Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Նման փոխգործակցության արդյունքում օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:
Փետրվարի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներկրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Շինարարների փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Երևանի 28-ամյա մի բնակչուհու:
Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի փոստային ծրարում հայտնաբերվեց չորացված կանաչավուն զանգված:
Համապատասխան միջոցառումների, նաև դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը դիմէթիլտրիպտամին թմրամիջոց է, որը բերման ենթարկված կինը ձեռք էր բերել Լեհաստանում գործող ինտերնետային կայքերից մեկի միջոցով:
Կարդացեք նաև
Փետրվարի 15-ին իրավապահները խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերեցին 125 հատ «LSD» թմրամիջոց, չորացված, մանրացված կանաչավուն զանգված, 2 կաթուցիչ` մոխրացած զանգվածով:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 28-ամյա կինը բջջային հավելվածի իր անձնական էջում տեղադրված հայտարարության միջոցով թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքում անհայտ անձանց:
Հանգամանքները պարզվում են:
Բերման ենթարկված կինը կալանավորվել է:
Հարուցված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն