Լրահոս
Օրվա լրահոսը

Քողազերծված ծուղակ եւ Մադրիդյան սկզբունքների թաղումը

Փետրվար 18,2020 22:00

Հրապարակային եւ աղմկոտ դեբատները Մյունխենում վերջին օրերին դարձան հայկական հասարակության քննարկման առարկա, եւ խայտաբղետ գնահատականների պակաս չկար։ Ի տարբերություն ադրբեջանական հասարակության, որտեղ «առաջնորդը միշտ ճիշտ է, իսկ եթե ճիշտ չէ՝ տե՛ս կետ առաջին», բացի դրանից, «առաջնորդն ամենաիմաստունն է» ապրիորի, Հայաստանում եւ հայկական Սփյուռքում հանդիպեցինք գնահատականների լայն սպեկտրի, սկսած «ջախջախիչ հաղթանակից» մինչեւ «ջախջախիչ պարտություն», ընդ որում՝ վերջինը գերակշռում էր «նախկինների» մեկնաբանություններում, դարձնելով նրանց ադրբեջանական պրոպագանդայի «աստղեր» եւ արժանանալով իրենց կայքերի «թոփերի»։

Դրա հետ մեկտեղ, պակաս չկար տարբեր խորհուրդների, թե ինչ պետք է եւս ասեր եւ ինչ պետք է չասեր, ինչպես պետք է ասեր կամ չասեր Հայաստանի վարչապետը։ Իհարկե, Հայաստանը եւ հայկական հասարակությունը երբեք էլ «բետոնապատ» չի եղել, եւ դա հենց այն է, ինչը տարբերել եւ տարբերում է մեզ մեր արեւելյան հարեւաններից, եւ դա գաղտնիք չէ։ Եվ կարելի է հասկանալ որոշ մարդկանց ափսոսանքը, թե ինչո՞ւ չասվեց այս կամ այն իրադարձության մասին, չբերվեց այս կամ այն փաստը կամ փաստարկը եւ այլն, մինչդեռ տեղի ունեցածի ժանրի կանոնները չեն ենթադրում, որ դրանից հետո պետք է տեղի ունենային ինչ-որ ճեղքումներ, կամ դրանից հետո աշխարհում տեղի էին ունենալու շեշտակի փոփոխություններ այս կամ այն կողմ։ Պարզապես կողմերին առաջարկվել էր հրապարակայնորեն դիրքորոշում հայտնել, հիմնավորել այդ դիրքորոշումը, նաեւ վիճարկել դիմացինին, քանզի դրա հնարավորությունն էլ էր բացված, եւ կողմերն առաջին անգամ եկել էին համաձայնության։ Եվ որ մեկ ակադեմիական ժամի կամ ֆուտբոլային մեկ թայմի ընթացքում հնարավոր էր լինելու իմացած, ցանկացած կամ պատկերացրած ամեն ինչն արտահայտել, ապա, բնականաբար, դա այդպես չէ։

Այնուամենայնիվ, կողմերն ազատ էին իրենց մտքերը ներկայացնելու միջազգային լսարանին, եւ խնդիրն այդքանով կարող են լուծված համարել։ Եվ ավելի կարեւոր են հետեւությունները՝ «նստվածքը», որը մնաց դրանից հետո, չնայած, այստեղ էլ չկա որեւէ նոր բան։

Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր հարեւանը զբաղված է «կացինը սրելով» եւ հարմար պահ փնտրելով այն գործածելու համար, իսկ ջարդարարությունը մնում է գլխավոր «հոգեւոր արժեքը», եւ այստեղ որեւէ իլյուզիա չկա եւ չի կարող լինել։

Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ դեպքերի պատճառա-հետեւանքային կապերը վերհանելու առումով մեր հարեւանը լուրջ խնդիրներ ունի, բացի նրանից, որ իրականությունը կեղծելը եւ «լապշան» իր ներքին լսարանին բաշխելը մնում է իշխող ընտանիքի լեգիտիության ապահովման գլխավոր գործիքը։

Իսկ Մյունխենյան արարն ավարտվեց երկու կարեւոր դրվագով, որից միայն մեկն էր, որ տեղի ունեցավ բեմի վրա, բանավեճի վերջում, երբ Կրեմլին մոտ կանգնած ռուսական «Կոմերսանտ» պարբերականի «միամիտ-անշահախնդիր» լրագրողը «կառուցողական» հարց-առաջարկություն բարձրաձայնեց, թե ինչպե՞ս կարելի է «մի միջանկյալ որոշում գտնել», կարգավիճակի հարցը թողնել ապագային, իսկ այժմ «տարածքների, փախստականների խնդիր լուծել»։

