Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ գործ կա անելու

Փետրվար 18,2020 10:00

Երբ 20 տարեկան ես, 60 տարեկանը թվում է այնպիսի խորը ծերություն, որ անգամ զարմանում ես, թե ինչի՞ համար են մարդիկ այդքան երկար ապրում: Երբ 40 տարեկան ես, մտածում ես, որ հասել ես կյանքիդ կեսին, բայց վատ չէր լինի քիչ թե շատ առողջ հասնես 60 տարեկանին եւ հանգիստ գնաս թոշակի: Երբ 60 տարեկան ես… հասկանում ես, որ կյանքդ նոր է սկսվում, եւ դեռ այնքան սովորելու, հայտնագործելու եւ ասելու բան կա, որ եւս 60 տարին էլ չի հերիքի: Համենայնդեպս, ինձ համար այդպես է:

Լրագրությունը, որով ես «հիմնովին» զբաղվում եմ վերջին 30 տարիների ընթացքում (առաջին փորձերս արել եմ 1983 թվականից), հրաշալի զբաղմունք է: Օրական մեկ հոդված այստեղ՝ խմբագրի սյունակում, եւ երկու հեռուստատեսային հարցազրույց. ամենօրյա այս ռեժիմը, որով ես վերջին ժամանակներս ապրում եմ, հրաշալի հնարավորություն է ստեղծում կյանքն ու մարդկանց ուսումնասիրելու, տարբեր ոլորտներին առնչվող թեմաներին պատրաստվելու, կարդալու համար:

Իմ գործը ես անում եմ սիրով, իսկ այսպես կոչված «քաղաքականությունը» (X-ը լավն է, Y-ը՝ վատը), քարոզչությունը, խարդավանքներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Աշխատանքի բերումով ես, իհարկե, դրանց հետեւում եմ, բայց այնքանով, որքանով դա պետք է հաղորդումը կամ հոդվածը պատրաստելու համար: Այդ «աղբային» տեղեկատվությունը, ճիշտն ասած, մի ականջիս մեջ մտնում է, մյուսով դուրս է գալիս: Ընթերցողներս ու հեռուստադիտողներս դրա մասին շատ արագ մոռանում են, ես ինչո՞ւ պիտի հիշեմ:

Երբեմն մարդիկ հարցնում են, իսկ «ֆեյսբուքահայերը» հաճախ անգամ պնդում են, որ ես ինչ-որ մեկին համակրում եմ, մեկ ուրիշին՝ հակակրում: Ինչ-որ մի ճամբարում ինձ պատկերացնելը գուցե մարդկանց համար ավելի դյուրին է դարձնում իմ տեքստերը հասկանալը: Բայց ես կարծում եմ, որ լրագրողն իրավունք չունի իր «հերոսներին» համակրելու կամ հակակրելու: Լրագրողի եւ քաղաքական (ու ոչ միայն քաղաքական) գործչի միջեւ տարածությունը չպիտի լինի այնքան մոտիկ, որ նրանք սերտաճեն, կամ այնքան հեռու, որ բարեւելու եւ հարցազրույց վերցնելու տեղ չմնա:

Այն, ինչ անվանում են «քաղաքական հայացքներ», ես պարզապես չունեմ: Փոխարենն ունեմ այն, ինչ կարելի է, գուցե ոչ այնքան ճշգրիտ եզրույթով, անվանել «արժեքային հայացքներ»: Իմ աշխատանքով ես փորձում եմ քարոզել ազատական (կամ, որն ինձ համար նույնն է՝ քրիստոնեական) արժեքները՝ հանդուրժողականություն, ներողամտություն, բազմազանություն, լայնախոհություն, կամքի ազատություն, փոխադարձ սեր ու հարգանք: Երեւի համաձայնեք, որ այս առումով Հայաստանում անելու շատ բան կա:

…Վաղը մի նոր գեղեցիկ օր կբացվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բարօրութիւն եւ արեւշատութիւն Ձեզ, պարոն Աբրահամեան

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ծանոթ մտորումներ են։ Տեսնենք թե “Արևմուտքում” այդ մասին ինչ էին մտածում դեռևս 55 տարի առաջ․․․
    https://www.youtube.com/watch?v=OTgbWmaxu5s
    🙂

  3. Gohar says:

    Պ-ն Աբրահամյան, բազմիցս ես անդրադրձել եմ Ձեր պրոֆեսիոնալ բարձր ունակություններին, հանձինս չեզոքությանը։ Բայց․․․Արդյոք ի՞նձ է թվում , թե իրականում էլ այդպես կա, դա մինչ Հեղափոխությունն էր։ Հիմա , ինչ որ մեծ սիրով եք տպագրում Հ․Շ․-ի մաղձով շաղախված կարծիքները։ Կարծես թե հակված եք նրա արտահայտած աբսուրդ կարծիքներին։ Մինչդեռ գրում եք․”Այն, ինչ անվանում են «քաղաքական հայացքներ», ես պարզապես չունեմ”: Սիրով, մեկը դրսի հայերից։

    • Ջորդանո Գալիլյան says:

      Բայց-մայց չկա: Ասված է չեզոքություն՝ ուրեմն չեզոքություն: Հեղափոխությունից առաջ եւ հետո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Աբսուրդն այն է, երբ մեկը չեզոքության փոխարեն գրաքննություն է առաջարկում, այն էլ «սիրով»… Ըստ երեւույթին՝ քրիստոնեական «մաքուր», «անշահախնդիր», «հոգատար» սիրով… 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829