Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Շահբազյանը` Հովհաննես Գալստյանին. «Չեմ ցանկանում ցածրամակարդակ փոխհրաձգության մեջ մտնել իր «տաք տեղը» կորցրած մարդու հետ»

Փետրվար 18,2020 14:46

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում քննադատել էր ԿԳՄՍ նախարարությանը եւ նշել, թե այն դրամաշնորհ է հատկացրել «գոյություն չունեցող միջոցառման պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրին»։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  դրամաշնորհ է հատկացրել Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնին «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի ռեժիսորի մասնակցության ծրագրին։ Աշխարհում պաշտոնապես գրանցված է 4 հազարից ավելի, այսպես կոչված, կինոփառատոն։ 99%-ը անիմաստ «տուսովկաներ» են… Միայն 1%-ն է, որ պաշտոնապես ճանաչվում է FIAPF-ի՝ կինոփառատոները դասակարգող կառույցի կողմից…

ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է հաստատել ոչ թե կինոփառատոնի մասնակցության, այլ ԿԱՊԱՆԻՑ ավելի քիչ բնակչություն ունեցող ֆրանսիական մի գյուղաքաղաքում ֆիլմի ցուցադրությանը կինոռեժիսորի մասնակցության համար, ինչը ոչ մի կերպ չի բխում ՀՀ պետական բյուջեի «մասնակցություն կինոփառատոներին և կինոշուկաներին» կետից»,- գրել է նա ու շեշտել, որ Մոնտելիմարի պաշտոնական կայքում փետրվարին փառատոն անցկացնելու մասին ոչինչ չկա:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանից:

«Եթե նկատել եք, ֆեյսբուքյան գրառումներ մեկնաբանելու սովորություն չունեմ: Ծանր մասնագիտություն ունեմ, ֆեյսբուքում հաշիվ չունեմ էլ: Բայց երեկ երեկոյան ինձ զանգահարել էին Կապանի մեր հայրենակիցները և վրդովված՝ հայհոյանքներ էին տեղում իրենց քամահրած իմ ոչ բարով գործընկերոջը: Ես, իհարկե, չեմ բարձրաձայնի այդ հայհոյանքները, բայց իմ բարի խորհուրդը ստատուսագիր Հովհաննես Գալստյանին՝ չերևալ Կապանի կողմերում:

Իսկ հիմա փորձեմ ձեր հարցին պատասխանել: Սա նույնպես ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություն չէ, այլ հաշվետվություն քաղաքացիներին: Այո, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ես մեկնում եմ Ֆրանսիա՝ Մոնտելիմար քաղաքում փետրվարի 21-ին կազմակերպվելիք միջոցառմանը: Ցուցադրվելու է «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային լիամետրաժ ֆիլմը (Հայաստան- Ֆրանսիա-Ռուսաստան համարտադրություն) և տեղի է ունենալու հանդիպում-քննարկում:

Մոնտելիմարի փառատոնի կազմակերպիչ «Գիրը՝ էկրանին» ասոցիացիան և «Հայկական մշակույթի հիշատակություն» ասոցիացիան տարվա կինոմիջոցառումների ծրագիրը սկսել են հայկական կինոյով: Ֆիլմի ֆրանսիական կողմի պրոդյուսեր Կորյուն Ափիկյանին և ինձ ընդունում և ֆիլմի շնորհանդեսը կատարում են «Գիրը՝ էկրանին» փառատոնի նախագահ Ալեն Չուքարտը և գեղարվեստական ​​ղեկավար Վանեսսա Լոստ-Չուքարտը:

Ես անկեղծորեն, վատ եմ զգում ոչ միայն ոմն ստասուսագրի կողմից մեր կապանցիներին՝ որպես ստորադաս հանդիսատես օրինակ բերելու համար, այլև մեր միջազգային կոլեգաներին անվանարկելու համար՝ որպես Ճ կլասի միջոցառումների կազմակերպիչ: Ավելորդ և անհամեստ եմ համարում սրանից ավելի անդրադառնալ իմ ֆիլմին և ինձ: Մոնտելիմարի միջոցառման մասին հավաստող փաստաթղթերը առկա են:

