Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում զոհերի հետ կապված ունենք սպայական կազմի ե՛ւ պաշտոնից հեռացումներ, ե՛ւ զորացրումներ, կարգապահական տույժեր. ԳՇ պետ

Փետրվար 18,2020 14:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում ԳՇ պետ Արտակ Դավթյանը փակ հանդիպում ունեցավ պատգամավորների հետ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում:

Նիստից հետո լրագրողները Արտակ Դավթյանին հարցրեցին՝ պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Հրաժարական չեմ պատրաստվում տալ»: Հարցին՝ 13 զոհերից կոնկրետ մեկ օրինակ կարո՞ղ եք բերել, որ Դուք, որպես ԶՈՒ հրամանատար գնացել եք՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին, ինչի՞ հետեւանք է եղել, ի՞նչ խնդիրներ են առաջացել, որ զինվորները նման ճակատագրի են արժանացել՝ Արտակ Դավթյանը պատասխանեց, որ 13 դեպքից 4–ը հիվանդության պատճառով են ու ամեն անգամ դա շահարկում են. «4-ը դժբախտ պատահարի արդյունքով է եղել: Այո, ես եղել եմ, զոհերի ե՛ւ թաղման ժամանակ եմ մասնակցել, ե՛ւ զորամասերում եմ եղել, պարբերաբար էլ լինում եմ, դրանից չեմ խորշում»:

Հարցին՝ ի վերջո ո՞վ է պատասխանատվություն կրելու այսքան զոհի համար եւ կա՞ն մարդիկ, որոնք պատրաստվում են պատասխանատվություն կրել՝ հրամանատարական կազմից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ դուք խոսեցիք դժբախտ պատահարների մասին, իսկ մնացած դեպքերն ի՞նչ պատճառով են եղել, արդյոք քրեական ենթամշակույթի տարրեր կա՞ն այդտեղ, ինչպես վարչապետն է նշում՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Նախ, պատասխանատվության վերաբերյալ. մենք ունենք օրենք եւ օրենքի առջեւ հավասար են բոլորը: Մեղավորը կորոշվի դատարանի վճռով, այնպես որ նշանակել պատասխանատուներ որեւէ դեպքի հետ կապված գտնում եմ ոչ ճիշտ: Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրության խախտումով դեպքերին, այո, բոլոր դեպքերի հետ կապված կլինի ծառայողական քննություն, անցկացվում են, ծառայողական քննության արդյունքներով ունենք սպայական կազմի ե՛ւ պաշտոնից հեռացումներ, ե՛ւ զորացրումներ, կարգապահական տույժերի բոլոր գամմայով ունենք: Ունենք նաեւ խրախուսում, որ կանխել են ինքնասպանությունը, դա նույնպես ծառայողական քննության արդյունքներով կա: Մենք ունեցել ենք գնդապետի մահ՝ հիվանդության պատճառով, 93-ից ծառայող էր, ո՞ւմ պիտի մենք պատասխանատվության ենթարկենք, 1-2 տարի հիվանդ էր, փորձում էինք ամեն տեղ բուժել՝ իմանալով, որ մահանալու է եւ մահացավ: Իսկ սպանության մասով Քրեական օրենսգրքով քննություններ են ընթանում»:

Իսկ ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթին, Արտակ Դավթյանն ասաց. «Դրա պատասխանը պետք է տրվի քրեական գործի շրջանակներում: Ընդհանուր այն, ինչ մենք պատկերացնում ենք, էլեմենտներ, իհարկե, կան հասարակության մեջ: Չի կարող հասարակության մեջ լինել, բանակում չլինել: Իհարկե, կան ու կոնկրետ միջոցառումներ կան: Բավականին շատ աշխատելու դաշտ իհարկե ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829