Այսօր ԱԺ-ում լրագրողները ԳՇ պետ Արտակ Դավթյանին հարցրեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց կադրային հարցերի մասին, արդյոք դրանք պաշտոնանկությունների մասի՞ն են, երեկվա խորհրդակցությունից հետո պաշտոնանկությունների որոշումնե՞ր են կայացվել, մամուլը գրում է ռազմական ոստիկանության պետի եւ Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականների մասին, որ արդեն դիմումները կան, այդ որոշումներն արդեն կայացվա՞ծ են՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Պաշտոնանկություններ կլինեն, որի մասին կլինեն պաշտոնական հրամանագրեր: Իսկ Արցախի ՊՆ նախարարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չի, դա Արցախի նախարարի խնդիրն է: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, պատրաստ ենք կատարել: Այո, կլինեն, դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»:
Հարցրեցին՝ երեկ խորհրդակցությունից հետո դուք հայտարարություն էիք տարածել, որտեղ բացթողումները շտկելու, ամեն ինչ անելու մասին էիք ասել, որպեսզի դեպքերը չկրկնվեն, ի՞նչ բացթողումներ են եղել, որ 1,5 ամսվա ընթացքում 13 մահվան դեպքեր են եղել հայկական բանակում՝ ԳՇ պետը պատասխանեց, որ կատարված, կատարվող եւ պլանավորվող միջոցառումների վերաբերյալ չէր ցանկանա խոսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