Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առաջացել է 1936թ. Ստալինի կամքով. Զեյնալ Իբրահիմով

Փետրվար 18,2020 14:31

Ադրբեջանցի հրապարակախոս, գրող Զեյնալ Իբրահիմովը, որն այժմ բնակվում է արտասահմանում, Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային բանավեճին:

Նախևառաջ, ադրբեջանցի գրողն անօգուտ է համարում նման ձևաչափով քննարկումը. գրողի կարծիքով՝ տարածքային վեճերը նման ձևով լուծում չեն ստանում:

Անդրադառնալով Խոջալուի վերաբերյալ հայտարարություններին՝ Իբրահիմովը գրել է. «Խոջալուի վերաբերյալ փաստարկները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությունների վրա, որը վախկոտի պես հետո հրաժարվել է դրանցից, նույնիսկ ծիծաղելի չեն, այլ ամոթալի, քանի որ նա վախենում է ազատազրկումից և ցանկանում է հանգիստ ապրել, ուստի ինչ ասես «կերգի»»:

Ինչ վերաբերում է խաղաղ ապրելու Ալիևի կոչերին, ապա Զեյնալովի խոսքով՝ Սաֆարովի հերոսացումից և պետական մակարդակով հակահայ հիստերիայի պայմաններում նման հայտարարությունները դասական երեսպաշտության օրինակ են, որին չեն դիմել անգամ նացիստները:

Զեյնալովը կարծում է, որ ծիծաղելի է քննարկել անգամ, թե բոլշևիկները երբ և ինչ են փոխանցել, և եթե Ադրբեջանի նախագահն իրեն համարում է բոլշևիկների և նրանց կողմից կայացված որոշումների աջակից, ինչու չի հիշում, որ հենց բոլշևիկների կամքով Ադրբեջանի տարածքը ստացավ հանրապետության կարգավիճակ, ինչի շնորհիվ էլ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձավ անկախ երկիր: «Ինչու է Ալիևը մոռանում, որ հենց «ժողովուրդների հոր»՝ Ստալինի կամքով (այստեղ վիճելու բան չկա, քանի որ տվյալ դեպքում Իոսիֆ Վիսարիոնովիչը իրականում հոր դեր խաղաց՝ ստեղծելով մինչ այդ գոյություն չունեցող ժողովուրդ) 1936թ. ի հայտ եկավ ադրբեջանցի անվանումը: Եթե Ալիևի «անվիճելի պատմական փաստերը» առ այն, որ Հարավային Կովկասի տարածքում հայեր իբրև թե գոյություն չեն ունեցել, իջեցնենք քաղաքականությունից անտեղյակ մարդկանց մակարդակին, որոնք գաղափար չունեն՝ ով է Տիգրան Մեծը կամ այլ պատմական պերսոնաժներ, անգամ նրանց մոտ հարց կառաջանա՝ ինչպես է Հայաստան անունը կրող տարածքը հայտնվել քարտեզների վրա, որոնք այժմ զարդարում են Հռոմի ամենանշանավոր վայրերից մեկը»:

Նշենք, որ Զեյնալ Իբրահիմովի «Aliyev & Co: 35 նամակ որդուս» գիրքը թարգմանվել է անգլերեն: Գիրքը պատմում է, թե ինչ դերակատարում է ունեցել Հեյդար Ալիևը Ադրբեջանում 1988-1993 թվականների իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտության սաղմնավորումից, վերջացրած նրա իշխանության գալով։ Գրքում ներկայացված են նաև Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերի տեսարաններ, ինչպես նաեւ բացահայտվում է Խոջալու քաղաքում ողբերգական իրադարձությունների ենթատեքստը։

Գիրքը ռուսերեն լույս էր տեսել 2018թ. սկզբին՝ առաջացնելով ադրբեջանական իշխանությունների թշնամական և ագրեսիվ արձագանքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829