Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած հերքումներին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ 2019-ին բանակում արձանագրված մահվան դեպքերի «պատմական մինիմում» ենք ունեցել

Փետրվար 18,2020 10:44

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:

Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:

Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք:

Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»:

Մինչդեռ հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները պարբերաբար ամփոփող «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ավելի վաղ «պատմական մինիմումի» վերաբերյալ համանման պնդման առնչությամբ ճշտել  էր. «2013-ին բոլոր պատճառներով (!) ավելի քիչ զոհ է եղել, քան 2019-ին։ Համենայն դեպս հանրությանը հայտնի թվերի մասին է խոսքը։ Եթե այլ տեղեկություն կա, որը ժամանակին թաքցվել է հանրությունից, ապա պետք է սկզբում հրապարակել բոլոր կորուստների թիվը բոլոր տարիների, հետո նոր հայտարարություններ անել»:

Նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որ 2010 թվականից ներկայացնում է ՀՀ և Արցախի /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տարեկան տեղեկանքներ՝ անդրադարձ էր կատարել վարչապետի նշած «պատմական մինիմում»-ին. «Տեղեկանքում հստակ ներկայացված է 2010-2019 թթ.-ի զինված ուժերում մահացությունների թվական պատկերը: Ըստ այդմ՝ 2019 թ.-ի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաև 2011, 2013, 2014 թվականներին: Հիշեցնենք՝ տարեկան տեղեկանքների նյութերը հավաքագրվում են զանգվածային լրատվամիջոցներից, պաշտոնական աղբյուրներից, ինչպես նաև պաշտոնական կառույցներից՝ ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն և ՀՀ քննչական կոմիտե,  տարածված տեղեկություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829