Ադրբեջանի նախագահն իսկույն արձագանքեց. գովաբանեց «ռուսական պլանը», հայտնեց, որ իրենք «լրջորեն քննարկել են եւ եզրակացրել, որ հարցը պետք լուծել փուլերով», որից հետո սկսեց թվարկել, թե ուրիշ ինչ պետք է անեն հայերը, եւ որ այո՛, «կարգավիճակի հարցին մենք դեռ պատրաստ չենք, մինչեւ տարածքների հարցը չլուծվի, դրանք չվերաբնակեցվեց, Հայաստանի հետ հարաբերությունները չնորմալանան» եւ այլն։

Քողազերծված ծուղակն այլեւս ծուղակ չէ, եւ վարչապետ Փաշինյանն այն ուղղակի շրջանցեց հենց տեղում, բացատրելով, որ դա ձե՛զ համար է «տարածք», մեզ համար այն անվտանգություն է, որը զիջելու միտք չունի ոչ ոք։ Այնուհետեւ խոսքը գնաց Դուշանբեի պայմանավորվածությունների՝ զինադադարի ամրապնդման եւ ուղիղ կապի հաստատման մասին։

Իսկ երկրորդ դրվագը տեղի ունեցավ արդեն ուշ գիշերով, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վեց թեզ եւ դրանք վերնագրեց որպես «Մյունխենյան սկզբունքներ»։ Դրանք առանցքային են, քանզի հետայսու հանդիսանալու են Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումների հիմքը, եւ արժե այն մեջբերել ամբողջությամբ.

  1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
  2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
  3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
  4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
  5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
  6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։

Ի՞նչ է սա, եթե ոչ դիրքորոշում այն անհասկանալի մտահղացումների վերաբերյալ, որոնք կոչվում են «Մադրիդյան սկզբունքներ», եւ դրա մուտացիայի արդյունքի, որը կոչվում է «Լավրովի պլան»։ Փաշինյանը եւ նրա կառավարությունն այլեւս մերժում են այդ «Մադրիդյան սկզբունքների» փիլիսոփայությունը, որն Ադրբեջանը միշտ է մերժել դե ֆակտո եւ ի հաստատումն մերժման՝ 2016-ին սանձազերծել Քառօրյա պատերազմ։ Փաշինյանը եւ նրա կառավարությունը հրապարակայնացրել են կարմիր գծերը, անվանելով այն «Մյունխենյան սկզբունքներ», եւ այդ կարմիր գծերով խաչ քաշել Լավրովի պլան կոչված անբարոյականության վրա, որքան էլ որ Ալիեւի եւ Պուտինի ռեժիմներն իրար «պասեր տալով» փորձեն օդանցքից այն մտցնել տարբեր հարթակներ։

Մյունխենյան «շոուի» գլխավոր հետեւանքն էլ թերեւս դա էր, ինչը նոր էջ է բացում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Եվ մե՛ր ուզածով է լինելու, այլ ոչ թե նրանց, քանզի թափված արյունը՝ ջուր չէ, հայրենիքն էլ առեւտրի առարկա չէ, իսկ կոռուպցիայով եւ բռնության սպառնալիքով ներծծված ռուսական կամ ադրբեջանական «փափուկ բարձերի» արժեքը վաղուց գիտենք, որ զրո է։ Գնում ենք առաջ, մինչեւ Չարի վերջը եւ անփառունակ վախճանը։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Նախ՝ Արցախ չէ, Արցախի Հանրապետություն է։ Հետո՝ ինչի՞ց ելնելով եք ենթադրում, որ Մյունխենյան 6 սկզբունքները անպայման պիտի դառնան նաև Արցախի Հանրապետության դիրքորոշումների հիմքը։ Ո՞վ է դա ասել։ ԼՂՀ-ում ոչ մեկը, հավատացեք, նստած չի մտածում՝ բա հարցը ոնց լուծեմ, որ ադրբեջանցիներն ինձանից գոհ մնան։ Եթե գոհ չեն, դա իրենց պրոբլեմն է։ Շատ կներեք, հաղթելու համար գուցե նաև ներողությու՞ն խնդրի Ադրբեջանից՝ իրեն անհարմարություն պատճառելու համար։ Հետո՝ լավ կլինի, ամեն մեկը իր անունից խոսի։ Արցախի Հանրապետությունում ոչ մեկը դեռ ոչ մեկին չի լիազորել իր անունից հանդես գալ։ Դա կարող է անել միայն ժողովրդի կողմից ընտրված նախագահը, այն էլ՝ պիտի գիտակցի, որ քաղաքականությունը անցողիկ բան է, իսկ ինքը իր ընտանիքով շարունակելու է ապրել Արցախի Հանրապետությունում։

Պատասխանել