Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարիաննա Մխիթարյան. «Շատերը մտածում են, թե Պուշկինը փողոց է, լավագույն դեպքում` դպրոց»

Փետրվար 17,2020 16:10

Aravot.am-ը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորանշանակ տնօրեն Մարիաննա Մխիթարյանից հետաքրքրվեց, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան թատրոնի համար, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Տիկին Մխիթարյանի խոսքով ամենակարեւորը թատրոնի տեխնիկական` լուսային եւ ձայնային վերազինումն է. «Դա առաջնային է, եւ փորձում ենք կազմակերպել գործընկերների միջոցով»:

Նա կարեւորեց նաեւ թատրոնի փոքր դահլիճի մեծացման հարցը. «Դա շատ արդիական է թատրոնի համար, որովհետեւ փոքր բեմը նոր կյանքով է սկսում ապրել, ավելի ճիշտ, փոքր բեմի պահանջարկը մեծանում է»:

Թատրոնի տնօրենից պարզեցինք, որ պատրաստվում են համագործակցել նաեւ հրավիրյալ ռեժիսորների հետ: Նա անուններ չհայտնեց, ասաց միայն, որ մի երիտասարդ, շնորհալի եւ հետաքրքիր ռեժիսոր մարտից կսկսի նոր բեմադրության վրա աշխատանքները:

Թատերական ոլորտի «հնաբնակին» հարցրինք նաեւ, թե իր կարծիքով այսօրվա հանդիսատեսին ինչ տեսակ ներկայացումներ են հետաքրքրում: «Հանդիսատեսը շատ տարբեր է: Ես հասկանում էի, որ, օրինակ, Պուշկինի «Եվգենի Օնեգինն» անհրաժեշտություն է, մանավանդ, ցավոք, այսօր կան մարդիկ, որոնք մտածում են, թե Պուշկինը փողոց է, լավագույն դեպքում` դպրոց է, իսկ ով է Օնեգինը, տեղյակ էլ չեն:

Այդ ներկայացումը հետաքրքիր ստացվեց: Մարդիկ կան, որ շատ են հավանում այն, կան մարդիկ էլ, որ ավելի քիչ են հավանում, ինչը նորմալ է: Բայց այն, որ այդ ներկայացումը «դրամարկղային» է, տոմսերը վաճառվում են ամբողջությամբ, դա փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Դասական գործերի մոդեռն մեկնաբանություններին էլ անդրադարձանք: «Տարբեր մոտեցումներ կան…Եթե ներկայացումը հետաքրքիր է, եւ հանդիսատեսը այն հավանում է, ուրեմն դա լավ է: Իմ կարծիքով, բոլոր ժանրերը լավն են, բացի ձանձրալի ժանրից»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը Մարիաննա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829