Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ գործող իշխանության քաղաքական ապագայի համար հանրաքվեի ընթացքում «այո»-ի կողմնակիցների պարտությունը ճակատագրական կլինի»

Փետրվար 17,2020 13:30

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձավ սահմանադրական հանրաքվեին, Արցախում սպասվող ընտրություններին, ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունների ներկայիս փուլին, Ադրբեջանում կայացած ընտրություններին եւ այլ հարցերի:

-Սահմանադրական հանրաքվեի հետ կապված ո՞րն է Ձեր դիրքորոշումը: Արդյոք պահը հասունացե՞լ էր, ինչպե՞ս կգնահատեք ԱԺ-ի այս որոշումն իրավական տեսանկյունից:

-Ինքս իրավագետ չեմ, ուստի խնդիրը պետք է դիտարկեմ զուտ քաղաքական տեսանկյունից: Վարչապետ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի իշխանության գալուց հետո ռազմավարական տեսանկյունից նպատակահարմար կլիներ սահմանազատվել նախորդ իշխանությունների ծանր քաղաքական, նույնիսկ քրեա-քաղաքական ժառանգությունից, ինչը չարվեց: Եթե նոր իշխանությունները ճանաչեին այն իրողությունը, որ նախորդներն իշխանությունը զավթել եւ պահել են համապետական ընտրությունների տոտալ կեղծման միջոցով եւ նույն կերպ էլ նոր Սահմանադրությունն են փաթաթել ՀՀ քաղաքացիների վզին, ապա այս հանրաքվեի անհրաժեշտությունը բնավ չէր ծագի: Այժմ ՀՀ ՍԴ շուրջ ձեւավորված իրավիճակը պարպելու համար որոշվեց հանրաքվե անցկացնել ու հարցը թողնել քաղաքացիների հայեցողությանը: Փաստացի իրավիճակն այնպիսին է, որ հանգամանքների բերումով տեղի է ունեցել այն, ինչը հանդիսանում է ժողովրդավարական պետությունների բնականոն կենսագործունեության համար կարեւոր նախապայման եւ աննախադեպ է Հայաստանի համար՝ երկրի բարձրագույն դատական ատյանը լիովին անկախ է գործում գործադիր եւ օրենսդիր իշխանություններից եւ հրաժարվում է ենթարկվել նրանց քաղաքական պահանջներին: Եթե վերացարկվենք միջանձնային հարաբերություններով պայմանավորված բարդույթներից, ապա, անկախ հանրաքվեի անցկացման փաստից, դատական իշխանության այս անկախությունը պետք է դիտարկվի որպես մի կարեւոր նախադեպ, որի հիման վրա կձեւավորվի ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ փոխհարաբերությունների նոր վարքականոնը: Միեւնույն ժամանակ, չեմ կարծում, որ գործող իշխանության քաղաքական ապագայի համար հանրաքվեի ընթացքում «այո»-ի կողմնակիցների պարտությունը ճակատագրական կլինի:

-Ի՞նչ զարգացումներ են ընթանում Արցախում. 2020-ի գարնանը տեղի կունենան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Օրեր առաջ հայտարարվեց, որ Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանին: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում եւ ի՞նչ ակնկալել Արցախում ընտրություններից: Ո՞րն է այս ընտրությունների առանձնահատկությունն ու կարեւորությունը:

