Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան. «Շատ մեծ հիմարություն է, որը արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար»

Փետրվար 18,2020 15:15

«Այս հակաիրավական, հակասահմանադրական, հակապետական գործընթացին անձամբ ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ»,- այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ինքը ինչ-որ կերպ աջակցի սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի շտաբին:

Ի դեպ, Լեւոն Քոչարյանն այն կարծիքին չէ, որ «Ոչ»-ի շտաբում գտնվող մարդիկ կամ շտաբի համակարգող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ռոբերտ Քոչարյանին սատարողներն են: Նա հիշեցնում է, որ երեք անգամ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել, որ Ռուբեն Մելիքյանը երբեք չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության միջոցառումներին:

Լեւոն Քոչարյանի կարծիքով՝ «Ի սկզբանե սա շատ մեծ հիմարություն է, որը արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար»: Լրագրողի հակադարձմանը, թե իշխանությունները պնդում են, որ խնդիրը ոչ թե իրենցից կախված ՍԴ անդամներ ունենալն է, այլ այն, որ ՍԴ-ն ներկայիս կազմով կախված է նախկին իշխանություններից, Լեւոն Քոչարյանն արձագանքեց. «Դե իրենք շատ բան կարող են ասել: Իրենք ամեն կերպ ուզում են արդարացնել, ինչ-որ իրավական հիմք տալ իրենց այս ապօրինի գործողություններին եւ հիմնականում ամեն անգամ շեշտելով, որ դա ժողովրդի պահանջն է: Դա բացարձակ սուտ է: Եվ դուք շատ լավ հասկանում եք, որ ժողովուրդը նման պահանջ չունի»: Լեւոն Քոչարյանի գնահատմամբ՝ ժողովրդի մեծամասնությունն անգամ չգիտի ՍԴ-ի գործառույթները, ՍԴ դատավորների գործառույթերը, եւ դա նորմալ է, քանի որ «ժողովրդին հուզում է կամերաների հարցը, բալային համակարգը» եւ նման այլ հարցեր, որոնց մասին իշխանությանը չի հետաքրքրում ժողովրդի ցանկությունը:

Լեւոն Քոչարյանի գնահատմամբ՝ սահմանադրական հանրաքվեի գործընթացում ամեն ինչ շատ պարզ է, քանի որ մինչ այժմ իշխանությանը ինչ հարց պետք է եղել լուծել՝ վերագրել են ժողովրդին:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ արդյոք քաղաքական հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի կամ աջակիցների հետ հանդիպումներ ունեցել է եւ քաղաքական համագործակցության առաջարկներ արե՞լ է: Լեւոն Քոչարյանը հիշեցրեց նմանատիպ հարցին նախկինում իր տված պատասխանները՝ ինքը դժվարությամբ է պատկերացնում նման համագործակցությունը, համենայնդեպս, այս պահին նման խմորումներ չկան:

Լեւոն Քոչարյանը իր իսկ քաղաքական ակտիվության մասին հարցին էլ պատասխանեց, որ այդ մասով էլ նախկինում իր հայտարարությունները դեռեւս ուժի մեջ են, նոր նախաձեռնություններ ինքը չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829