Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչ անեն Պողոսները՝ ԱՅՈ, թե ՈՉ

Փետրվար 17,2020 11:37

Այո՞, թե՞ ոչ: Կարծես հասարակ մի հարց, որի պատասխանն ակնհայտ է այն մարդու համար, ով ներկայիս սահմանադրությանը ոչ է ասել և համարում է այն ոչ լեգիտիմ և ականապատ օրենք: Եթե այս ամենին էլ գումարենք այն, որ ես վերջին խորհրդարանական ընտրություններին իմ ձայնը տվել եմ Նիկոլ Փաշինյանին, պատասխանը կարծես միանշանակ է դառնում, սակայն այս մակերեսային մոտեցումը որևէ առնչություն չունի խոհեմ մարդու իրականության հետ: Մտահոգություններս ավելի մատչելի դարձնելու նպատակով մինչ սպասվող հանրաքվեին անդրադառնալը փորձենք վերլուծել իրավիճակը, չէ՞ որ դրանից է կախված մեր «Այոն» կամ «Ոչը»:

Ի՞նչ հարց ենք լուծում այս հանրաքվեի ընթացքում, պատասխանն այստեղ ակնհայտ է. ազատվե՞լ ներկայիս սահմանադրական դատարանի անդամներից կամ դատավորներից, թե՞ ոչ: Ազատվել նրանցից իմ սուբյեկտիվ կարծիքով, իհարկե, պետք է, սակայն ովքեր պետք է փոխարինեն նրանց՝ պատասխան չկա: Արդյո՞ք նոր դատավորներն այս սահմանադրությամբ կարող են ծառայել երկրի ժողովրդավարության և իրավական զարգացմանը, թե դատապարտված են ծառայելու իշխող դասակարգին՝ պատասխանը միանշանակ է. նորեկները ստիպված են լինելու ծառայել ներկայիս իշխող համակարգին, սա իհարկե ավելի ընդունելի է, քան ներկայիս դատավորների կազմը, սակայն իր մեջ իշխանության ուզուրպացիայի ռիսկեր է պարունակում, ուստի սա հարցի լուծում համարելը սխալ կլինի: Եթե այսօր մենք ունենք ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, դա դեռ չի նշանակում, որ վաղը, Աստված մի՛ արասցե, նշված իշխանությունը շարունակելու է այդպիսին մնալ, կամ ներքին խարդավանքների արդյունքում ինչ-որ ուժեր չեն խլի այն նրա ձեռքից և մենք չենք հայտնվի ստրուկների կարգավիճակում:

Եվ այսպես հեղափոխության արդյունքում մեզ մի կերպ հաջողվեց ցրել խորհրդարանը, քանի որ սահմանադրության մեջ բացակայում էին լծակները, հիմա մենք կանգնած ենք սահմանադրական դատարանը լուծարելու առջև և կրկին իրավական առումով գրեթե նույն խնդիրներն են ի հայտ եկել և որևէ ցանկություն չունենք անդրադառնալու հիվանդության սկզբնաղբյուրին, այլ փորձում ենք, կոպիտ ասած, «եզան լեզվով» բուժել քաղցկեղը: Այն իհարկե հիպոթետիկ կարող է ցավերը թուլացնել, սակայն վերջնական լուծում չէ, ինչը հասկանում են թե՛ հները և թե՛ նորերը: Դա է պատճառը, որ նրանք առճակատման են ելել, սակայն սահմանադրական փոփոխություններ կատարելու ցանկությունն իսպառ բացակայում է բոլորի մոտ: Նրանք իհարկե հասկանում են, որ իրավական երկրում իշխանության բոլոր ճյուղերը միմյանցից պետք է անկախ լինեն, իսկ այս հանրաքվեի արդյունքները, ինչպիսին էլ որ լինեն, նշված հարցի լուծում հանդիսանալ չեն կարող: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ գլոբալ առումով այս հանրաքվեն ժողովրդավարական տեսանկյունից որևէ էական նշանակություն չունի: Սահմանադրության ականները շարունակում են պայթել և մենք շարունակում ենք դրանք անտեսել, քանի որ գլոբալ փոփոխություններից խուսափելով մենք ոչ թե վերանորոգում ենք անձրևի ժամանակ կաթացող տանիքը, այլ թաս ենք դնում անձրևաջրերը հավաքելու նպատակով, ուստի «Այոն» կամ «Ոչը» որևէ էական նշանակություն մեր կյանքում ունենալ չի կարող: Մի՞թե այս ամենը չեն հասկանում իշխանական և ընդդիմադիր թևերում, իհարկե հասկանում են, սակայն նրանցից որևէ մեկը չի ցանկանում ինչ-որ բան փոխել, առաջինները վայելում են ներկայիս սահմանադրությամբ տրված հնարավորությունները, իսկ երկրորդները հույս ունեն, որ մի գեղեցիկ օր էլ իրենց հերթը կհասնի: Եվ այսպես երկրի գլխավոր օրենքը, որ ստանձնել է օրինականության և իրավունքի գահը, կեղծիքների արդյունքում կատարում է իր գլխավոր նպատակը՝ մնում է իշխանավորի, այլ ոչ իշխող դասակարգի վահան:

