ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:
Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:
«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։
Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:
Կարդացեք նաև
Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը:
Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։
«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշեց Մազալովան:
«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծեց. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:
«Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…»,-1992թ. ապրիլի 1-ին տպագրված հարցազրույցում Մազալովայի հարցին Մութալիբովը պատասխանել էր.
«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»:
Կարեն Խաչատրյան
Լուսանկարը՝ «Նովոյե վրեմյա»-ից