Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կիսեցին Լեռնային Ղարաբաղը Մյունխենում. Կոմերսանտ

Փետրվար 17,2020 12:52

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը շարունակում է մնալ փակուղային, ինչը պարզ դարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «բառային մենամարտի» ժամանակ Մյունխենում անվտանգության հարցով կոնֆերանսի շրջանակներում, գրում է «Կոմերսանտ»-ը՝ ընդգծելով, որ ոչ նախանձելի վիճակում էր գտնվում հատկապես հանդիպման մոդերատորը:

Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հազվադեպ են հանդիպում նույն միջոցառման ժամանակ, առավել ևս՝ միևնույն բեմի վրա: Այդ պատճառով մոդերատորը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով նախկին տնօրեն Սելեսթ Ուոլանդերը, նախևառաջ շնորհակալություն հայտնեց նրանց՝ այդքան ցավոտ թեման բաց ձևաչափով քննարկելու պատրաստակամության համար:

Բայց երբ սկսեց խոսել Ադրբեջանի նախագահը, պարզ դարձավ, որ շատ սպասելիքներ պետք չէ ունենալ: Իլհամ Ալիևը կատեգորիկ էր, գրում է պարբերականը և մեջբերում նրա խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է»: Ադրբեջանցի նախագահը պատմական էքսկուրս կատարեց՝ հիշատակելով միջազգային մի շարք համաձայնագրեր, այդ թվում` ՄԱԿ ԱԽ բանաձևերը:

Ինչպես ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը պատմությունը ներկայացրեց բոլորովին այլ կերպ, գրում է թերթը: Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Բաքվի հավակնությունները հիմնավորված չեն, քանի որ այն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմել միայն Խորհրդային Միության ձևավորումից հետո, ավելի ուշ՝ դուրս է եկել խորհրդային Ադրբեջանի կազմից, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ կազմից: Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ապա Հայաստանի վարչապետի մեկնաբանությամբ՝ զինված ուժերի դուրս բերման պայմանը հրադադարի ռեժիմի պահպանումն է, ինչին չի հաջողվում հասնել:

Մոդերատոր Սելեսթ Ուոլանդերը փորձում էր կողմերին արտահայտվելու հավասար հնարավորություն տալ, բայց նրանցից ամեն մեկն անհրաժեշտ էր համարում հերքել մյուսի հայտարարությունը, նկատում է թերթը: Արդյունքում քննարկումը վերածվեց սպարինգի՝ կողմերը մեղադրեցին իրար փաստերի խեղաթյուրման, փոխզիջման պատրաստ չլինելու, միջազգային իրավունքը խախտելու, ագրեսիան արդարացնելու փորձերի համար: Նրանք խոսում էին անգլերեն, Ադրբեջանի նախագահը ակնհայտ ավելի լավ էր տիրապետում լեզվին, քանի ՀՀ վարչապետը, գրում է պարբերականը:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց Բաքվին, քանի որ վերջինս չի համաձայնում ուղիղ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հետ: «Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ինչը շատ տարօրինակ է: Ինչպես կարելի է հարցը լուծել, երբ նա չի ցանկանում խոսել հանրապետության ներկայացուցիչների հետ»:

Ալիևի պատասխանը չուշացավ. «Մենք պատրաստ ենք խոսել Լեռնային Ղարաբաղի հետ այն դեպքում, եթե Հայաստանը դադարեցնի ֆինանսավորել այդ անօրինական կազմավորումը, իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից և հեռանա մեր տարածքից: Այդ ժամանակ փաստարկներ կունենաք այդ մարդկանց հետ խոսելու համար»:

Իլհամ Ալիևը հայտարարեց, որ շաբաթ օրը հրադադարի խախտման հետևանքով «ադրբեջանցի զինվոր է զոհվել հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»: Նիկոլ Փաշինյանը պարտքի տակ չմնաց: «Մեր զինվորականն էլ վիրավորվել է ադրբեջանական կողմի կրակոցից»: Միևնույն ժամանակ երկու երկրների ղեկավարները պնդում էին, որ հարցը փակուղում է գտնվում ոչ իրենց մեղքով: «Անհնար է հակամարտությանը վերջ դնել մեկ-երկու քայլով: Մեզ պետք է մինի-հեղափոխություն, բեկում: Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանը և Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել՝ հարցի լուծման համար»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պատրաստ ենք բանակցություններին և վաղուց տվել ենք մեր համաձայնությունը Ռուսաստանի նախաձեռնությանը՝ ուղղված հակամարտության փուլային կարգավորմանը»,- իր հերթին ասաց Ալիևը:

Սելեսթ Ուոլանդենին այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել զրուցակիցներից՝ նույն բեմի վրա ելույթ ունենալու պատրաստակամության համար: Հաշվի առնելով թեմայի շուրջ կրքերը՝ դա կարելի է իսկապես ձեռքբերում համարել՝ եզրափակում է «Կոմերսանտ»-ը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829