Այսպիսով այս հարցի շուրջ հակամարտող երկու կողմերն էլ անվերապահորեն և միշտ ճիշտ են, քանի որ երբեք չեն ասում ամբողջական ճշմարտությունը, նրանք անտեսում են այլակարծության գոյության հանգամանքը, նրանց համար մենք գոյություն չունենք՝ Պողոս ենք: Երևի սա է հիմնական պատճառը, որ նախկին իշխանության կողմնակիցները հերոսացնում են Հրայր Թովմասյանին, իսկ ներկաները նրան հրեշ են դարձրել: Այստեղ հարկ է նշել, որ մենք, ժողովրդական լեզվով ասած, «միմյանց վրա բոչկա գլորողների» երկիր ենք: Ճիշտ է, հայտարարել ենք պայքար քրեական ենթամշակույթի դեմ, սակայն նշված մշակույթի «տակ չմնալու, իրար գլխի սարքելով տակից դուրս գալու» գաղափարների կրողն ենք և մեզ համար կարևորագույն արժեք ենք դարձրել այն: Այս ամենի արդյունքում էլ վերջին տասնամյակներում ՀՀ-ում տիրում է լռակյաց, ձայների մեծամասնությամբ ընդունված մշակութային կեղծ օրակարգ: Ամենուր բարերարներով, հերոսներով, կուրծքը ծեծող հայրենասերներով և ընդհանրապես ժողովրդի փրկիչներով ենք շրջապատված և այդ բանակը գնալով համալրվում և հզորանում է, բայց արի ու տես, որ այդ բանակը երկիրը փրկելու փոխարեն, բաժանվելով ջոկատների շրջափակել է մեզ՝ Պողոսներիս, և պայքար է տանում ոչ թե հանուն, այլ ընդդեմ, ունենալով մեկ նպատակ՝ մոլորեցնել սեփական ժողովրդին: Իրականում մենք ձեզ համար Պողոս ենք, թե Պետրոս, որևէ նշանակություն չունի, քանի որ էկրաններից այս կողմ մեզանից յուրաքանչյուրը քիչ թե շատ հասկանում է քաղաքական պատերազմների միակ պատճառը, քանի որ իրականում ի վիճակի ենք տարանջատել պատճառը առիթներից, գիտենք, որ այս ամենը սոսկ աթոռի կռիվ է: Շրջափակման մեջ ընկած ժողովրդին ոչինչ չի մնում, քան փախչել կամ կռվել: Եվ քանի որ կռվելու համար չկա գաղափարախոսություն, ապա մնում է փախչելը՝ դա է վկայում արդեն 20 տարուց ավելին սփյուռքահայերի շարքերը համալրած և ներկայումս էլ նրանց միացող մեր հայրենակիցների ահռելի բանակը: Շատ կարճ տևողությամբ կարծես լույս վառվեց հեղափոխության ժամանակ, մենք միասնական էինք և երջանիկ, սակայն հայկական գենետիկ հիվանդությունը, որը հոլիվուդյան դերասանների մոտ «Աստղային հիվանդություն» անվանումն է ստացել, կրկին մթագնում է մեր կյանքը: Ինչպես կասեր Վլադիմիր Գասպարյանը՝ «Սթափվե՛ք, գժուկներ, սթափվե՛ք», և դա պետք է թե՛ աթոռից ցած ընկածներին, և թե՛ աթոռի վրա բարձրացածներին: Նախկինները չհասկացան դա:

