Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ 2017թ. հիմնվեց բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն (գեղարվեստական ղեկավար, դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան): Այն կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը: Դա այն դեպքում, երբ մեր փողային գործիքների դպրոցի երաժիշտները՝ համեմատած դաշնամուրային, լարային, վոկալ դպրոցների ներկայացուցիչների հետ, մինչեւ վերջին տարիները առանձնապես չեն փայլել, ասենք՝ միջազգային հարթակներում:
Թեպետ դա չի նշանակում, որ չունենք եւ ընդհանրապես չենք ունեցել փողային գործիքների բարձրարվեստ երաժիշտներ: Հարությունյանի անվան կայացած երեք փառատոների ընթացքում իրենց մասնակցությամբ միջոցառումը պատվել են այնպիսի երաժիշտներ, որոնք ստեղծագործում են լավագույն նվագախմբերում, հեղինակավոր ուսումնական հաստատություններում: Մեր հանդիսատեսը այդ միջոցառման շնորհիվ ծանոթացավ ֆլեյտահարներ Ագատա Իգրասի, Բլանկա Կերեկեշի, հոբոյահար Մարտին Ֆրուտիգերի եւ մյուս ճանաչված երաժիշտների արվեստին:
Ուշագրավ էր, որ երրորդ փառատոնի բացման համերգին իբրեւ երաժիշտ հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի լիազոր եւ արտակարգ դեսպան Ջուն Յամադան:
Դեռեւս 2019թ. վերջերից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը տարբեր առիթներով նշում էր 2020թ. նախատեսված «ArmBone» տրոմբոնի միջազգային փառատոնի ու վարպետության դասերի մասին, որը, ինչպես վերը հիշատակված փողային գործիքների փառատոնը, աշխարհում անցկացվելու էր առաջին անգամ: Տիկին Դալլաքյանի խոսքը ըստ էության գործի վերածվեց:
Կարդացեք նաև
Փետրվարի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ փառատոնի բացման համերգը: Ի դեպ, դիրիժոր Դիազ Ագիրեի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ մեր հանդիսատեսին առաջին անգամ ներկայացան ճանաչված տրոմբոնահարներ, ազգությամբ հրեա Թոմեր Մաշկովսկին եւ հույն Ջորջ Կրիմպերիսը: Հաջորդ օրը հյուրախաղորդ երաժիշտն ու տրոմբոնահարներ Արիստակես Մարտիրոսյանը, Կարեն Սարգսյանն ու Վահրամ Դավթյանը վարպետության դասեր անցկացրին մեր պատանի երաժիշտների հետ:
Զրույցի հրավիրեցինք փառատոնի կազմակերպիչներին, ֆիլհարմոնիկ նվագախմբի լեգեոներ իսպանացի երաժիշտներին՝ դիրիժոր, տրոմբոնահար Սանտիագո Դիազ Ագիրեին եւ տրոմբոնահար Խուան Պաբդո Խիլին: Նրանց արվեստին մեր ունկնդիրը քաջածանոթ է: Քանիցս երաժիշտները հանդես են եկել ֆիլհարմոնիկի հետ, իսկ Դիազ Ագիրեն ղեկավարել է նվագախումբը: Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ փետրվարի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «ArmBone» տրոմբոնի միջազգային փառատոնի փակման համերգը: «Ծրագիրը կազմված է բացառապես հայ եւ իսպանացի կոմպոզիտորների ստեղծագործություններից, ինչը մեկ անգամ եւս փաստում է երկու ժողովուրդների բարեկամությունը: Սանտիագոյի ղեկավարությամբ նվագախումբը հանդես կգա Խաչատրյանի, Խոակին Թուրինայի եւ Մանուել Դել Ֆալյայի ստեղծագործություններով: Իսկ ես հանդես կգամ Հարությունյանի Տրոմբոնի եւ նվագախմբի կոնցերտի մեկնաբանմամբ»,- ասաց Խուան Պաբդո Խիլը, որը մեր նվագախմբում է 2017 թվականից: 2018-ից ֆիլհարմոնիկի արտիստ Սանտիագո Դիազ Ագիրեն հավելեց, որ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), YerazArt ծրագիրը (ղեկավար՝ Արման Պադարյան), մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան):
Մեր զրուցակիցներին խնդրեցինք հակիրճ ներկայացնել ազգությամբ հրեա եւ հույն հյուրախաղորդ տրոմբոնահարներին:
«Ջորջ Կրիմպերիսը 2011-ից Աթենքի ազգային սիմֆոնիկ նվագախմբի տրոմբոնների խմբի կոնցերտմայստերն է, Աթենքի կոնսերվատորիայի պրոֆեսոր, հանդես է եկել Բեռլին-ֆիլհարմոնիկի, Իսրայելի, Մալթայի եւ նման համբավավոր այլ նվագախմբերի հետ՝ Նյու Յորքի Քարնեգի սրահում, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Մարիինյան թատրոնի համերգասրահում եւ այլուր: Իսկ Թոմեր Մաշկովսկին ներկայումս դասավանդում է Ռոստոկի եւ Հանովերի բարձրագույն երաժշտական դպրոցներում, վարում վարպետության դասեր, երկու տարի առաջ էլ արժանացավ «Yamaha Artist» պատվավոր կոչման: Նա նույնպես հաճախ հրավիրվում է ճանաչված նվագախմբերի կողմից, իսկ կատարողական գործունեությունը սկսել է Բեռլինի Staatskapelle Akademie-ում եւ West-Eastern Divan նվագախմբում, հռչակավոր Դանիել Բորենբոյմի ղեկավարությամբ»,- հայտնեց Սանտիագո Դիազ Ագիրեն: Նրա համերկրացի գործընկերն էլ շտապեց հավելել, որ միջազգային այս փառատոնը մտադիր են դարձնել ավանդական:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի
«Առավոտ» օրաթերթ
15.02.2020