Առավել ևս, չեմ ցանկանում ցածրամակարդակ փոխհրաձգության մեջ մտնել նոր իրավիճակում իր «տաք տեղը» և գլուխը կորցրած մարդու հետ, որը կինոկերակրատաշտի օգտատիրոջ հնարավորությունը կորցնելուց հետո վեր է ածվել ֆեյսբուքյան օգտատերի:

Եթե անդրադառնայի, կխոսեի անցած տարիներին մեզ բոլորիս հայտնի «օրենքներով» գործող համակարգում հարմարավետ տեղավորված մարդու մասին, որը նոր իրավիճակում հայտնվել է ճաղավանդակում: Չէի ցանկանա իմ դաշտից որևէ մեկին տեսել իրական ճաղերի հետևում, մասնագիտական պատվի հարց է: Բայց, ցավոք, այս ռեժիսորը նույնիսկ մամուլին հայտնի տվյալներով, «Մետամորֆոզներ» ֆիլմի համար հատկացված 93 միլիոն դրամ մսխելու կասկածանքով հայտնվեց իրավապահ համակարգի ուշադրության տակ և նրա կինոփրոդաքշընը այսօր չի ֆինանսավորվում ոչ թե կողմնապահության կամ նման այլ բաների, այլ պարզապես կոռուպցիոն կարուսելի վրա անցած տարիներին շատ երկար զվարճանալու համար:

Եթե անդրադառնայի, կխոսեի, թե ինչպես նախորդ համակարգում Հոլանդիա-Շվեյցարիա-Գերմանիա-Հայաստան համարտադրության «Չնչիկ» ֆիլմը տասը տարի ծանր ճանապարհ անցավ հայաստանյան փտած համակարգում: Հենց այն պատճառով, որ ֆիլմարտադրության գումարները զոհաբերվում էին մի քանի մարդու «ա լա կինո» խրախճանքին: Այդ խրախճանքին հիմա չեն մասնակցում մշակույթի նախարարներն ու փոխնախարարները, միգուցե այդ պատճառով էլ արժանանում են հիստերիկ ամբաստանությունների:  Իսկ կինոկենտրոնում վերջապես դրամաշնորհային բաց, թափանցիկ մրցույթներ են ընթանում:

Ես լիահույս եմ, որ այսօր փոփոխություններ կան ոչ միայն գործադիրում, այլև դատաիրավական համակարգում: Առանց այն էլ անհասկանալի է, թե դատախազության վարույթում գտնվող «պրոդաքշընը» ինչպես սողոսկեց Հանրային հեռուստաընկերություն և ևս մեկ անգամ՝ պետության մյուս գրպանից, աջակցություն ստացավ և տապալած կինոնախագիծը վերածեց սերիալի, որի որակի մասին կարող եք հարցնել ոչ ինձնից:

Չեմ ուզում այս մեկնաբանությամբ անդրադառնալ կինոյի արատավոր նախկին մշակույթին, սա խորքային խոսակցության թեմա է: Հարցրեք ցանկացած կինոմասնագետի՝ եթե կինոգործիչը ֆիլմ է արտադրում փափագելով և հենվելով միայն պետության փողի վրա/ եթե անգամ չի մսխում այն/, ապա մենք գործ ունենք կամ սովետական մուրճն ու մանգաղը գլխում լռված մարդու, կամ խարդավանքների սիրահար, պարզունակ ոչ պրոֆեսիոնալի հետ»,-ասաց Արամ Շահբազյանը:

Կինոռեժիսորին հարցրինք՝ Մոնտելիմարից վերադառնալուց հետո կխոսի՞ կինոյի խորքային խնդիրներից, նա դրական պատասխան տվեց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները եւ հրավիրող կողմի նամակը տրամադրել է Արամ Շահբազյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստինե Մ. says:

    Իրար ծախելու փորձեր…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829