Այժմ խոսենք սահմանադրության և հանրաքվեի մասին: Այսպիսով՝ ինչպես արդեն հասկացաք, իմ սուբյեկտիվ կարծիքով, իրենց մղումներում անկեղծ չեն կողմերից և ոչ մեկը, նրանց ճշմարտությունը գնահատելիս իմ կարծիքով աներկբա հասկանում ես, որ ստում են երկուստեք, թաքցնելով ակնհայտ ճշմարտությունն ուղղակի բառախաղերով են զբաղված: Անկեղծ լինելով ինքս իմ առջև ասեմ, որ ես հասկանում եմ Փաշինյանի կողմից հնչեցրած այն ճշմարտությունը, որ սահմանադրական դատարանն այս կազմով իրավասու մարմին համարվել չի կարող, սակայն գնահատում և արժևորում եմ նշված դատարանի հանրային ներկա փուլում շղարշով թաքցրած պարկեշտ վարքագիծը: Սակայն ընտանիքի գլուխը չի կարող հույս ունենալ, որ իր ընտանիքի անդամները կբռնեն քաղաքակրթության ուղին, եթե այդպիսի ուղու քարոզը տարվում է սպառնալիքի և հայհոյանքների լեզվով:

Այսպիսով՝ հակամարտող կողմերի կիսատ ճշմարտության մեջ ինձ համար ընտրություն չկա, ես կրկին չունեմ ընտրություն, քանզի չեմ կարող հավանություն տալ իմ ձայնով մանկապարտեզից դուրս մնացած և խորհրդարանում հայտնված աղջնակին կամ խորամանկությամբ ինձանից այլոց հետ միասին սահմանադրություն խլած համեստ, իրավունքի պաշտպանի և խորիմաստ հայրենասերի դիրք բռնած, սակայն իրականում իմ իրավունքները ոտնահարած մարդու պաշտպանությանը: Ես՝ Պողոսս, զրկվել եմ իմ ընտրական իրավունքից, քանզի չեմ ցանկանում ընտրել չարիքի փոքրագույնը՝ այս այոյի և ոչի միջև ընտրություն չկա: Այստեղ ակամայից հիշում ես այն ասացվածքը, որ եթե ընտրությունները ինչ-որ բան որոշեին, ապա քաղաքական իշխանություններն արդեն վաղուց ժողովրդին զրկած կլինեին այդ իրավունքից: Ինչևէ՝ չգնալ հանրաքվեի կամ ոչ ասել նշանակում է հաստատել, որ կերա նախկինների կուտը և կողմնակից եմ այս պարկեշտության և օրինականության շղարշին, իսկ գնալ ընտրության և այո ասել, նշանակում է, որ ես գիտակցաբար թույլ եմ տալիս, որպեսզի ինձ ընտրության առջև կանգնեցրած, իմ ընտրության արդյունքում իշխանության եկած համակարգն ինձ խաբի, այսինքն` գիտակցաբար կատարում եմ անուղղակի դիտավորությամբ հանցագործություն:

