Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն
1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշևիկյան պլանների և նկրտումների:
Զանգեզուրի հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայկական պետականության կազմում և փրկվեց հայ քաղաքական ու մտավորական դասի այն հատվածը, առանց որի աշխարհասփյուռ հայությունը կկորցներ իր ազգային ինքնությունն ու հարաբերական ամբողջականությունը:
Եթե Փետրվարյան ապստամբության և Լեռնահայաստանի հերոսամարտի ոգին ու վճռական մենակի հոգեբանությունը լինեին 1-ին Հանրապետության հիմքում, և բոլշևիկյան վարակն այդ հիմքով արմատախիլ արվեր, ապա անկախությունը չէինք կորցնի և միանգամայն ուրիշ Հայաստան ու տարածաշրջան կունենայինք:
Կարդացեք նաև
Այդ դեպքում այսօր՝ տարածաշրջանի վերաձևման ներկայիս փուլում, կմտածեինք ոչ թե գոյատևելու, այլ Հայրենիքի մնացյալ մասին վերատիրանալու և տարածաշրջանային տերություն դառնալու մասին:
Ինչևէ, մեկ դար հետ ենք ընկել բնապատմական ընթացքից և դարձյալ ստիպված ենք ազգադավ ու կեղեքիչ բոլշևիկության մեղքով առաջացած գոյութենական մարտահրավերներ հաղթահարել:
Ուստի այսօր ևս կանգնած ենք բոլշևիկյան վարակն արմատախիլ անելու և իրապես անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ:
Առաջնորդվելով այդ հրամայականով, Փետրվարյան ապստամբության ժառանգորդի՝ Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը կատարեց իր նվազագույն առաջադրանքը՝ կանխելով մերօրյա բոլշևիկների ձեռքով Արցախը և ՀՀ անկախությունը հանձնելու դավաճանական ընթացքը:
Իսկ 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ վերջապես տապալվեց նեոբոլշևիկյան ռեժիմը և հնարավորություն առաջացավ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալու մեր 100-ամյա անցյալին, մաքրվելու բոլշևիկյան վարակից և 1-ին Հանրապետության իրավահաջորդության ստանձնմամբ ավարտին հասցնելու Արցախի հարցի դե յուրե լուծումն ու ձեռնամուխ լինելու Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերակերտմանը:
Մինչդեռ համաժողովրդական ընդվզումը գլխավորած քաղաքական ուժը ցավալիորեն չի գիտակցում իր առաքելությունը, ավելին՝ մնում է որպես բոլշևիկյան մնացորդային համակարգի գերի ու սպասարկու՝ ձախողման ռեալ վտանգի ենթարկելով ազգի և պետականության ապագան:
Սասնա Ծռեր համահայկական շարժումը վերահաստատում է իր համոզմունքը, որ գալիք 100-ամյա ժամանակահատվածում պատմության փոսի մեջ հայտնվելուց խուսափելու և վերելքի 100-ամյակ մտնելու համար Փետրվարյան ապստամբության հետնորդ մեր արժանապատիվ ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության և համախմբման:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն