Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ կազմակերպություն, թե՞ ստարտափ. որտեղի՞ց սկսել կարիերան

Փետրվար 17,2020 00:15

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը օրեցօր աճում է, և աշխատանք ընտրելիս հաճախ հարց է առաջանում՝ փորձե՞լ աշխատանք գտնել մեծ կազմակերպությունում, որն արդեն հաջողության է հասել և ունի քիչ թե շատ երաշխավորած ապագա, թե՞ ռիսկի դիմել՝ ընտրելով ստարտափ կազմակերպությունը և փորձել գրեթե զրոյից հաջողության հասնել փոքր թիմի հետ միասին։

Արման Քուչուկյանը իր կարիերան սկսել է, երբ դեռ ուսանող էր։ «Սինոփսիս» ընկերությունը նրան նկատել և փորձաշրջանի է հրավիրել որպես միկրոչիպերի դիզայներ։ Փորձաշրջանից հետո նրան հրավիրել են աշխատանքի, և այնտեղ աշխատել է վեց տարի։ «Սինոփսիսում» աշխատելու հետ զուգահեռ նա որոշել է ստանալ երկրորդ մասնագիտություն՝ բիզնեսի կառվարման և մարքեթինգի խորացումով։

Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո, հիմնական՝ «Սինոփսիսի» աշխատանքին զուգահեռ Արմանը ձեռք է բերել նաև մարքեթինգային աշխատանքի որոշ փորձառություն։ Այնուհետև ստացել է աշխատանքի առաջարկ այդ ոլորտում և որոշում է կայացրել դիմել մեծ ռիսկի և լքել «Սինոփսիսը»՝ տեղափոխվելով նորաստեղծ GENO6 կազմակերպությունը, որը ստեղծում էր ստարտափեր իր պատվիրատուների համար։ Այստեղ նա բացահայտեց իր ներկայիս մասնագիտությունը՝ Product Management։

Երեք տարի այնտեղ աշխատելուց հետո կազմակերպությունը փակվեց։ Զուգահեռ դրան առաջարկ ստացավ «Սինոփսիսից», բայց արդեն ոչ որպես շարքային ինժեներ՝ այլ Senior Program Manager։

Ինն ամիս անց իր նախկին գործընկերը խորհուրդ տվեց Արմանին PicsArt ընկերությանը։ Անցնելով հարցազրույցներ և ստանալով առաջարկ՝ դարձավ PicsArt ընկերության Product Manager-ների թմի անդամ։ Երկու տարի PicsArt-ում աշխատելուց հետո տեղի ունեցավ անսպասելի բան։

«Իմ որակավորումը բարձրացել էր։ Տարբեր մարդիկ արդեն ինձ էին դիմում իրենց նախագծերի վրա աշխատելու կամ խորհրդատվություն տալու համար։ Համատեղումը գնալով բարդանում էր, քանի որ նախագծերը շատանում էին և սկսում էին շատ ժամանակ պահանջել»,- հիշում է Արմանը՝ նշելով, որ սկզբում դա իր հաճույքի համար էր անում՝ օգնելով իր ծանոթներին, սակայն ինչ-որ մի պահից հասկացավ, որ ամեն ինչ շատ է լրջանում և պետք է որոշում կայացնել։ Այդպես ստեղծվեց MIIIND Product Studio-ն։ Արմանը սկզբից հիմնականում մենակ էր աշխատում, հետո արդեն ընտրեց իր թիմի անդամներին։

«Թիմը շատ կարևոր է, վատ թիմը չի կարող հաջողության հասնել։ Դրա համար ամեն հաջորդ աշխատողին նայում ենք, որ ամբողջությամբ համապատասխանի մեր չափորոշիչներին։ Սկզբում երեքով էինք սկսել, հիմա վեցն ենք»,- պատմում է Արմանը։

Արմանը երկու անգամ է մեծ կազմակերպությունից տեղափոխվել փոքր ստարտափ։ Առաջին անգամը ուղեկցվել է բարդություններով՝ պայմանավորված նոր մասնագիտությունով։ Իսկ Picsart-ից հետո սեփական կազմակերպություն հիմնելը բավականին հեշտ էր, քանի որ որ անում էր գրեթե նույն աշխատանքը, ինչ նախորդ աշխատատեղում, և իր գործի էությունը չի փոխվել, սակայն ավելացել են ռիսկերը և պատասխանատվությունը։

