Համահարթ եկամտային հարկատեսակն արտոնություն է դարձել բիզնեսի համար, այլ ոչ թե աշխատողի: Այս կարծիքին է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: Նախկինում էլ ՔՈ-ն համահարթ հարկման մոդելին դեմ էր, հիմա ահազանգեր են ստանում՝ բազմաթիվ կազմակերպություններ աշխատակիցների հետ վերակնքում են աշխատանքային պայմանագրերը, պայմանագրային մանիպուլյացիաներ են անում եւ հարկային օրենսգրքի փոփոխությունն օգտագործում ի շահ իրենց:
Aravot.am-ի հետ զրույցում Նահապետյանն ասաց՝ գործատուներն աշխատանքային օրենսգրքի խախտմամբ պայմանագրում փոփոխություններ են առաջարկում.«Ես վստահ չեմ, որ օրենքը դա թույլ է տալիս, բայց այս պահին աշխատանքային իրավունքի մեջ մասնագիտացած մեր կուսակցական գործընկերներն ուսումնասիրում են դա, թե՝ օրենքն ինչպե՞ս է աշխատում: Ամեն դեպքում, եթե պարզվի, որ խախտում կա, ապա լիազոր մարմին չկա, որը կուսումնասիրի, ասենք՝ եթե աշխատողը համաձայն է գործատուի առաջարկին, գործատուն ինչո՞ւ է խախտում աշխատանքային իրավունքը, քանի որ շատ աշխատողներ տեղյակ չեն իրենց իրավունքներից: Այստեղ երեւույթով հետաքրքրված պետական մարմին կարող լինի հարկայինը, քանի որ պայմանագիր փոխելով՝ հարկերն են քչանալու»:
Մեր հարցին՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին արդյոք չպիտի ուսումնասիրի խնդիրը, Նահապետյանը պատասխանեց.«Տեսչական մարմինը բացառապես աշխատողի առողջության եւ աշխատանքային անվտանգության խնդիրներով է զբաղվում, կանոնանդրությամբ որեւէ լիազորություն չունի աշխատանքային օրենսգրքի այլ դրույթների նկատմամբ»:
Գործատուների մյուս մանիպուլյացիան համահարթ եկամտային հարկում հօգուտ իրենց աշխատացնելու, ըստ Նահապետյանի, այն է, որ գործատուն աշխատողին ասում է՝ գիտես ինչ՝այն ժամանակ, երբ մենք քեզ հետ պայմանագիր ենք կնել, քո սոցվճարը կամ հարկային բեռի բարձրացումը մեր վրա է եղել, հիմա սրանով, այսինքն` պայմանագրի վերակնքումով, մենք փոխհատուցում ենք.«Սա ծիծաղելի է, դա գործատուի խնդիրն է, ինքը չի կարող աշխատողի վիճակը վատթարացնել նախկինում որեւէ արտոնության համար: 3-րդ խնդիրն այն է, որ աշխատողների հետ պայմանագրերը վերակնքում են եւ եկամտային հարկի շեմի նվազեցումից ավելացված գումարը չեն փոխանցում աշխատողի աշխատավարձին, պատճառաբանելով՝ դու այսինչ արտադրամաս այլեւս այդքան շատ չես գնալու, դրա համար քո աշխատավարձը իջնելու է»: Ըստ Նահապետյանի, հարկային համահարթ արտոնությունը ենթադրում էր ավելի շատ տնօրինվող եկամուտ, որը գործատուն է յուրացնում:
Կարդացեք նաև
Այսինքն, Նահապետյանի մեկնաբանմամբ, գործատուն առաջարկում է պայմանագիրը վերակնքել, ասում է՝ 200 հազար էիր ստանում, էլի այդքան կստանաս, քեզ համար ինչ տարբերություն, թե որ պայմանագրով ես ստանում.«Աշխատողներին ասում են՝ տեխնիկական հարց է այս պայմանագրի վերակնքումը, նույն աշխատավարձն է մնում, բայց արդյունքում կեղտոտ աշխատավարձը փոխվում է, որպեսզի մաքուրը մնա չափի: Մինչդեռ, այլ հավասար պայմաններում աշխատողի վիճակը պետք է լավանար»:
Նախկինում եկամտային հարկը մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում 23% էր, 150-ից 2 միլիոն դրամի դեպքում՝ 28%, 2 միլիոնից ավելիի դեպքում՝ 36%: Հարկային փոփոխություններով սահմանվել է՝ այս տարվա հունվարի 1-ից բոլոր աշխատողները պետք է վճարեն 23% եկամտահարկ, մինչեւ 2023 թվականը համահարթ եկամտահարկը նվազելու է՝ դառնալով 20%։
Հիշեցնենք, համահարթ եկամտային հարկման մասին փոփոխությունների քննարկումների ժամանակ վարչապետ Փաշինյանն ասում էր՝ քաղաքացիների եկամուտներն ավելանալու են: Այսինքն, եկամտային հարկի շեմի նվազեցման տարբերության գումարը աշխատողի եկամտին է ուղղվելու:
Նահապետյանի դիտարկմամբ՝ համարհարթ եկամտային հարկման մանիպուլյացիաներից օգտվում են այն ընկերությունները, որոնք ունեն հարյուրավոր, երբեմն հազարավոր աշխատակիցներ: ՔՈ անդամը դիտարկելով իր ձեռքի տակ եղած տվյալները, թե ահազանգերը որ ընկերություններից են, խնդիրը 10-12 հազար աշխատակցիներին է վերաբերում խնդիրը.«Այն ընկերությունների անունները որ ինձ տվել են, եթե իրենք իրենց բոլոր աշխատակիցների հետ են այդ մանիպուլյացիան անում, ապա պիտի ասեմ, որ դա 1-2 հոգու խնդիր չէ: Դրանց մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններն ասում են՝ եկեք պայմանագրերը թարմացնելու: Եթե դա բոլոր աշխատակիցների հետ են անում (ինչի մասին եւս ահազանգեր ունենք ), ապա իմանալով թե ինչ չափեր ունեն այդ կազմակերպությունները, իմ հաշվարկներով 10-12 հազար աշխատողների իրավունքների խախտման մասին է: Ենթադրում եմ, որ եթե մենք գործընթացը ուսումնասիրենք՝ ավելի շատ բան կիմանանք»:
Պետական եկամուտների կոմիտեն նշված խնդիրների մասին ահազանգեր չի ստացել: Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասացին ՊԵԿ-ից: Արդյոք ՊԵԿ-ն ունի գործիքակազմ ստուգելու այդ երեւույթը, եւ արդյոք գործատուների նման վարքագիծը ՊԵԿ-ին մտահոգո՞ւմ է, մեր այս հարցերին ի պատասխան ՊԵԿ-ից նախ գործիքակազմի մասին պատասխանեցին. «Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում արտոցոլվում է յուրաքանչյուր աշխատակցի գծով հաշվարկված հարկման բազան, հետեւաբար փոփոխության դեպքում՝ այն հասանելի է ՊԵԿ-ին: Ինչ վերաբերում է գործատուների վարքագծին, ապա հարցն առավելապես գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում է, քանի որ հարկային մարմնին, ըստ էության, չի վերաբերում խնդիրը, թե՝ որքան գումարի դիմաց է պատրաստ քաղաքացին իրականացնել իր աշխատանքը տվյալ գործատուի մոտ: ՊԵԿ-ի համար ռիսկային են համարվում այն դեպքերը, երբ գործատուն հարկային հաշվարկներով արտացոլում է/վճարում է/ ավելի քիչ աշխատավարձ, քան իրականում այն կազմում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