-Որքան գիտեմ, Մասիս Մայիլյանին աջակցելու հայտարարություններ են արել արցախյան մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Սամվել Բաբայանը: Այդուհանդերձ կան հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ընտրապայքարի հնարավոր արդյունքները հաշվարկելիս: Բանն այն է, որ Արցախում քաղաքացիների մոտ կուսակցական բոլոր կառույցների հանդեպ խորը անվստահություն կա: Սա Արցախի քաղաքական նախորդող պատմության բնական հետեւանքն է՝ արցախյան կուսակցությունները, ինչպես որ դա սովորաբար եղել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում, լծվել են շատ կոնկրետ անհատների ու նեղ քաղաքական-ֆինանսական խմբավորումների շահերն ապահովելու գործին: Այդ իսկ պատճառով այնտեղ այս կամ այն անհատի, քաղաքական դեմքի անբասիր վարկը շատ ավելի մեծ արժեք ունի շարքային մարդկանց մոտ, քան սատարող տարատեսակ կուսակցական կառույցների եւ ՀԿ-ների անվանումներով համալրված ցանկերը: Եթե ընտրությունների անկեղծիք անցկացումն ապահովված լինի, ապա, իմ կարծիքով, կհաղթի նախագահի այն թեկնածուն, որին Արցախի քաղաքացիները կհավատան եւ դրա համար կունենան հիմնավոր պատճառներ: Ինձ համար մի բան է հստակ՝ մարդիկ կտրականապես չեն ցանկանում որեւէ տարբերակով նախկին իշխանությունների վերարտադրությունը տեսնել եւ չեն հանդուրժելու դա:

-ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո կրկին վերաբացվեցին խոսակցություններն այն մասին, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում սեղանին դրված փաստաթուղթ կա: Ինչպե՞ս կգնահատեք բանակցությունների ներկայիս ընթացքը:

-Նկատելի է, որ պաշտոնական Երեւանը ձգտում է նոր շեշտադրումներ ներմուծել բանակցային գործընթաց, ինչին կատաղորեն դիմադրում է պաշտոնական Բաքուն, իսկ միջնորդներն էլ հարցը թողել են այդ երկկողմ բանակցությունների մասնակիցների հայեցողությանը: Դա նշանակում է, որ քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես չի համաձայնվել վարչապետ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների իրավահավասար մասնակից դարձնելու առաջարկին, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ պաշտոնապես չի հրաժարվել բանակցությունների Մադրիդյան օրակարգից, ապա, քննարկվելու են նախկինում՝ 2007 թվականի դեկտեմբերից շրջանառության մեջ դրված կարգավորման մոտեցումներն ու սկզբունքները:

-Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ արդյոք տեղի՞ն է Արցախում ընտրությունների հետ այս փաստը կապելը:

-Կարծում եմ, որ Ադրբեջանը իշխանության տրանզիտի հարց է լուծում՝ նախապատրաստվում է աշխարհաքաղաքական գալիք զարգացումներին, ինչի համար եւ ալիեւյան իշխանական խմբավորումը ձգտում է կոնսոլիդացնել իր քաղաքական հենարանը եւ ազատվել վստահություն չվայելով դեմքերից: Արցախում անցկացվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կարող են պաշտոնական Բաքվի կողմից դիտարկվել, որպես Ադրբեջանի ներքաղաքական կայունությունը խախտելու ունակ գործոն, եւ այս առումով եւս Ալիեւի վարչակազմի համար կարեւոր էր նախապես ուժեղացնել սեփական իշխանությունը, ընտրությունների միջոցով ավելի կախյալ, հնազանդ ու կառավարելի չինովնիկական խավ ձեւավորելու միջոցով:

-Քաղաքական հայտնի դեմքերի մահվան դեպքերը կարծես վերջին շրջանում օրինաչափություն են դարձել: Սա ինչի՞ հետեւանք է կամ ինչի՞ ազդանշան:

-Ակնհայտորեն սրվել է պայքարը նոր եւ հին իշխանական վերնախավերի միջեւ, իսկ սա, իր հերթին, նաեւ ստիպում է կողմերին իրենց քաղաքական հակառակորդների հանդեպ գործողություններում զերծ մնալ միջոցների ընտրությունից՝ բացի այս կամ այն չափով հիմնավոր փաստարկներից, կիրառվում է ապատեղեկատվությունը, կեղծիքն ու հայհոյախոսությունը: Սա անհանդուրժողականության յուրօրինակ մթնոլորտ է ձեւավորում, որը կարող է տարբեր մարդկանց մղել նաեւ սեփական կամ այլոց կյանքը վտանգող գործողությունների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829