Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կրկին սկսել է վատանալ։ Որքան էլ շատերին գուցե դուր գա կամ չգա, բայց դա տեղի է ունեցել իշխանափոխությանը հաջորդող շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բռնեց տնտեսական հեղափոխության ճանապարհը։ Մինչ այդ արտաքին առևտրի ոլորտում մեր երկրի դիրքերը հասցրել էին նույնիսկ որոշ չափով բարելավվել։ Դրանք շարունակում էին բարելավվել նաև «հեղափոխությունից» անմիջապես առաջ։ Խոսքը 2018թ. սկզբի մասին է։ Սակայն «հեղափոխությունը» կանգնեցրեց այդ ընթացքը։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բավական կտրուկ վատացավ նախ 2018թ., ապա շարունակեց վատանալ նաև անցած տարի։
Մինչհեղափոխական Հայաստանում արտահանման և ներմուծման տարբերությունը հասնում էր 1,8 անգամի։ Նախորդ 2 տարում այն բավականաչափ կրճատվել էր արտահանման առաջանցիկ աճի արդյունքում։
Նոր Հայաստանում այդ պրոցեսը ոչ միայն կանգ առավ, այլև վերսկսեց հետընթաց արձանագրել։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրկին խորացել է։ Հիմա արդեն արտահանումը ոչ թե 1,8, այլ՝ գրեթե 2,1 անգամով է զիջում ներմուծմանը։ Եթե 2017թ. արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմում էր 1 մլրդ 860 մլն դոլար, ապա անցած տարի կազմել է 2 մլրդ 874 մլն դոլար։ Այլ կերպ ասած, արտաքին առևտրի հաշվեկշիռը 2 տարում խորացել է առնվազն ևս 1 մլրդ դոլարով։ Դա տեղի է ունեցել արտահանման դիմաց ներմուծման առաջանցիկ աճի հաշվին։
Անցած տարի արտահանումը Հայաստանից ավելացել է։ Արձանագրվեց արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումների 9,4 տոկոս աճ, ինչը համարժեք է 228 մլն դոլարի։ Դրա փոխարեն ներմուծումն ավելացել է 10,8%-ով կամ 538 միլիոնով։ Ահա սա էլ դարձել է արտաքին առևտրի վատացման պատճառը։
Կարդացեք նաև
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ներմուծման, այլ արտահանման առաջանցիկ աճ։ Այն, ինչ ունենք վերջին 2 տարիներին՝ ամենևին էլ տնտեսության օգտին չէ։ Դրա հետևանքով թուլանում է տնտեսության ու ֆինանսական հատվածի դիմադրողականությունն արտաքին հնարավոր ցնցումների նկատմամբ։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում