Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միշտ էլ ԶԼՄ-ն, որը իրեն ոչ հաճո տեղեկատվություն է հրապարակում, իշխանության աչքի փուշն է». Գեղամ Մանուկյան

Փետրվար 17,2020 17:37

Այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունը քննարկում էր կազմակերպել մամուլի հետհեղափոխական մարտահրավերների թեմայով: «Երկիր մեդիայի» լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, լսելով մամուլի դեմ ոտնձգությունների հետ կապված խմբագիրների մտահոգությունները, հիշեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը, որ ԶԼՄ-ները գաղջ մթնոլորտ են ստեղծում. «2015-2016-ին Սերժ Սարգսյանի հետ ասուլիսի էի, ոչ այնքան հաճելի հարց ուղղեցի, գաղջ մթնոլորտի պատասխանը տվեց, որ երկու հեռուստաընկերության եթերից գաղջ մթնոլորտ է լցվում ու արտագաղթում են մարդիկ: Հիմա էլ վարչապետը 5 ընդդիմադիր հեռուստաընկերությունների մասին է խոսում: Միշտ էլ ԶԼՄ-ն, որը իրեն ոչ հաճո տեղեկատվություն է հրապարակում իշխանության աչք փուշն է»:

Ըստ Գեղամ Մանուկյանի, հեռուստաընկերությունները լրատվական ընդհանուր դաշտից դուրս են, հայկական հեռուստաեթերը ապաքաղաքականացված է մեծ մասամբ, ապահասարակականացված է, շառից փորձանքից հեռու մտածելակերպով եթերի առյուծի բաժինը այլ նյութեր են լցնում: Բայց հիմա հեղափոխությունից հետո ամենամեծ փոփոխությունն այն է, որ լուր արտադրողն է փոխվել. «Այլեւս լրագրողը չի, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չի, մենք սպառողներն ենք, սպառողն ենք այն ուղիղեթերյան տեղեկատվության, որը հրամցնում է մեզ վարչապետը, տարբեր պաշտոնյաներ: Անիմաստ միջնորդ օղակն ենք դարձել այդ ամենում, որովհետեւ հասարակությունը այդ ամբողջը սպառում է առաջին ձեռքից: ՀՀ-ում վերջին երկու տարիներին ժողովրդավարության, թափանցիկության, կառավարության եւ իշխանության՝ հասարակությանը հաշվետվողականության օրենքն է ոտնահարվում՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքը»: Վերջերս հաճախ է եղել, որ վարչապետը կամ այլ պաշտոնյա տնտեսական ցուցանիշ են հրապարակում ֆեյսբուքում: Վարչապետը ֆեյսբուքում գրառում էր արել, որ մենք տվել անցել ենք Ադրբեջանին էլ, Վրաստանին էլ, ժամը 9-ին մենք թողարկեցինք, հետո լուրերից 15-20 րոպե հետո վարչապետը ուղղեց, բայց արդեն տեղեկատվությունը գնացել էր»:

Ըստ Գեղամ Մանուկյանի, պետական ապարատի համար հիմա հեռուստատեսային դաշտը խիստ բաժանված է. «Վերջին 2 տարիներին այն դժվարությունները, որ շատ հեռուստակայաններ զգում են հյուրերի տեսքով, պետական գերատեսչությունների հետ աշխատելու տեսքով, դա ուղղակի չտեսնված երեւույթ է: Կան պատասխանատուներ, ովքեր բաշխում են հյուրերին այս կամ այն ԶԼՄ-ի եթերում…Պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ, վարչապետ, տարիներ շարունակ գործուղումներ, հանդիպումներ, ուղեւորություններին, ես անկեղծորեն ասեմ, շատ հաճախ մեր պրակտիկանտներին էի ուղարկում, որ ասեի՝ դա պատիվ չի, մասնագիտության պիկը չի նախագահի հետ գնալ-գալ: Տառապանք է բարձրաստիճան պաշտոնյայի հետ գնալ գործուղումների, շատ ավելի ջանք ու էներգիա ես ծախսում: Հիմա ստեղծվել է մի վիճակ, դիցուք երկու ԶԼՄ է ուղեկցում վարչապետին, բայց ես որպես հարկատու վճարում եմ պետությանը, որ վարչապետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը պահի ու ինձ տա տեղեկատվություն վարչապետի ուղեւորությունների մասին: Բացեք կառավարության կայքը, գրեթե չեք տեսնի տեղեկատվություն վերջին մի քանի օրերին մյունխենյան այցի մասին: Վարչապետի ֆեյսբուքյան էջը ինձ համար հիմք չի, ես պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որը չեմ ստանում: Հեռուստատեսությունն էլ է գտնվում սարսափելի ճահճային վիճակում, լրատվությունն էլ: Մենք ամեն րոպե պետք է հասկանանք, որ գտնվում ենք պատերազմական վիճակում: Մեզ կուլ են տալիս, մեր երկրում բանական մարդու, ուղեղ ունեցող մարդու տեղը ստեղծվում է արհեստական, համակարգչային մարդ, որը շատ հաճախ ղեկավարվում է իշխանության կողմից: Մենք բոլորս պարտվում ենք բոլորս՝ որպես հասարակություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829