«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս «մասնակցելո՞ւ եք «այո»-ի քարոզարշավին» հարցին պատասխանեց՝ «այո, այո»:
Փաշինյանը չարձագանքեց հարցին, թե այդ նպատակով արձակո՞ւրդ է վերցնելու: Հիշեցնենք, որ ապրիլի հինգին սպասվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեն:
«Սա հերթական հանդիպում էր վարչապետի հետ: Հանրաքվեի հետ կապված հարցեր հնչել են, բայց քննարկումը մեծամասամբ նվիրված է եղել ԱԺ-ի հարցերին»,-լրագրողներին իր հերթին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Թե ինչ ձեւաչափով է Փաշինյանը մասնակցելու արդեն այսօր սկսված քարոզարշավին, Սիմոնյանը նշեց, որ որոշում չեն քննարկել. «Ընթացքի մեջ է, թե որտեղ եւ ինչ մասնակցություն կունենա վարչապետը: Նա սիրում է ժողովրդի հետ շփվել, ժողովուրդն էլ սիրում է վարչապետին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