ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դեռեւս չեն հստակեցնում, թե երբ են սկսելու հանրաքվեի քարոզարշավը: Հիշեցնենք, որ ապրիլի հինգին սպասվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեն:
Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չասաց, թե երբ եւ ինչ գործողություններ են իրականացնելու: Այսօր հանրաքվեի քարոզարշավի առաջին օրն էր, «այո»-ի շտաբը գլխավորում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ մոտ ապագայում կունենան մամուլի ասուլիս կամ հայտարարություն կանեն, եւ մանրամասները կհրապարակվեն. «Հիմա զերծ կմնամ որեւէ բան ասելուց: Անգամ, եթե «ոչ»-ի շտաբ չձեւավորվի, անհանգստանալու առիթ չեմ տեսնում»:
Անդրադառնալով հարցին, Ռոբերտ Քոչարյանի աջակից համարվող իրավապաշտպաններն են «ոչ»-ի շտաբ ձեւավորում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կապ չունի, թե ում աջակիցն է՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե Հրայր Թովմասյանի: Կարեւոր չի: Մեր քաղաքացիների համար գաղտնիք չէ, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարության գործընթացը: Այնպես որ, մեկ է, թե ով է լինելու: Շատ լավ է, որ պատրաստվում են, քաղաքականապես բուռն ու հաճելի ժամանակահատված է սպասում»:
Սիմոնյանը հավելեց՝ աշխատելու են, որ իրենց խոսքը լսելի եւ հասկանալի լինի. «Աշխատանքները հիմա էլ տարվում են, կսկսենք այն ժամանակ, երբ կսկսենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