Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Արցախի խնդրի պես բարդության աստիճան ունեցող հարցերին չի կարելի մոտենալ առանց խորությամբ տիրապետելու խնդրի բոլոր շերտերին եւ նրբերանգներին». «Ժողովուրդ»

Փետրվար 18,2020 12:28

Հարցազրույց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:

– Ադրբեջանի նախագահը իրավական փաստարկներ էր անվերջ բերում։ Մենք այս մասով անհանգստանալու առիթ ունե՞նք։

– Անհանգստանալու կամ, ավելի ճիշտ, զգոն լինելու կարիք մենք միշտ ունենք։

Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանի, այսպես կոչված, իրավական փաստարկները ամենալավը աշխատում են ոչ թե իրավական հարթությունում, այլ քաղաքական շրջանակներում եւ հատկապես այն պայմաններում, երբ չեն հանդիպում պատրաստված հակափաստարկների։

Բերեմ մեկ օրինակ. մյունխենյան բանավեճի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Արցախի բանակի 80 տոկոսը կազմված է Հայաստանի քաղաքացիներից։ Այս պնդմանը մենք առնչվում ենք դեռեւս 2006 թվականից, երբ Եվրոպական դատարանը սկսեց Չիրագովի գործի քննությունը։ Հայկական իրավական թիմի աշխատանքի շնորհիվ՝ նման մերկապարանոց պնդումները Ադրբեջանը ավելի քան տասը տարի տեւած դատաքննության ընթացքում այդպես էլ հնարավորություն չունեցավ ապացուցելու, եւ դա է պատճառը, որ Չիրագովի գործով Եվրոպական դատարանը Հայաստանի իրավազորությունը ճանաչել է՝ ոչ թե զորքի առկայության, այլ Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող տնտեսական, քաղաքական եւ այլ տեսակի օգնության հիմքով։ Այսինքն՝ միջազգային դատարանով հաստատվեց փաստը, որ Արցախի բանակի 80 տոկոսը ՀՀ քաղաքացիներից չի կազմված։ Ասածս հետեւյալն է. Արցախյան հիմնախնդրին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերին խորությամբ տիրապետելու եւ դրանք ճիշտ կիրառելու դեպքում հստակ է դառնում, որ Ադրբեջանի կողմից ներկայացվող իրավական փաստարկների գերակշիռ մեծամասնությունը ուղղակի սնանկ է։

– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Արցախյան հարցի կարգավորման գործընթացում։

– Միակ բանը, որ կուզենայի նշել, դա այն է, որ Արցախի խնդրի պես բարդության աստիճան ունեցող հարցերին չի կարելի մոտենալ առանց խորությամբ տիրապետելու խնդրի բոլոր շերտերին եւ նրբերանգներին։ Ամփոփեմ. Հայաստանը չունի եւ երբեք չի ունեցել Ադրբեջանի դեմ իրավական ջախջախիչ փաստարկների պակաս։ Իմ համոզմամբ՝ խնդիրը այլ տեղ է. պետք է համապատասխան մասնագետների օգնությամբ տիրապետել Արցախյան խնդրի իրավական կողմին վերաբերող երբեմն բարդ եւ խճճված փաստարկներին եւ դրանց պատմությանը եւ կարողանալ դրանք ճիշտ օգտագործել քաղաքական բանակցությունների ընթացքում։ Եվ սա չի վերաբերում միայն իրավաբանությանը։ Վստահ եմ, որ եթե հարցնելու լինեք, օրինակ, պատմաբաններին, նրանք նույնը կասեն՝ պետք է խորությամբ տիրապետել պատմական փաստերին եւ կարողանալ դրանք ճիշտ օգտագործել քաղաքական բանակցություններում։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829