Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մեդիաները, որոնց նկատմամբ այսօր քայլեր են ձեռնարկվում, ժամանակին ասուլիսներ են արել՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ նույն Աննա Հակոբյանի հորդորով ու խնդրանքով». Սաթիկ Սեյրանյան

Փետրվար 17,2020 18:44

Այսօր մամուլի հետհեղափոխական մարտահրավերները թեմայով քննարկմանը խմբագիրները դժգոհում էին մամուլի դեմ ոտնձգություններից, ասում էին, որ հետ ենք գլորվում:

Aravot.am-ը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին հարցրեց՝ մի կողմից խմբագիրները բողոքում են, բայց մյուս կողմից էլ «Freedom House»-ը առաջընթաց է գրանցում Հայաստանում մամուլի ազատության առումով, 2019-ին «Ազատություն եւ մեդիա» զեկույցում 2 միավոր են ավելացրել Հայաստանին, այս հակասությունը ո՞նց եք բացատրում:

Նա պատասխանեց. «Մինչեւ իշխանափոխությունը, երբ մամուլի հետ կապված զեկույցներ են եղել, հատկապես խնդրահարույց է եղել հեռուստատեսության ոլորտը, հիմնականում խոսքն ուղղում էին զեկույցներում այդ ոլորտին, որ ազատ չեն: Միջազգային կազմակերպությունները, պետք է նկատի ունենալ, որ տեղեկություններ ճշտում են տվյալ երկրի մասին իրենց հետ համագործակցող ՀԿ-ների, մեդիա կազմակերպությունների միջոցով: Շատ կարեւոր է, թե իրենց հետ համագործակցող կազմակերպություններն ինչ ինֆորմացիա են տալիս նրանց: Եթե նկատեք, միջազգային կազմակերպություններից մեկի տարեկան գնահատականը երբ որ տրվել էր, բառացիորեն նույն բառերն էր, ինչ մեդիա կազմակերպություններից մեկն էր որպես դիտողություն նկատել: Ես տեսնում եմ, որ միակողմանի, սելեկտիվ ինֆորմացիա է տրվում միջազգային կազմակերպություններին, որոնք զեկույցներ են պատրաստում»:

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ իրենք պետք է խնդիրների մասին բարձրաձայնեն, աղմկեն. «Այստեղ ներկայացված միջազգային կազմակերպություններն ունեն իրենց քաղաքական կամ այլ հետաքրքրությունները ու դրանից կախված կարող են տեսնել կամ նայել ու չտեսնել ՀՀ-ում տեղի ունեցող խնդրահարույց գործընթացները: Իշխանություններն ինչո՞ւ են մտահոգված, որովհետեւ ի վերջո տիրապետում են իրական տվյալներին, թե որ հեռուստաընկերություններն են ամենաշատը դիտվում ու որ ԶԼՄ-ներն են ամենաշատը ընթերցվում»:

Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց, որ ցանկացած երկրում մամուլի խնդիրները միայն մամուլինը չեն, դրանք հասարակության խնդիրներն են: Մեր դիտարկմանը, որ իշխանություններն ասում են՝ բա լավը ինչո՞ւ չեք տեսնում, օրինակ, նախկին իշխանության ժամանակ երկրի ղեկավարի հետ ասուլիսները ինչպես էին կազմակերպվում՝ հատուկ ջոկած մեկ-երկու հեռուստաընկերություն էին կանչում ու հիմա ինչպես է դա կազմակերպվում՝հրավիրելով բոլոր ԶԼՄ-ներին՝ Սաթիկ Սեյրանյանն արձագանքեց. «Մեռանք դա ասելով, որ շատ լավ է, Նիկոլ Փաշինյանը ավելի շատ է խոսում: Չգիտեմ էլ՝ 3-4 ժամանոց ասուլիսը լավ է, թե շատ է: Բայց ֆեյսբուքյան գրառումները…լրագրողը հո գրառում արտագրող չի: Ընդ որում, ցուցանիշ են մեջբերում, որը չի համապատասխանում: Վարչապետը պետք է ճիշտ ու սխալ անի: Նախկինում Սերժ Սարգսյանը շատ քիչ էր ասուլիս հրավիրում, քիչ է պատասխանել հարցերին, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դարձյալ քիչ է եղել, հետո խոսնակին տրվեց հնարավորություն, Նիկոլ Փաշինյանի ժամանակ շատ լավ է, այդ հնարավորությունը կա: է՞լ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլի հետ կապված ճնշումների թեմայով նման քննարկումներին չե՞ն ուզում «Հայկական ժամանակի» խմբագիր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանին էլ հրավիրել: Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց, որ ֆեյսբուքում խմբագիրների խումբ ունեն՝ 40-ից ավելի մասնակիցներով ու նման քննարկումների մասին տեղեկացնում է. «Այդ խմբում Լուսինե Բարսեղյանը կա եւ բաց է, բոլորը կարող են գալ: Եվրոպական կազմակերպության հայտարարությունը, որը «Հայելիի» դեպքին էր առնչվում, այդ լրատվամիջոցներն ընդհանրապես չտպագրեցին, խնդիր չի: Մյուս ԶԼՄ-ները այնքան շատ են ընթերցվում, որ տարածվում է, հարցը դա չէ, բայց վստահ թող լինեն, որ վաղը իրենք են այդ խնդրի առաջ կանգնելու: Օրենքը չի գրվում այս կամ այն իշխանության համար: Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, որ իշխանությունը, նույնիսկ ՀՀԿ-ականները, որ իրենց թվում էր՝ անսասան են, կա ու վաղը չկա, նույն ձեւով դա իր հետ էլ կարող է տեղի ունենալ: Այդ մեդիաները, որոնց նկատմամբ այսօր քայլեր են ձեռնարկվում, այդ մեդիաները ժամանակին ե՛ւ ասուլիսներ են արել՝ ի պաշտպանություն նույն Նիկոլ Փաշինյանի՝ նույն Աննա Հակոբյանի հորդորով ու խնդրանքով, եղել են՝ ակցիաներ են արել, ի պաշտպանություն հոդվածներ, լուսաբանել են դատավարությունը: Սա պետք է հիշել, իշխանությունը այնպիսի բան է, որ հավերժ չի, ցանկացած պահի կարող է փոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829