Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիահույս եմ, որ անակնկալը ԵՊՀ-ի համար տհաճ չի լինի»

Փետրվար 17,2020 13:00

Մարտի 23-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կընտրի նոր ռեկտորին։ Մինչ այդ մամուլում զանազան տեղեկություններ են հայտնվում հավանական թեկնածուների եւ անսպասելի զարգացումների վերաբերյալ։ Մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բարեփոխումների այլընտրանքային հարթակի անդամ, պ.գ.թ., ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի հետ։  

– ԵՊՀ-ում իրավիճակը կրկին լարված է. ի՞նչ գնահատական կտաք։

– ԵՊՀ-ում իրավիճակը լարված է բավական երկար ժամանակ, ինչի պատճառը պետք է փնտրել  թե՛ համալսարանի ներսում, թե՛ համալսարանից դուրս։ Այս լարվածությունը նախեւառաջ բուհի ներսում առկա անորոշության եւ ոչ կայուն կառավարման համակարգի արդյունքն է։ Մի կողմից խոսվում է բուհերում անհապաղ արդիական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ դեռեւս հստակ չէ, թե ովքեր, ինչ շրջանակներ, ինչ արժեքներ ու գաղափարներ կրող մարդիկ են գլխավորելու այդ գործընթացը, երբ է դա լինելու եւ այլն։ Մյուս կողմից՝ համալսարանականների շրջանում, ցավոք, գերիշխող է այն մտայնությունը, որ ԵՊՀ ռեկտորը պետք է ստանա նաեւ դրսի՝ իշխանությունների աջակցությունը, ինչը ժխտելու եւ կասկածները փարատելու առնչությամբ հստակ ու անկեղծ հայտարարություն, որը նաեւ կբխեր բուհական ինքնավարության սկզբունքներից, չի եղել։ Այս ամենին գումարվում է նաեւ հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական որոշակի լարվածությունը, մարդկանց հնի ու նորի, նախահեղափոխականի ու հետհեղափոխականի հետ ասոցացնելու արատավոր մոտեցումները, ինչն անվստահություն է հարուցում եւ ապակայունացնում առանց այն էլ ոչ կայուն մթնոլորտը։ Ուստի այս լարվածությունը ցրելու եւ համալսարանական գործընթացները կոնստրուկտիվ հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է առանց ձգձգումների անցկացնել ռեկտորի բաց, թափանցիկ, մրցակցային ընտրություններ եւ համախմբել համալսարանը առկա մարտահրավերների դիմաց։

– Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՝ ԵՊՀ ռեկտորի իշխանական թեկնածուն դառնալու մասին, ապա հերքվեց դա։ Հավանական համարո՞ւմ եք, որ ԵՊՀ-ից դուրս թեկնածուներ եւս կմասնակցեն ռեկտորի մրցույթին։

– Այդ տեղեկությունը կարծեմ հերքվեց Վաչե Գաբրիելյանի կողմից, բայց խնդիրը դրանում չէ։ Խնդիրը ոչ թե անձերի, այլ երեւույթի մեջ է՝ դրսից ԵՊՀ ռեկտորի թեկնածու բերելու մեջ է։ Այս երեւույթն անընդունելի է մի քանի պատճառով։ Նախ՝ այս մոտեցումը արդարացի կհամարվի, եթե համալսարանի ներսում չլինեն մարդիկ, շրջանակներ, որոնք ի զորու չեն լինի հասկանալու համալսարանի խնդիրները, ձեւավորելու բարեփոխումների օրակարգ եւ ձեւակերպելու զարգացման ռազմավարություն ու մարտավարություն։ Մինչդեռ ես համոզված եմ, որ ԵՊՀ-ում առկա է նշվածն ապահովելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ։ «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը, որը միավորում է համալսարանի գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչների՝ առաջադեմ, փորձառու, պատասխանատու, հարգված ու հանձնառու դասախոսների, ովքեր շատ շուտով, ռեկտորի ընտրություններին ընդառաջ, կներկայացնեն բարեփոխումների ու զարգացման հավակնոտ, համապարփակ, չափելի ու իրատեսական ծրագիր։ Երկրորդ՝ դրսի թեկնածուն միայնակ չի կարող կազմել բարեփոխումների ու զարգացման ծրագիր եւ ներկա դժվարին կացության մեջ իրականացնել արդյունավետ կառավարում. դրա համար նրան համալսարանի խնդիրներից ու հնարավորություններից քաջատեղյակ թիմ, համախոհներ են պետք, ինչը ես չեմ պատկերացնում։  Երրորդ՝ յուրաքանչյուր մարդ, ով կհավակնի այդ կարեւոր պաշտոնին, պետք է որոշակի ճանաչում, հետեւապես նաեւ աջակցություն ունենա համալսարանի ներսում, քանի որ առանց այդ աջակցության հնարավոր չէ ձեւավորել ու իրագործել բարեփոխումների օրակարգ։ Հաջորդը, դրսի թեկնածուն չի կարող տիրապետել համալսարանի խնդիրներին, իրազեկ լինել այստեղ առկա միջանձնային ու ինստիտուցիոնալ հարաբերություններին, ֆորմալ ու ոչ ֆորմալ գործընթացներին, կրթական ու հետազոտական ենթակառուցվածքին, ռեսուրսներին, առկա ծրագրերին եւ այլն, իսկ առանց այս ամենի հնարավոր չեմ համարում մշակել ու իրականացնել զարգացման ռազմավարություն։

– ԱԺ պատգամավոր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ չի բացառում, որ ԵՊՀ-ում անակնկալ զարգացումներ կլինեն։ Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ մասին էր ակնարկում իշխանության ներկայացուցիչը։

– Անկեղծ ասած, առկա տեղեկատվության ու ապատեղեկատվության առատության պայմաններում դժվարանում եմ գուշակել, թե որ գործիչն ինչ է ակնարկում, նաեւ տեղյակ էլ չեմ Հովհաննես Հովհաննիսյանի ակնարկից, այդուհանդերձ լիահույս եմ, որ անակնկալը համալսարանի համար տհաճ չի լինի։ Միեւնույն ժամանակ, անկախ այս դեպքից, ակնարկի կամ անդրկուլիսային խոսակցությունների ոճը ճիշտ չեմ համարում. նախ՝ սա հակասում է թափանցիկության հայտարարված սկզբունքներին, երկրորդ՝ ծածուկությունը, մինչեւ վերջ փակ խաղաքարտերով խաղալու ոճը, շիտակ ու անկեղծ երկխոսությունից խուսափելը բացասաբար են անդրադառնում իշխանություն-համալսարան կամ հասարակություն-համալսարան հարաբերություններում ակնկալվող վստահության ու հարգանքի վրա, դժվարացնում այդ հարաբերությունները, ինչն էլ հղի է բուհի զարգացման գործընթացն արգելակելու վտանգով։

Զրուցեց ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829