Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհրդանշական է համարում, որ Մյունխենի անվտանգության համաժողովում կայացած Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ բանավեճը տեղի ունեցավ փետրվարին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 22 տարի անց:
Aravot.am-ի հետ զրույցում Վահրամ Աթանեսյանը պատմական էքսկուրս կատարեց`հիշեցնելով, որ 1997 թվականի դեկտեմբերին միջնորդները ներկայացրել էին ԼՂ կարգավորման առաջարկություն, որ հայտնի է «փուլային» անվանումով: Իմաստն այն էր, որ առաջին փուլում կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրում են խաղաղության համաձայնագիր՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնելով ապագա բանակցություններին: Համաձայնությունը ենթադրում էր Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի եւ Քելբաջարի շրջանների վերադարձ Ադրբեջանին: Ադրբեջանը պետք է զորքերը հեռացներ նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններից: Այսինքն, հայկական վերահսկողության տակ պիտի վերադառնային Մարտակերտի եւ Մարտունու շրջանների՝ ադրբեջանական գրավման տակ գտնվող հատվածները:
Ներքին տեղահանվածների խնդիրը դրված էր պարիտետի սկզբունքով՝ եթե ադրբեջանցիները վերադառնում են Շուշի, ապա հայերն էլ՝ Շահումյան: Այս համաձայնագրի քաղաքական առավելությունն էր, որ Ադրբեջանը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, նրա հետ, որպես հավասարը՝ հավասարի, ստորագրում պայմանագիր: Ադրբեջանը համաձայնում էր հայկական կողմի վերահսկողությանը թողնել ամբողջական Լաչինի շրջանը: Ստեղծվելու էր ոչ միայն բաժանարար, այլեւ՝ բուֆերային գոտի, որը մնալու էր ապառազմականացված եւ չպետք է բնակեցվեր: Բուֆերային գոտու խորությունը պետք է համաձայնեցվեր մինչեւ զորքերի դուրսբերումը: Այդ առաջարկությունը մերժվեց ԼՂՀ իշխանությունների եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության երեք առանցքային դեմքերի՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի կողմից: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:
«Բանակցությունների խորհրդապահության կոչ անող միջնորդներն ինչու՞ են նման բաց քննարկում կազմակերպել»,- հարց է հնչեցնում մեր զրուցակիցը եւ ինքն էլ պատասխանում. «Տպավորություն է, որ նրանք հայերին եւ ադրբեջանցիներին ցանկանում են ասել, որ չկա ինչ-որ գաղտնի գործընթաց, ահա՝ կողմերի առաջնորդների մոտեցումները, թող երկու ժողովուրդները համապատասխան եզրակացության գան: Չկա բանակցությունների առարկա, չկան ոչ միայն նույնական, այլեւ գոնե համեմատության եզրեր ունեցող տեսակետներ եւ մոտեցումներ: Այսինքն, անցած 22 տարիները կորսված ժամանակներ են, կողմերը կես-քայլ անգամ չեն մոտեցել մի որեւէ ընդհանուր նպատակի: 1997 թվականին կար նման նպատակ՝ վերջ տալ հակամարտության զինված փուլին, թուլացնել լարվածությունը, ստեղծել տանելի մթնոլորտ, երբ հնարավոր կլինի հանգիստ, առանց էմոցիաների քննարկել բուն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հարցը: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Փաշինյան-Ալիեւ բանավեճի հրապարակայնացմամբ միջնորդները, կարծես, ակնարկում են, որ իրենց հնարավորությունը եւ երեւակայությունները սպառվել են»:
Կարդացեք նաև
Վահրամ Աթանեսյանի կարծիքով, այժմ առաջարկություններ պետք է կողմերն անեն: Ալիեւը ներկայացրեց իր պատկերացումը, վարչապետն Փաշինյանն՝ իր «մյունխենյան սկզբունքները»: Բայց դրանք տրամագծորեն ներհակ են, հատման կետեր, անգամ զուգահեռներ չունեն: Մնում է մի բան՝ որ համանախագահ երկրները կառավարելի պահեն իրավիճակը, մինչեւ հնարավոր կլինի ձեւավորել բանակցությունների նոր օրակարգ»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՂՀ-ն ինքը պետք է անի առաջարկություններ և բանակցի Ալիևի հետ։ Միայն այդպես։ ԼՂՀ կրավորական կեցվածքը պատիվ չի բերում ոչ ՀՀ-ին, ոչ ԼՂՀ-ին։