Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կարող է դառնալ վտանգավոր նախադեպ, որ ցանկացած քաղաքական իշխանություն կարող է ազատվել ՍԴ-ի՝ իր համար անցանկալի դատավորներից». Գարեգին Պետրոսյան

Փետրվար 17,2020 19:55

«Սա շատ վտանգավոր է այն առումով, որ կարող է դառնալ նախադեպ, և ցանկացած քաղաքական իշխանություն կարող է իր ցանկացած պահի կատարել Սահմանադրության մեջ փոփոխություններ և ազատվել ՍԴ-ի՝ իր համար անցանկալի դատավորներից»,-«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ադեկվատ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ կայացված որոշմանը:

Ըստ նրա՝ այս ամենի նպատակը օրվա քաղաքական իշխանությանը հլու հնազանդ ծառայող ՍԴ ունենալն է. «Դա հակապետական նպատակ է, և կարծում եմ՝ այս փոփոխություններն արվում են նախևառաջ նրա համար, որ Արցախի հարցում հնարավոր են անցանկալի զարգացումներ և դրանց վերաբերյալ համապատասխան միջազգային պայմանագրեր, որոնք ՍԴ-ն այս կազմով հաստատ սահմանադրությանը համապատասխանող չի ճանաչի: Իսկ օրվա քաղաքական իշխանությանը պետք է դրանք սահմանադրությանը համապատասխանող ճանաչող ՍԴ: Կարծում եմ՝ Արցախի վերաբերյալ բանակցությունների հարցում ոչ հայանպաստ ընթացքը շատ շատերին է տեսանելի: Իհարկե, նպատակների շարքում է նաև Ստամբուլյան կոնվենցիան, Ռոբերտ Քոչարյանի գործը և այլն»:

Իրավաբանը դրական է համարում «ոչ» քարոզչության կողմի ստեղծումը: Այս առիթով նա ասաց. «Միանշանակ ողջունում եմ այդ քարոզչության կողմի ստեղծման նախաձեռնությունը: Այն հնարավորություն է տալիս ընտրական հանձնաժողովներում ունենալ անդամներ և վերահսկել ընտրական գործընթացը, քանի որ միայն այդպես է հնարավոր անդամներ ունենալ: Այն հնարավորություն է տալիս օգտվել նաև քարոզարշավի հանրային միջոցներից՝ հանրային հեռուստատեսություն, հանրային ռադիո, քարոզչական պաստառներ և այլն»:

Հարցին՝ հանրաքվեի ժամանակ ներկայիս իշխանությունները կկարողանա՞ն 650 հազար «այո» ստանալ, Գարեգին Պետրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ խնդիրն իրականում անլուծելի կլինի: Միայն այսօր է քարոզչությունը մեկնարկել: Տեսնենք՝ ինչ քարոզչական գործիքներ են կիրառում «այո»-ի և «ոչ»-ի կողմերը: Այս պահի դրությամբ այնքանով, որքանով ես եմ շփվում հանրության հետ, կարող եմ ասել՝ չեմ կարծում, որ այդ թվով «այո» հնարավոր է օրինական միջոցներով ապահովել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829