Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունը քննարկում էր կազմակերպել՝ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» թեմայով: Քննարկմանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ «5-րդ ալիքի» նկատմամբ արշավը սկսել են դեռ անցյալ տարվա կեսերին, երբ զանգ են ստացել վարչապետի աշխատակազմից. «Մեզ մեղադրում էին, որ վարչապետի փայլուն այցը Չինաստան չենք լուսաբանել, լուսաբանել ենք միայն վարչապետի՝ բադ ուտելու պրոցեսը: Ասացինք, որ լրագրող չենք ունեցել լուսաբանող, վարչապետի ֆեյսբուքյան էջից ենք օգտվել: Դրանից հետո եղան հայտնի պատմությունները: Մեր դեմ արշավը ստեղծվեց այն պահից, երբ մենք եթեր դուրս եկանք՝ որպես «5-րդ ալիք»:
Հարություն Հարությունյանն ասաց, որ իշխանությունների թեթեւ ձեռքով ԶԼՄ դաշտը բաժանվել է սեւերի ու սպիտակների. «Ինչ են մեզ պատասխանում, երբ իմքայլական պատգամավորներին հրավիրում ենք հարցազրույցի: Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք: Ասում են՝ գիտեք, մենք ձեր մոտ շատ ենք ուզում գանք, բայց գիտենք, որ մեր գլխին պատմություն կդառնա: Կամ՝ գիտեք, քանի որ դուք ցույց եք տվել Մարտի 1-ի մասին ֆիլմ, մենք չենք կարող ձեր մոտ գալ, թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք ինչ կլինի: Մենք շատ ենք ուզում ձեր մոտ գալ: Այսինքն, մարդիկ ուզում են մեր մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան, բանավեճերի հարցազրույցների չմասնակցեն»:
«5-րդ ալիքի» տնօրենը նաեւ հիշեցրեց, որ իրենց հեռուստաընկերության սեփականատերը կալանավորված է, նրա խոսքով՝ կալանավորված է ապօրինի. «Այս գործն ապագա չունի, բացահայտ կարող եմ ասել, եթե նույնիսկ դատարան հասնի, սա արվում է նրա համար, որ նա եւս երկու ամիս կալանքի տակ մնա: Երբ Հ2-ի սեփականատերը ձերբակալվեց, դեռ տաք էինք հեղափոխությունից հետո: Երբ Շավարշ Գեւորգյանն ասաց, որ աշխատավարձ չեն կարողանում ստանալ, կալանքի տակ է ունեցվածքը սեփականատիրոջ, մենք հասկացանք, որ այս մարդիկ առանց աշխատավարձի են աշխատում: Հիմա մեր սեփականատիրոջ ամբողջ գույքը կալանքի տակ է: Ես վստահ եմ, որ մեր սեփականատերը դուրս է գալու, կարծում եմ, դատարանի որոշմամբ, դատախազությունը իր վրա չի վերցնի դա անել: Չգիտեմ մեկ ամսից դուրս կգա, թե երբ, բայց դուրս կգա: Եկեք հասկանանք որ այս ուղտը բոլորի դռանը չոքելու է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