Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որևէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն. Արմավիրից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ

Փետրվար 17,2020 13:20

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը 2019թ-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար և այս տեսանյութն էր ստացել, որ իրենց քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։ Հետագայում այդ լուրը հաստատվեց նաև ԶԼՄ-ներից մեկի հրապարակման արդյունքում։

Պարզվեց, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ և նոյեմբեր ամսից սկսած վերամշակում է այն այդ գործարանում։

Մենք դեկտեմբերի 27-ին հարցում ուղարկեցինք պետական երկու կառույցների՝ հետևյալ տեղեկությունները ստանալու նպատակով․

– ո՞ր ընկերությունն է իրականացնում այդ գործունեությունը, արդյո՞ք այդ գործարանն ունի հաստատված նախագիծ, անցել է արդյո՞ք ՇՄԱԳՓ գործընթաց, հանրային լսումներ, ունի արդյո՞ք բնապահպանական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություններ, սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ։

Հարցման պատասխանների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց հետևյալը․

1․ 2005թ-ի դեկտեմբերի 22-ին Արմավիրում անցկացվել են «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի գործունեությունը սկսելու վերաբերյալ հանրային քննարկումներ, որին ըստ արձանագրության մասնակցել են մոտ 20 քաղաքացիներ, իսկ գործարանի կառուցման դեմ արտահայտվողներ չեն եղել։

2․ Այս ընկերության ներկայացված ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծին 2006թ-ի հունվարի 27-ին բնապահպանության նախարարությունը տվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն՝ ԲՓ-05։ Այդ եզրակացությունը հաստատել է տխրահռչակ նախարար, հանքատեր Վարդան Այվազյանը։

3․ 2006թ-ի հոկտեմբերի 12-ին ընկերությունը ՀՀ կառավարության որոշումով ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար: Ամենայն հավանականությամբ հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։

4․ Իսկ արդեն 2013թ-ի հոկտեմբեր ամսին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 միլիոն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին և մի շարք կազմակերպությունների ու բանկերի։

5․ Նույն 2013թ-ի ապրիլին բնապահպանության նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն է տալիս «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» անունով մեկ այլ ընկերության, որն ստեղծվել է 2012թ-ի ապրիլի 6-ին, բայց ուշադրություն՝ թույլտվության մեջ գրելով, թե «ՕԶՖ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն՝ ԲՓ-05 տրված 27․01․2006թ։ Այսինքն՝ ըստ այդ թույլատրությունը ստորագրած մեկ այլ կոռուպցիոներ նախարար Արամ Հարությունյանի, 2012թ-ին ստեղծված ընկերությունն ունի 2006թ-ին տրված դրական եզրակացություն։ Հիրավի ֆանտաստիկա է այս ամենը։ Ստացվում է, որ մի ընկերությունը գործունեություն է ծավալել ու հիմա էլ ծավալում է այլ ընկերության ստացած դրական եզրակացության հիման վրա։

6․ Ընդորում՝ 2006թ-ի փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ համաձայն ՍՆ245-71-ի սանպաշտպանիչ գոտին կազմում է 500 մետր, ինչն ապահովված է։ Իսկ 2013թ-ի ՍԹԱ-ի թույլտվության մեջ արդեն այդ նույն գոտին դառել է 300 մետր։

Օրենսդրական դաշտի խախտումների այս փաստերին ծանոթանալուց հետո մենք միամտորեն կարծում էինք, թե այս պատասխանն ու փաստաթղթերը մեզ ուղարկած ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այլ պետական մարմինների հետ միասին համապատասխան քայլեր կձեռնարկի, ինչի արդյունքում կկասեցվեն այս գործարանի աշխատանքները։ Բայց 2020թ-ի փետրվարի 15-ին ստանում ենք նոր տեսանյութ Արմավիրից, որտեղ երևում է, թե ինչ թափով է աշխատում և արտանետումներ անում այդ նույն գործարանը։

Փաստորեն նախարարությունում համարում են, որ այս ամենը նորմալ է և ոչ մի քայլ ձեռնարկելու կարիք չկա։ Նորմալ է այս վիճակը, երբ սնանկացած ընկերության 2006թ-ին ստացած եզրակացության հիման վրա կարելի է 2013թ-ին ՍԹԱ թույլտվություն տալ մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննություն անցնելու կարող է գործունեություն իրականացնել մեկ այլ ընկերության ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել և մեր հարցումը փոխանցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից փետրվարի 3-ին ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիր քաղաքում մոլիբդեն վերամշակող որևէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Այսպիսի ապօրինությունները չնկատելն ունի իր անվանումն ու ակնհայտ է, որ ՀՀ կառավարության տարբեր օղակներում ցավոք շարունակվում են նախորդների բարքերը, և ամեն հարցումից հետո համոզվում ենք, որ պետք է շտապ հեղափոխական քայլեր ձեռնարկել։ Սպասում ենք կոնկրետ այս խնդրի հետ կապված հետագա քայլերին ու պարզաբանումներին։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Սույն թվականի փետրվար ամսին Ձեր կայքում հրապարակվել է մեր ընկերության և գործարանի գործունեության օրինականությունը կասկածի տակ դնող և մեր բարի համբավը անհիմն սևացնող և վատաբանող նյութեր:
    Հրապարակումներին և դրանց կցված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ներքոնշյալ հղումներով՝

    http://www.panarmenian.net/arm/news/278019/,
    https://news.am/arm/news/560744.html,
    https://www.aravot.am/2020/02/17/1094651/, https://www.facebook.com/groups/armecofront/permalink/2913770995350539/?_rdc=2&_rdr)

