Երեւանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ՝ բնակչության շրջանում հայտնի Օղակաձեւ այգում, օրեր առաջ տեխնիկա է աշխատել։ Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա տեղեկություն ունի, որ այդ տարածքում թափոնների վայր է հիմնվում։
Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին շտապեցին տեղեկացնել, որ այդ տարածքում վտանգավոր թափոնների թափման վայր չի նախատեսվում հիմնել, այլ աղբի տեսակավորման կետ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Նման աղբի տեսակավորման կետեր արդեն կան Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա- Սեբաստիայում։ Նման հավաքակետեր գործելու են բոլոր 12 վարչական շրջաններում։ Ձեր նշած տարածքում էլ, ինչպես ավագանու վերջին նիստի ժամանակ նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, աղբի տեսակավորման կետ է աշխատելու։ Ի դեպ, դա նոր չի կառուցվում, նախկինում էլ այդ տարածքը օգտագործել է Կենտրոնի կանաչապատման կազմակերպությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքապետարանն առաջին անգամ լրջորեն սկսել է զբաղվել աղբի տեսակավորման խնդրով։ Անցած սեպտեմբերին Դավթաշենից մեկնարկել է ստվարաթղթի տեսակավորման եւ վերամշակման գործընթացը, հետագայում նաեւ այլ կոմպոնենտների տեսակավորում եւ վերամշակում է իրագործվելու»։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորաստեղծ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար նշանակվել է Արմեն Բեգոյանը, որը նախկինում եղել է քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը։ Քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով, եւ, ըստ որոշ տեղեկությունների, Բեգոյանը Մարությանների ընտանիքի մտերիմն է։
Բայց սա դեռ ամենը չէ. այս օրերին տեսակետ է շրջանառվում այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանում աղբի տեսակավորման կետի կառուցման վայր ընտրվել է հենց Օղակաձեւ այգու այդ հատվածը, քանի որ այն մոտ է քաղաքապետի բնակավայրին, եւ քաղաքապետի կինը կարող է ավելի հաճախ լինել այդտեղ։ Սակայն այս տեղեկությունը քաղաքապետի մամուլի խոսնակը որակեց զվարճալի բամբասանք. «Ինչ վերաբերում է, առհասարակ, քաղաքապետի տիկնոջ մասնակցությանը այս հարցին, եթե հիշում եք, քաղաքապետն էլ վերջին բրիֆինգին ասաց, որ Իվա Մարությանը իր ընկերների հետ միասին հասարակական հիմունքներով աջակցում է աղբի տեսակավորման գործընթացին Երեւանում, մասնավորապես՝ նրա ջանքերով Եվրամիությունը ընդհանուր 5,3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է մեկնարկել Արեւելյան Եվրոպայի երեք մայրաքաղաքներում՝ Երեւան, Վարշավա, Տիրանա։ Դրամաշնորհի «առյուծի բաժինը»՝ շուրջ 4 միլիոն եվրո, ներդրվելու է Երեւանում կոշտ թափոնների կառավարման համակարգի ստեղծման գործի մեջ; Տիկին Մարությանը, ի դեպ, մասնագիտությամբ հանրային առողջապահության եւ հիգիենայի մասնագետ է»։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում