գտնում է, որ 18 տարեկան երեխան, եթե նույնիսկ քրեական մշակույթ կրող է, չի կարող այն տանել բանակ, եթե այնտեղ այդ մշակույթը դիմադրության հանդիպի: Նրա կարծիքով, հենց բանակի սպաներին է ձեռնտու, որ այդ քրեական մշակույթը բանակում լինի եւ դրանով իրենք կառավարելի դարձնեն իրադրությունը, ուստի նախ՝ պետք է հենց բանակում արմատախիլ անել այդ մշակույթը:

Քննարկմանը ներկա իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ Ռազմական ոստիկանությունում տիրող իրավիճակին, նշելով, որ Ռազմական ոստիկանությունը մի տեղ է, որտեղ «երեխաներին տանում՝ լցնում են եւ ինչ ցուցմունք ուզեն՝ կորզում են» եւ այդ ցուցմունքներն էլ դրվում են մեղադրանքների հիմքում. «Ուզում են ինքնասպանություն են դնում, չեն ուզում՝ չեն դնում: Հենց այս ոճն է եղել»,-ասաց տիկին Ալեքսանյանը:

Ազգային ժողովն ու վերահսկողական այլ կառույցներ, տիկին Ալեքսանյանի խոսքով, խորությամբ չեն պատկերացնում՝ ի՞նչ է կատարվում բանակում, ինչպե՞ս են տեղի ունենում հանցագործությունները, ինչպե՞ս են քննվում գործերը. «Մինչեւ հիմա գործերը կոծկվում են, մինչեւ հիմա պաշտպանության նախարարը ոչ մի բառ չի ուզում ասել Ստեփանակերտի «էլիտար» զորամասի մասին, հերքում են՝ այդպիսի բան չկա: Բայց մինչեւ չբացվեն, մինչեւ ներսից չխոսեն, այդ կառույցները չեն առողջանա»:

ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը, սակայն, համամիտ չէ իրավապաշտպանների պնդումներին, թե գործերը չեն բացահայտվում ու կոծկվում են, բայց եւ չի բացառում, որ բանակում խնդիրներ կան. «Թեկուզ մեկ զինվորի կյանքը բոլորիս համար ցավ է, եւ գաղտնիք չէ, որ բանակում խնդիրներ ունենք, բնականաբար, այդ դեպքերը արդյունք են որոշակի խնդիրների ու բացթողումների»:

Պերճ Այվազյանը չի կիսում այն տեսակետը, որ քրեական մշակույթը բանակում է, եւ դրա կրողը սպայական կազմն է. «Նույն զինվորները, սպաները հասարակության մշակույթի կրողն են: Ասում ենք՝ մեր երեխաներին նորմալ դաստիարակում՝ ուղարկում ենք բանակ, ես, մյուսը, երրորդը, բոլորն էլ իրենց երեխաներին նորմալ դաստիարակում են, բայց մոռանում ենք միջավայրի, շրջապատի ազդեցությունը նույն՝ Վազգեն Սարգսյանն ավարտող սպան, որը 21 տարեկանում նշանակվում է դասակի հրամանատար, նույն սպան նույն հասարակության մշակույթի կրողն է, նույն ընտանիքից է դուրս եկել իսկ արդյոք սպային վատ դաստիարակություն են տվել: Եվ նման տարանջատում դնել, որ միայն բանակի հետ է կապված, այդպես չէ»:

Ըստ պարոն Այվազյանի, նույն այդ քրեական մշակույթը, որքան էլ թաքցնենք, տեղ ունի. «Անգամ այն երեխան, որ համալսարանի կամ դպրոցական նստարանից գնում է բանակ, փոփոխությունն ակնհայտ է: Զգում ենք՝ 6 ամիս մեկ տարի հետո, նրա մոտ լրիվ այլ մտածելակերպ է ձեւավորվում, դա այդ մշակույթի ազդեցությունն է: Եվ կապել միայն սպաների հետ՝ ճիշտ չէ»:

Նա նաեւ հավելեց, որ գործերը կոծկող, թաքցնող քննիչներն իրենց շարքերում տեղ չունեն. «Նման բան լինելու դեպքում, նրանք գործից կհեռացվեն, պատասխանատվության կենթարկվեն եւ հենց այդ քննիչներն են, որ գնում՝ դառնում են իրավապաշտպաններ ու հասարակությանը մոլորության մեջ են գցում: Քննիչը ինքնուրույն մարմին է, դատավարական սուբյեկտ է, յուրաքանչյուր քննիչ առաջին հերթին պետք է իր խղճի առաջ պատասխան տա: Ղեկավարը կարող է փոխվել, բայց քննիչը մնում է եւ իր գործունեության հետ պետք է միշտ զուգահեռներ անցկացնի»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829