Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակետներում անհամադրություն եւ որոշակի նահանջ է արձանագրել: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հրապարակային բանավեճին`Արցախի հիմնահարցի վերաբերյալ, պարոն Իշխանյանը, մասնավորաբար, ասաց. «Մյունխենյան հանդիպումից առաջ առիթներ ունեցել ենք Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության արտաքն գործերի նախարարների կողմց համապատասխան հրապարակային տեսակետեր լսելու: Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի տեսակետը նույնական է եւ նույնն է, այն փոփոխության չի ենթարկվում, բայց ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակետերի մեջ անհամադրություն, որոշակի նահանջ կա եւ թույլ հիմնավորումներ»:
Մեր զրուցակիցը նաեւ արձանագրում է`ամենն ավելի ակնառու է դառնում, քանի որ հիմնահարցի վերաբերյալ միասնական դոկտրին էլ չկա: Միասնական դոկտրինի անհրաժեշտությունն, ըստ նրա, ամեն օր առավել արդիական է դառնում:
«Ինչ վերաբերվում է ընդհանուր սկզբունքներին, կարծում եմ, ադրբեջանական կողմն այս պարագայում ավելի կոշտ սկզբունքներով հանդես եկավ»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայկական կողմից նահանջ Դավիթ Իշխանյանն արձանագրել է հետեւյալ կետերով. մյունխենյան բանավեճում Իլհամ Ալիեւը հղումներ արեց ԼՂՀ հարցի կարգավորման փուլային տարբերակին. «Մենք, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի կոշտ դիրքորոշումներով հանդես գալու հնարավորություններ ունեինք, ինչը եւ կար: Խոսքը վերաբերվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին`սահմանին մշտադիտարկման սարքավորումների տեղադրում, ուժի կիրառման բացառում եւ այլն: Այդ պայմանավորվածությունները, կարծես, մոռացության են տրվել, մինչդեռ դրանք պետք էր ավելի ուժեղացնել, քանի որ նոր հնարավորություններ էին ստեղծում»:
Կարդացեք նաև
Դավիթ Իշխանյանի տպավորությամբ, վերջին շրջանում հայկական կողմի դիրքորոշումն ավելի դեկլարատիվ բնույթ ունի, հայտարարությունների մակարդակի եւ ոչ մի գործնական քայլ:
Դիտարկմանը`իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը`բանակցային սեղան վերադառնալու մասին, հարցի կարգավորումը նոր`իր կետից սկսելու մասին եւ հարցին` այդ բանավեճն ուրվագծե՞ց վարչապետի հայտարարություններին միս եւ արյուն տալու պատրաստակամությունը: «Ինչո՞ւ միայն այդ դեբատը: Վերջերս ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ համանախագահող երկրներից մեկի դեսպանի հանդիպումը, Անջեյ Կասպրշիկի լուսանկարի հրապարակումը, մամուլում հրապարակված բազմաթիվ նյութերն ու տեղեկությունները մեզ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դա ունի իր անցյալ պատմությունը»:
Դավիթ Իշխանյանը Փաշինյան-Ալիեւ բանավեճը հաղթողի եւ պարտվողի տեսանկյունից չի դիտարկում: Առհասարակ, ճիշտ չի համարում նման եզրահանգումներ անելը մեկ հանդիպման արդյունքներով. «Բայց եղած հնարավորություններից որոշակի նահանջ արձանագրելը, կարծում եմ, ճիշտ գնահատումներից մեկն է»:
Ինչ վերաբերվում է բանավեճի ավարտին, Նիկոլ Փաշինյանի կողմից Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի բանակցություններին հղում անելուն`ի պատասխան Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, թե Երեւանի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են եղել, ինչն էլ սոցիալական ցանցերում գնահատվեց նաեւ իբրեւ Փաշինյանի կողմից Ալիեւի «պորտը տեղը դնել», Դավիթ Իշխանյանն արձագանքում է. «Պատմական անցքերին տեղյակ լինելը, տիրապետելը լավ է, բայց, կարծում եմ, իրականության մեջ պետք է առաջնորդվել այլ սկզբունքներով: Քաղաքական դիտարկումները ավելի ակնառու պետք է լինեն: Պատմական փաստարկները եւ պատմական անցյալն օգտագործել, որպես սկզբունքներ եւ հիշեցնել, կարծում եմ, մի քիչ տեղին չէր: Մենք, իհարկե, հպարտանում ենք Տիգրան Մեծի եւ մեր պատմական անցյալի հաջողություններով, բայց տվյալ պարագայում, հաջողությունների շարքում, կարծում եմ, ավելի շատ պետք է հղում անենք արցախյան ազատամարտի հաղթանակներին եւ այդ հաղթանակն ամրագրենք դիվանագիտական ճանապարհով»:
Հարցին`արդյոք Նիկոլ Փաշինյանի անփորձությունից էր, որ երբ Իլհամ Ալիեւը խոսում էր Խոջալուի դեպքերի մասին, ՀՀ վարչապետը չհիշեցրեց Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի մասին: «Չեմ կարծում անփորձության խնդիր է, բայց մյուս կողմից նաեւ համակարգված փաստարկների եւ համակարգված աշխատանքի բացակայության խնդիր եմ տեսնում»,- պատասխանեց Դավիթ Իշխանյանը`հավելելով, որ միջազգային տարբեր հարթակներում մենք անընդհատ ականատես ենք լինում ադրբեջանական դիվանագիտական կորպուսի համակարգված եւ ակտիվ աշխատանքին, մինչդեռ, հայկական դիվանագիտական կորպուսը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, այդ առումով կաղում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