Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք. ԳՇ պետը՝ սպաներին պատժելու տաբուների, բանակում արտոնյալների եւ ՌՈ պետի մասին

Փետրվար 18,2020 14:55

Այսօր Ազգային ժողովում ԳՇ պետ Արտակ Դավթյանը պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին՝ բանակում որպես վերջին օրերի դեպքերի մեղավոր, սլաքներն ուղղվում են ռազմական ոստիկանության պետին, դուք, որպես ԳՇ պետ, ի՞նչ կասեք, ի՞նչ գործառույթ ունի ռազմական ոստիկանության պետը՝ կանխարգելման հարցում եւ ինչպե՞ս կգնահատեք Արթուր Բաղդասարյանի աշխատանքը, որովհետեւ աղմկահարույց հրապարակումեր կան նրա հետ կապված՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ռազմական ոստիկանությունը չի ենթարկվում ԳՇ-ին ու գնահատական ռազմական ոստիկանության պետի աշխատանքին ես չեմ տալու: Մենք համագործակցում ենք ՌՈ-ի հետ, ռազմական ոստիկանության վարչության պետի հետ կապված էլ նույնն է: Դա ԳՇ պետի իրավասության ներքո չի»:

Դիտարկմանը՝ չնայած ասում են, որ բանակում արտոնյալներ չպետք է լինեն, բայց վերջին դեպքերը վկայում են այն, որ կան, ԳՇ պետը պատասխանեց. «Այո, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, հաշվառումներ ունենք ե՛ւ օպերատիվ ճանապարհով ստացած, ե՛ւ զորամասում աշխատողներ: Թե կոնկրետ ինչ աշխատանքներ են տարվում, հանձնաժողովում մանրամասնվեց որոշ դեպքեր, չեմ ուզում ներկայացնել այն ռազմավարությունը, որը տանում ենք»:

Հարցին՝ այդպես էլ չենք հասկանում՝ ոչ մարտական գործողություններից, խաղաղ պայմաններում զոհերի պատճառները որո՞նք են, գոնե դուք, ձեր կառույցն իր առջեւ խնդիր դրե՞լ է, որ այլեւս զոհեր չունենանք՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Այդ 13 զոհերի դեպքերի 8-ի պատճառը մենք հստակ գիտենք, 4-ը հիվանդության հետ է կապված, 4-ը՝ դժբախտ պատահարի: Մնացած ուղղություններով, որոնք վերաբերում են ինքնասպանության հասցնելուն, կամ այլ պատճառներով զոհերի հետ կապված՝ բոլոր դեպքերի առնչությամբ քրեական գործեր կան»: ԳՇ պետն ասաց, որ բացի սպաներին պատժելուց, շրջաբերականներ են պատրաստում՝ ծնող պատճառների, հանգամանքների վերաբերյալ, որ դասեր քաղեն ու նման դեպքերը բացառեն:

ԳՇ պետին նաեւ հարցրեցին՝ իրավապահները խոսում են այն մասին, որ բանակում նոր դեպքեր են լինում, քանի որ երբ սպանության, ինքնասպանության դեպքեր են լինում, իրական մեղավորները չեն պատժվում, բանակում կա՞ն տաբուներ, որ հրամանատարական կազմը չպիտի պատասխանատվության ենթարկվի, դուք հրաժարվե՞լ եք նախկին գործելաոճից՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Նախկինում էլ չի եղել նման գործելաոճ, հիմա էլ: Եթե հանցագործություն է կատարել որեւէ սպա կամ հրամանատար անձ, կոծկելը առաջին հերթին ձեռնտու չի բանակին: Նույն հաջողությամբ վաղը ինքը երկրորդն էլ, երրորդն էլ կգործի: Կոծկել ես չեմ իմանում, եթե կան փաստեր, խնդրում եմ, տրամադրենք իրավապահ մարմիններին, զբաղվենք: Ես քննչական գործողության հետ կապված չեմ կարող որեւէ բան պատասխանել: Ցանկացած դեպքում, անգամ եթե քրգործով ապացուցվել է, բայց ծնողը կարող է չընդունել, ես դա չեմ կարող մեկնաբանել: Դա քրգործի շրջանակներում իրականացված արդյունքներն են: Համապատասխան պաշտոնատար անձինք ընդգրկվում են վկայի, մեղադրյալի կամ այլ կարգավիճակում: Տաբուներ չկան միանշանակ»:

Արտակ Դավթյանը նաեւ ուշագրավ տվյալ հրապարակեց: Պարզվում է, բանակում ինքնասպանությունների մտահոգիչ դեպքերը, որ ունենք, կարող էր անհամեմատ ավելի շատ լինել, 2019-ի հունիսից մինչեւ հիմա կանխվել է ինքնասպանության 8 դեպք, որի համար խրախուսվել են սպայական կազմի անդամները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829