Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագրի հեռախոսային խոսակցությունները վերծանել են, որ տեղեկատվության աղբյուրը գտնեն. Խմբագիրները՝ մամուլի դեմ ոտնձգությունների մասին

Փետրվար 17,2020 17:09

«Պարբերաբար իշխանությունները հպարտանում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, բայց մամուլի ազատության մասին լիարժեք կարող են խոսել լրագրողներն ու խմբագիրները: 2018-ի հեղափոխությունից հետո, երբ մեր դեմ սոցցանցերում հատկապես սկսեցին հարձակումները, մենք դեռ հույս ունեինք, որ դա կարող է կարճ կյանք ունենալ, ինչ-որ ժամանակ հետո բնականոն հուն կմտնի, մարդիկ կհասկանան, որ հայհոյանքներով չի կարելի ապրել ու կառավարել ԶԼՄ աշխատանքը: Բայց պարզվեց, որ մենք շատ ավելի լավատես էինք, քան իրականությունը ցույց տվեց»,- այսօր մամուլի հետհեղափոխական մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Քննարկումը կազմակերպել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Արմինե Օհանյանն ասաց, որ երբ զգուշացնում էին, ասում էին, որ մամուլի համար խնդիրներ են ստեղծվել, իմքայլականները դա բացատրում էին, թե իշխանությունները երբեք այսքան սիրված չեն եղել, դրա համար հենց սիրված իշխանություններին քննադատում են, «սիրահարված զանգվածի» թիրախում են հայտնվում ԶԼՄ-ները:

Ըստ Օհանյանի, չպետք է թույլ տալ, որ կիսագրագետ զանգվածը խանգարի ԶԼՄ աշխատանքին, իշխանությունը չլսեց, որի արդյունքում հիմա ունենք շատ ավելի խորը հիվանդություն. «Փորձում են օրենսդրական ճանապարհով անել, ատելության խոսքի դեմ պայքարը համակարգված ձեւով տանել: Փորձ է արվում զրպարտություն եզրույթի ընդգրկումը մեծացնել ու ֆեյսբուքում ոչ հավաստի ցանկացած լուր դիտել որպես սուտ մատնություն, ինչը շատ վտանգավոր կլինի»:

Արմինե Օհանյանը համեմատեց, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես էին աշխատում ու հիմա ոնց են անում. «Ինչ վերաբերում է ազատ արտահայտվելու հնարավորությանը, մենք այդ հնարավորությունն ունեցել ենք նաեւ նախորդ 10 տարիներին: Չի եղել որեւէ թեմա, որեւէ անձ, որն անձեռնմխելի լինի, չկարողանանք գրել այն, ինչ ուզում ենք: Այդ առումով էական փոփոխություն մեր կյանքում չկա, ինչ վերաբերում է մնացած աշխատանքներին, այդ աշխատանքը ծանրացել է 2018-ից հետո: Մենք ունենք ինֆորմացիա ստանալու շատ-շատ դժվարություն: Հիմա տեղեկատվություն ստանալը իրոք շատ դժվար է, այդ է պատճառը, որ մենք բազմիցս օգտվում ենք մեր սեփական աղբյուրների տրամադրած տեղեկատվությունից: Երբ մի փոքր բան ենք ուզում ճշտել, պետական մարմինները կարող են անամոթաբար ստել»:

Օրինակ, ըստ Արմինե Օհանյանի, նախորդ շաբաթ տարածքային կառավարման նախարարի խոսնակին են դիմել, ստել է, ասել է, թե ապատեղեկատվություն է Սուրեն Պապիկյանի մասին իրենց տեղեկատվությունը. «Մենք անընդհատ հետ ենք գլորվում: 2016-ին մենք մի միջադեպ ունեցանք, երբ մեզ պարտադրում էին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հրապարակման աղբյուրը հրապարակել, դատական ճանապարհով գնացինք, ի վերջո ՍԴ-ն ընդգծել է, թե որ դեպքերում կարող են պարտադրել ԶԼՄ-ին հրապարակել աղբյուրը: Հիմա էլ գործ է հարուցվել Պապիկյանի հարցով, ամեն րոպե սպասում ենք ՀՔԾ-ին»:

Այն, որ մամուլի ազատությունը հեղափոխությունից հետո տուժել է, Արմինե Օհանյանն այսպես է գնահատում. «Վերջին երկու տարվա մեջ մենք ունեցել ենք 9 դատական հայց, նախորդ 4 տարիներին՝ երկու դատական հայց: 9 հայցից երեքը գործող իշխանության ներկայացուցիչներն են ներկայացրել»:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն էլ մի քանի դեպք պատմեց, թե ինչպես են իրենցից ՀՔԾ-ն պահանջել հրապարակել տեղեկատվության աղբյուրը. «Իրենք իմ հեռախոսային վերծանումները հանել են, նախաքննական մարմինը ինձ կանչում է ու ասում ՝ տալիս եմ անուններ, ասեք նրանցից ով է ձեզ տրամադրել Մարտի 1-ի գործով ցուցմունքները: Ասեցի՝ այսօր ո՞ր մի լրագրողն է ուղիղ կապով ինֆորմացիա ստանում, բայց եթե անգամ դա արել եք, դա անպատիժ չի մնալու»:


Բացի այդ, Քնար Մանուկյանը ԶԼՄ-ի նկատմամբ ոտնձգություն է որակում այն, որ անհայտ անձինք ներխուժեցին խմբագրություն. «Մենք մինչեւ հիմա չիմացանք, թե ովքեր եւ ինչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն, այդպես էլ մեզ համար մնաց անհայտ»:

Antifake կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն էլ ասաց, որ իրենից էլ են պահանջել տեղեկատվության աղբյուր բացահայտել, չբացահայտելու պատճառով իր դեմ քրգործ են հարուցել: Սամսոնյանը հիշեցրեց իրենց հրապարակումները Աննա Հակոբյանի՝ տասնյակ հազար գումարով վարսահարդարի, ճոխ վերանորոգման, թանկարժեք կահույքի գնման մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829