Արդյունքում այս մի կաթիլ մեղրի պատմության լուծման համար ես՝ Պողոսս, ինձ համար կրկին ելք չեմ տեսնում: Մի կողմից Փաշինյանը բամփում է Թովմասյանին, քանի որ նա պղծել է սահմանադրությունը, մյուս կողմից, վերջինս պաշտպանվում է, քանի որ Փաշինյանն իրեն բամփում է: Ուստի, վերոնշյալ հանգամանքները փաստարկված գնահատելիս, առկա է հիմնավոր կասկած առ այն, որ անկեղծ չեն երկուսն էլ, քանի որ իմ քայլականները ձևացնում են թե իրենց դուր չի գալիս Թովմասյանի գրած սահմանադրությունը, սակայն վայելում են նրա տված բարիքները, իսկ Թովմասյանը և նրա աջակիցները ձևացնելով, որ չեն հասկանում, թե ինչու են իրենց բամփում, մեզ մոլորության մեջ են գցում՝ անմեղ զոհի աչքերով նայելով Պողոսներիս, օգնություն և կարեկցանք հայցելով: Ընդհանուրը միայն այն է, որ նրանք երկուսն էլ մեզ հայրենիքի կորստով են վախեցնում, սակայն եթե Թովմասյանին մենք հանրաքվեի ժամանակ կարող ենք պատժել իր կողմից թույլ տված սխալների համար, չօգտագործեմ հանցանքներ բառը, պահպանելով անմեղության կանխավարկածը, ապա Փաշինյանին պետք է hետ պահել սխալներ գործելուց, վերոնշյալ նկատառումներից ելնելով, նույնպես չօգտագործենք հանցանք բառը, սակայն այս դեպքում ելնելով ոչ միայն Փաշինյանի շահերից, այլ հիմնականում մեր ժողովրդական արժեքներից, քանի որ շատերս միամտորեն և միևնույն ժամանակ մտածված նրան ձայն ենք տվել, որ հակաիրավական համակարգը փոխվի իրավականով, այլ ոչ նրա համար, որ մի օր կանգնենք մաթեմատիկական փաստի առջև և արձանագրենք, որ ոչ թե իրադրություն ենք փոխել այլ գումարելիները, իսկ ինչպես բոլորս գիտենք դրանց տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ իմ հարգարժան կոլեգա իրավաբաններից և քաղաքական մի քանի գործիչներից ոմանք անիմաստ աղմուկ-աղաղակ են բարձրացրել հանրաքվե անցկացնելու հարցը սահմանադրական դատարան չուղարկելու հարցի շուրջ, ապա հիշեցնեմ նրանց, որ ոչ ոք չի կարող իր գործով լինել դատավոր, սա իրավական աքսիոմա է, ահա պատճառը, որ հանրաքվե անցկացնելու մասին օրենքը չի ուղարկվում դատարան, սահմանադրական դատարանի անդամները չեն կարող այս գործով արդարադատություն իրականացնել և բացի այդ որտեղ էին այդ մարդիկ, երբ սահմանադրություն գրողները զրկում էին սեփական ժողովրդին հանրաքվե անցկացնելու իրավունքից, թե մտածում էին, որ իրենց աթոռները այնքան ամուր են, որ երբեք ընդդիմադիր չեն դառնալու: Հիմա էլ նրանցից ոմանք փրկիչներ են դարձել և վարչապետի ծանր խաչը սկզբում առաջարկելով այլոց և, չգտնելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերող հերոսներ, անձնազոհությամբ ինքնակամ պատրաստակամություն են հայտնում ստանձնել այդ տառապանքները, ստեղծել ժամանակավոր կառավարություն, այստեղ է, որ ակամայից հարց է ծագում՝ մե՞զ են գժի տեղ դնում, թե՞ իշխանությունը կորցնելով իրենք են գժվել:

Վերոգրյալի հիման վրա «Այո» և «Ոչ» ասելու ժողովրդի իրավունքը համարում եմ իրավական պետության հիմնաքար, թեև հանրաքվեի արդյունքում առաջ քաշած հարցը կոռեկտ չէ ներկայիս իրականության մեջ, քանի որ ես կողմնակից եմ համակարգային լուրջ փոփոխությունների, սակայն այս ճգնաժամը լուծելու նպատակով ինձ որևէ բան չի մնում, քան իմ ընտրությամբ իշխանության եկածներին տալ վերջին վստահության վարկը և ասել «Այո»: Բայց նաև ասեմ, որ ես մտահոգված եմ, քանի որ ՌԴ դաշնության նախկին վարչապետ Չեռնոմիրդինի խոսքերը ՀՀ-ի պարագայում կարող են դառնալ իրականություն. «Ցանկանում էինք, որ լավ լինի, սակայն կրկին ստացվեց ՀՀԿ»:

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829