Հայաստան «Իգլա» զինատեսակ ապօրինի փոխադրելու եւ փողերի լվացման համար մեղադրվող Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստում այսօր լսվում են մեղադրյալների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել «Իգլա» տեսակի զենքը ՀՀ ներկրելու եւ փողերի լվացման դրվագներով ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը, ուստի գործը քննվում է նորից:
Գործով Սամվել Բաբայանից բացի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Արմեն Պողոսյանի (համարվում է Բաբայանի ընկերներից) եւ Հրաչյա Մայիլյանի միջեւ հեռախոսազրույցներում հնչում են այդ թվում հետեւյալ արտահայտությունները:
-Հիմա էլ Վրաստանից են կապիկություն անում, ասում, որ ռեալիզացնելու տեղ պտի ունենաս: Ասում ա՝ պտի ասեն, որ իրավունք ունեն օգտագործելու, ինչ մոմենտ ա չեմ ջոկում:
Կարդացեք նաև
-Եթե Վրաստանում վեկալեց, քանի՞ օր կարա պահի:
-Չեմ իմանում:
-35…էտի իրանց ասած գինն ա:
-Ապեր ստացել ես նկարները, նայեցի՞ր:
-Էսօր կարո՞ւմ ենք էթանք տենանք քո ասած տրուբեն…
-Իրա ասածը չի լինում, ախպեր: Ասեցի, որ դրանից ունեմ:
-Քո գրած տված մոդելինը կլինի, եթե քեզ ուրիշ մոդել ա պետք, տենց ասա:
-Չէ, հենց գրած-տվածն ա:
-Էթամ Երեւան, գամ, նոր տենա՞նք: Հա:
-5000 մանեթը թող վեկալի իրա ձեռը, թող դնի իրա մոտը, չկա հիմա մարդու մոտը: Մենակ գալ նայելու համար 5000 դոլար ո՞վ ա տալի»:
Հիշեցնենք՝ այս գործից անջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը, որին Բաբայանն ու ընկերներն ԱԱԾ գործակալ են համարում, հայտարարել էր, որ Գոշա անունով անձի միջոցով Վրաստանից գտել է պահանջվող զենքը, սակայն երբ գնորդը հրաժարվել է Հայաստանում այն ձեռք բերել, հայտնել է իրավապահներին:
Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, որն այս գործով մեղադրյալ է, գործի առաջին դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ինքն է ցանկացել «Իգլա» ձեռք բերել՝ բանակին նվիրելու նպատակով, եւ զենքի լուսանկարները ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ խորհրդատվության համար, Բաբայանն էլ ասել է, որ պակասող մեխանիզմ կա, ինչի պատճառով Գաբրիելյանը հրաժարվել է գնել «Իգլան»:
Սամվել Բաբայանն էլ հաստատել է, որ «Իգլա»-ի լուսանկարները նայել է խորհուրդ տալու նպատակով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ քրեական հետապնդումը պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ, պնդում, որ Վրաստանից ,«Իգլա» չի էլ բերվել, այլ ի սկզբանե նման զենք եղել է Էջմիածնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Այս դատաքննությունը տեսանկարահանելու հնարավորությունը ԶԼՄ-ների համար սահմանափակ է. դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ՝ նիստը կարելի է տեսագրել առաջին 10 րոպեն միայն)