    Ձեր կողմից բարձրացված հարցերից միակը, որ ենթադրաբար կարող էր իր մեջ էական խնդիր պարունակել, այն է, որ ՙՕԶՖ Պրոդաքշն՚ ՍՊԸ-ն սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվներ է ստացել ՙՀոկտեմբերյանի Ֆերոսպլավ գործարան՚ ՍՊԸ-ի կողմից ստացված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության թիվ ԲՓ-05 եզրակացության հիման վրա: Այդ մասով ցանկանում եմ հայտնել Ձեզ, որ ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ գործարանում վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում նախատեսելու դեպքում օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
    Սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվություն ստանալը՝ առանց վերը թվարկված գործողությունների նախատեսման, ենթակա չէ փորձաքննության, առավել ևս հանրային լսումների:
    Հրավիրում եմ Ձեր ուշադրությունը առ այն, որ իրավաբանական անձ շահագործողի փոփոխություն հասկացությունը օրենքում չի դիտարկվում, օրենքի բոլոր դրույթները վերաբերում են շահագործվող ֆիզիկական օբյեկտին:
    Կից ներկայացնում ենք վերոնշյալ հարցով ՀՀ Շրջակա Միջավայրի Նախարարության գլխավոր քարտուղար Վ. Ջիլավյանի կողմից մեզ 05.11.2019թ-ին տրված թիվ 5/32/1069 համարով գրությունը: Ձեր կողմից կատարված հրապարակումներում բերված ենթադրական և սեփական մտահորիզոնով ՙհիմնավորված՚ դատողություններ չկատարելու, առավել ևս օրենքի տառին հակասող գործունեություն չիրականացնելու նպատակով մենք մինչև արտադրության վերաբացումը համապատասխան ճշտումներ ենք կատարել պետական մարմիններից՝ օրինական կերպով և առանց կոռուպցիոն գործիքների:
    Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՙմեր կողմից իրականացվող ապօրինությունների բացահայտումների՚ համար ՙհիմք՚ է հանդիսացել նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության Գլխավոր Քարտուղար՝ պրն. Վահագն Օհանյանի կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ պրն. Վիգեն Ավետիսյանի անունով առանց հերթական համարի և ամսաթվի (համաձայն փաստաթղթում դրված էլեկտրոնային ստորագրության՝ 22.01.2020թ-ին ստորագրված), ի լրումն ԱԻ նախարարության թիվ 02/06.2/187-2020 գրության և ի պատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ պրն. Վիգեն Ավետիսյանի կողմից 15.01.2020թ-ին ստացված թիվ 327-2020 գրության կազմված գրությունը, որում բառացի նշվում է, որ ՙՌեեստրի տվյալների համաձայն Արմավիր քաղաքում մոլիբդենի վերամշակմամբ զբաղվող որևէ գործարան՝(ընկերություն) որպես արտադրական վտանգավոր օբյեկտ, հաշվառված չէ, և ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի կողմից Արմավիր քաղաքում մոլիբդենի վերամշակմամբ զբաղվող որևէ գործարանի հետ կապված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի իրականացվել՚, ցանկանում ենք հայտնել, որ վերոնշյալ պատասխանը մեզ համար անհասկանալի է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՙՕԶՖ Պրոդաքշն՚ ՍՊԸ-ն ամեն տարի պարտադիր կարգով և բարեհաջող կերպով անցնում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, վերջին պայմանագիրը ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի հետ կնքել է 02.10.2019թ-ին (Տեխնիկական անվտանգության փորձաքննության թիվ 48 պայմանագիր առ 02.10.2019), որը ստորագրված և կնքված է ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Հովսեփյանի կողմից, 14.01.2020թ-ին ստացել է Բ2334141431 սերիա-համարով, փորձաքննության դրական ավարտը հավաստող հաշիվ-վավերագիր, որի մասով չկատարված դրամական պարտավորություններ չունի: Միաժամանակ մեր փաստաթղթերում առկա է 2019թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՆՁԱՄԲ ՎԱՀԱԳՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ վավերացված՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունների ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ահռելի փաթեթ՝ երկու ամբողջական թղթապանակի տեսքով: Փաստաթղթերի համարները և ամսաթվերը չեմ կարող թվել՝ մեծ քանակի պատճառով, սակայն կարող եմ նշել, որ ՙՕԶՖ Պրոդաքշն՚ ՍՊԸ-ն 2019թ-ի նոյեմբեր ամսվանից սկսած զբաղվում է բացառապես մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ, որի մասին պրն. Օհանյանը չէր կարող տեղյակ չլինել: Վավերացված եզրակացություններից և վկայականներից 5-ի առաջին էջերը կցվում են:
    Մենք սույն ծանուցմանը զուգահեռ ծանուցում ենք ուղարկել նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության Գլխավոր Քարտուղար՝ պրն. Վահագն Օհանյանին, որի պատճեն ուղարկված է նաև Ձեզ՝ բոլոր շահագրգիրռ կողմերին. հույս ունենք պարոն Օհանյանի ժխտողական դիրքորոշումը չեղարկող պատասխանը չի ուշանա:

    Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՙՕԶՖ Պրոդաքշն՚ ՍՊԸ-ն գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, տալիս է հարկային և այլ հաշվետվություններ, կատարում է հարկային վճարներ, ունի միջինում 70 աշխատակից, որոնք բոլորը անխտիր (ինչպես նաև վերջիններիս կողմից ստացվող ԱՎՈՒՄ-ները) գրանցված են հարկային մարմնում, զբաղվում է մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ, ֆերոմոլիբդենի արտադրությամբ և արտահանմամբ. ինչպես նշված է պարոն Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան գրառման մեջ՝ ՙծայրից ծայր ապօրինի՚ հիմնարկ չէ, ընդհակառակը՝ ՙծայրից ծայր գերօրինական է՚:

    Հրապարակումներում այլ իմաստալից հարցեր բարձրացված չեն. բերված կաղապարային արտահայտությունները և փաստարկները՝ ՙծայրից ծայր ապօրինի՚, ՙինչ-որ գիշերային ծուխ՚, ՙվտանգավոր ծուխ՚, ՙկոռուպցիոներներ՚, ՙահազանգեր՚, ՙաչք փակել՚, ՙթունավորել՚ և համանման այլ գրառումները պատիվ չեն բերում ԶԼՄ հասկացությանը, հատկապես այն պարագայում, որ համապատասխան հրապարակումների ոչ հեղինակները, ոչ էլ կատարողները չեն ունեցել բավարար ինֆորմացիա (ոչ էլ օրենքով պատվիրակված կամ բարոյական իրավունք)՝ համանման պնդումներ կատարելու համար:

    Սույն ծանուցման մեջ բերված փաստարկները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ հրապարակումների հեղինակը և/կամ տարածողները ունեն անձնական շահագրգռվածություն՝ մեր ընկերության գործունեությանը վնասելու, կամ ժամանակի ավելցուկի պատճառով ավելի հետաքրքիր զբաղմունք չեն գտել, քան անհիմն կամ ենթադրություններով ՙհիմնավորված՚ հայտարարություններ տարածելը: Հակառակը խնդրում եմ ապացուցեք ինքներդ, այլապես մեր մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք Ձեր սեփական պատկերացումը ընդունում եք, որպես կայացած փաստ:

    Սույն ծանուցմամբ պահանջում եմ պաշտոնապես և հրապարակային կարգով, այդ թվում սույն ծանուցման մեջ նշված բոլոր սուբյեկտներին անձնապես ծանուցելու եղանակով հերքել Ձեր կողմից նախորդիվ կատարված հրապարակումներում բերված փաստարկները և դրանով խոչընդոտել մեր բարի համբավի անհիմն վատաբանմանը:

    Հետգրություն.
    Մեզ հատկապես վիրավորում է այն հանգամանքը, որ հետհեղափոխական շրջանում ՀՀ-ում և հայ ժողովրդի վարքագծի մեջ ակնհայտ տեղի ունեցող դրական փոփոխություններից ոգեշնչված՝ ծագումով հայ, Չեխական հանրապետության քաղաքացի ներդրողը գումար է հատկացրել մեր երկրում դեռևս ցավալի իրականություն հանդիսացող ՙկանգնած՚ գործարաններից մեկի վերաբացման համար՝ դրանով ստեղծելով մոտ 70 աշխատատեղ Արմավիր մարզում, նպաստելով մարզի առևտրի զարգացմանը, և որպես այդ բարձր քայլի պատասխան է ստանում ՙերկրի ապագայով անհանգստացող՚ սուբյեկտների ինֆորմացիոն բացասական ՙգրոհը՚:
    Երկրի ապագայով ԻՐԱՊԵՍ անհանգստացող բոլոր անձանց, այդ թվում սույն ծանուցման մեջ նշված սուբյեկտներին և անձանց հրավիրում ենք ցանկացած պահի համենալ գործարան և անխափան կերպով ծանոթանալ գործունեությանը (հայտնաբերված խնդիրների դեպքում ուրախ կլինենք լսել սրտացավ խորհուրդներ սրտացավ անձանցից):

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829