Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապահովագրության 200 պայմանագիր է վաճառվել. Ինչո՞ւ ապահովագրականները շահագրգռված չեն այդ պրոդուկտը վաճառել

Փետրվար 17,2020 20:50

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետին հաշված օրեր են մնացել, սակայն հակառակ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության սպասումների, գյուղատնտեսների հետ ընդամենը 200 պայմանագրեր են կնքվել:

Այս մասին այսօր տեղեկացանք նախարարությունում կազմակերպված ասուլիսում: Գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը եւ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը նաեւ հայտնեցին, որ վաճառքի վերջնաժամկետները երկարաձգել են, որպեսզի ավելի շատ թվով ֆերմերներ միանան ծրագրին:

Գյուղապահովագրության ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից, այն պիլոտային է: Գյուղատնտեսների հետ գյուղապահովագրության պայմանագրերը կնքում են ապահովագրական ընկերությունները: Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից ծրագրին միացել են 3 ապահովագրականներ, որոնք սակայն, այդքան էլ մեծ ակտիվություն չեն ցուցաբերում այս պրոդուկտը վաճառելու գործում՝ ինչպես օրինակ՝ ԱՊՊԱ-ի դեպքում էր:

Հիշեցնենք, որ, երբ ծրագիրը նոր էր ներդրվում, խոսք էր գնում այն մասին, որ այդ 3 ապահովագրականները դժկամությամբ են միանում այս ծրագրին, քանի որ ոլորտում առկա մի շարք խնդիրներ դեռ լուծված չեն:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք քիչ թվով պայմանագրերի վաճառքը չի՞ վկայում այն մասին, որ ապահովագրականները շահագրգռություն չեն ցուցաբերում այս պրոդուկտը վաճառելու հարցում՝ հակառակ դեպքում նրանք տարբեր միջոցներով կգովազդեին գյուղապահովագրությունը՝ ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում էր՝ հեռուստատեսությամբ, սոցցանցերով, գովազդային վահանակներով ու տարբեր այլ միջոցներով, Նարեկ Հովակիմյանը պատասխանեց, որ այս ծրագիրն ավելի շատ թիրախային է, հողօգտագործողները թիրախային են եւ ապահովագրականները ավելի շատ զբաղվում են թիրախային իրազեկմամբ: Մեր այն դիտարկմանը, որ ԱՊՊԱ-ի դեպքում էլ էր թիրախային, թիրախ-խումբը վարորդներն էին, պարոն Հովակիմյանն ի պատասխան ասաց. «Մեր 3 ապահովագրական ընկերությունները հենց մարզերում, հենց իրենց ունեցած բազայի հիման վրա ակտիվ աշխատանքներ են իրականացնում եւ այնպես չէ, որ նրանք ընդհանրապես չեն զբաղվում տեղեկատվությամբ: Բայց, ինձ թվում է, այս հարցի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ՝ ապահովագրական ընկերություններն են»:

Նրա խոսքով, ԱՊՊԱ-ի դեպքում պարտադիր էր, իսկ գյուղապահովագրության պարագայում՝ կամավոր:

Մանրամասները՝ տեսանյութում 

Ինչ վերաբերում է ապահովագրականների դժկամությանը, Նարեկ Հովակիմյանը ասաց, որ համամիտ չէ, որ նրանց համոզելով են ներգրավել ծրագրում. «Գյուղատնտեսական ապահովագրությունը, որպես այդպիսին, ռիսկային պրոդուկտ է: Մեր հիմնական գործընկերներն արել են ամեն ինչ, որ հիմնական ռիսկերը վերցնեն իրենց վրա:

Դրա համար ունենք առնվազն պայմանագրերի 50 տոկոս սուբսիդավորում, աշխարհում հայտնի վերաապահովագրող ընկերություն, որը մեր ապահովագրականների ռիսկը 90 տոկոսով վերցնում է իր վրա: Ավել ո՜չ որեւէ երկրի Կենտրոնական բանկ, ո՜չ որեւէ երկրի Կենտրոնական բանկ ու կառավարություն չէր կարող անել»:

2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաեւ խնձորը, դեղձը, աշնանացան, գարնանացան գարին, ցորենը:

Մեր հարցին, արդյոք ավելորդ շտապողականություն չեն դրսեւորել ավելացնելով նաեւ այդ պտուղներն ու մշակաբույսերը, այն էլ ամբողջ տասը մարզերում, հատկապես, որ դեռ անհայտ է պիլոտային ծրագրի ճակատագիրը, Նարեկ Հովակիմյանը պատասխանեց. «Էկոնոմիկայի նախարարության հետ մեր գործակալությունը ջանք չի խնայում, որպեսզի հասցնենք այս նոր պրոդուկտները: Ինչքան շատ նոր պրոդուկտները, այնքան ապահովագրականների համար հնարավոր, պոտենցիալ շատ մեծ ծավալ:Նոր մշակաբույսերի շուտ դաշտ մտնելը միայն ու միայն դրական է, այստեղ չկա, որեւէ ավելորդ շտապողականություն: Այստեղ բոլոր ռիսկերը հաշվարկված են, այնպես որ հանգիստ եղեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նշենք, որ գյուղապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50% — 60% չափով սուբսիդավորում՝ կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829