Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, մեր զինվորները զոհվում են անհասկանալի պայմաններում. Նինա Կարապետյանց

Փետրվար 17,2020 14:47

«Պաշտոնատար անձինք՝ ամենաառաջին դեմքերից սկսած, պետք է մեզ բացատրություն տան՝ ինչո՞ւ են մեր զինվորները զոհվում բանակում եւ ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ՝ ներսում»,-այսօր այսպիսի պահանջով կառավարության շենքի առաջ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, որը համակարգում էր բողոքի ցույցը, կասկած է հայտնում, որ վերջին 40 օրերի ընթացքում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում մեր բանակում, քանի որ զինվորները զոհվում են անհասկանալի պայմաններում. «Խոսքը գնում է երկու կարեւոր խնդրի մասին՝ մեր սահմանների անվտանգության եւ բանակի անվտանգության: Շատ տարօրինակ բաներ են կատարվում բանակում եւ խոսքը գնում է մեր երեխաների մասին, որոնք չես հասկանում ինչ պայմաններում զոհ են դառնում ներսում, այլ ոչ թե թշնամու գնդակից: Բոլորս սպասում էինք, որ հեղափոխության օրերին սահմանին ինչ կլինի, բայց սահմանին արտառոց ոչինչ չէր լինում, բանակում ոչինչ չէր լինում: Հեղափոխությունից հետո, երբ անկայուն, երերուն էր իրավիճակը, նորից զոհեր չէին լինում, այս քանակությամբ չէր լինում, որքան այսօր, այս 40 օրվա մեջ: Սա պետք է բացատրություն ունենա եւ այս բացատրությունը պետք է մեզ տան մեր պաշտոնատար անձիք»:

Ցույցի մասնակիցները պահանջեցին առաջիկա կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների՝ ԱԱԾ տնօրենի, գլխավոր դատախազի, Ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի, Քննչական կոմիտեի ղեկավարի, ՀՔԾ պետի հետ հանդիպում:

«Այս բոլոր պաշտոնյաները պետք է բացատրություն տան՝ որն է պատճառը, որ այդ հանցագործությունները մինչեւ վերջ չեն բացահայտվում»,-ասաց Նինա Կարապետյանցը, ըստ նրա, իրավապահ մարմինները ներկայացնում են, թե այս գործերն 90 տոկոս բացահայտված են, բայց՝ «ստում են, բացահայտված չեն, իրական մեղավորները, պատժված չեն եւ սա է պատճառը, որ մեր բանակում տեղի են ունենում սպանություններ ու մահվան դեպքեր»:

Նինա Կարապետյանցի խոսքով, դատապարտում են բանակում սպանությունների եւ ինքնասպանությունների դեպքերը, դատապարտում են դրանց վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականների բացակայությունը, ՀՀ լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունը, գործի թերի բացահայտումը եւ կոծկումը. «Ո՞ւր են բոլոր պաշտոնյաները, ինչո՞ւ մինչեւ հիմա պատասխանատվության չեն ենթարկվել այս մահերի համար: Ինչո՞ւ որեւէ մեկի հեռացման, քրեական պատասխանատվության մասին խոսք չկա: Իսկ մենք նոր զոհերի ո՜չ ռեսուրս ունենք, ո՜չ էլ ցանկություն, թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկի քմահաճույքի կամ ուսադիրի վրայի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն։ Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան պոտենցիալ զորակոչիկների ծնողները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829