Աշխատանքը ստարտափում

Արմանի խոսքերով՝ ինքը չի ընտրել աշխատել ստարտափում, պարզապես այդպես է ստացվել։ Որպես հիմնադիր նշում է, որ կազմակերպության զարգացման հետ զուգընթաց առաջանում են վաճառքների, մերքեթինգի, HR-ի և բիզնեսի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Եվ դու պարտավոր ես լինում անընդհատ ավելացնել արդյունավետությունդ, որպեսզի բոլոր հարցերը ստանան անհրաժեշտ ուշադրություն։ Դու ես ընտրում նաև քո թիմի անդամներին, և եթե ինչ-որ մեկը խանգարում է աշխատանքի բնականոն ընթացքին, ինքդ պետք է որոշես՝ ինչ անել. ամեն ինչ քո ձեռքերում է։ Եվ չկա մեկը, ումից կարող ես խորհուրդ հարցնել կամ թույլտվություն ստանալ։

Ամեն ինչ տարբեր է, երբ դու պարզապես աշխատում ես ստարտափում. «Թիմը ընտանիքի պես է, գաղտնիքները ավելի քիչ են, բոլորը ամեն ինչից տեղյակ են, ամեն ինչ ավելի թափանցիկ է։ Հետո, երբ կազմակերպությունը մեծանում է, շերտեր են ավելանում, ինչը նորմալ է»։

 

Արմանը կարծում է, որ ստարտափում պետք է մի քանի բան միանգամից կարողանալ անել, և այնտեղ չկա «Ես սրա համար եմ պատասխանատու» հասկացությունը. «Դու անում ես ամեն ինչ, որպեսզի թիմը կամ կազմակերպությունը հաջողության հասնի։ Հետևաբար, կոպիտ ասած, եթե ես իմ գործը թողնեմ, ու ծրագրավորողի համար սուրճ պատրաստեմ, ես դա կանեմ, եթե այս պահին նախագծի հաջողության հասնելու համար դա է անհրաժեշտ»։

Բացի այդ պետք է ուշադիր լինել որոշում կայացնելիս, քանի որ ամեն մի որոշում կարող է լինել կազմակերպության համար վերջինը. «Ստարտափում դու ամեն օր պայքարում ես անորոշության դեմ։ Հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Դու պիտի ամեն օր քայլ առ քայլ հիպոթեզները վերածես փաստերի, հարցերը վերածես պատասխանների և անհայտը՝ հայտնիի։ Հաճախ՝ չգիտես մի շաբաթից ինչ նոր ինֆորմացիա կստանաս օգտատերերից կամ data-ից և ինչպես դա կազդի քո հետագա անելիքների վրա։ Մարդու համար, որ սիրում է հստակ առաջադրանքներ, դա մեծ սթրեսի աղբյուր է։ Մեծ կազմակերպություններում այսպիսի անորոշությունները ավելի քիչ են։ Ամեն ինչ ավելի համակարգված ու հստակ է»։

Մեծ կազմակերպություններում կան պրոցեսներ և ռեսուրսներ. «Ստարտափը սովորաբար սկսում է ինչ-որ մեկից, որը նկատում է չլուծված խնդիր և այդ խնդրին լուծում է տալիս, եթե այն հաջողվում է և կախված հաջողությունից այդ կազմակերպությունը մեծանում է։ Միևնույն ժամանակ սկսվում են խնդիրներ առաջանալ, թե պրոցեսների հետ, թե մարդկային և ֆինանսական ռեսուրսների հետ։ Բայց ստարտափում դինամիկան է շատ լավ, որոշումների կայացման արագությունը և հաղորդակցման մակարդակների պակասը»։

Նաև նա կարծում է, որ մասնագետը ստարտափում բավականին ագրեսիվ աճ է գրանցում. «Գործը շատ է, իսկ մարդիկ ու ռեսուրսները՝ քիչ։ Դու կարող ես շատ նոր բաներ փորձել և ուսումնասիրել, դուրս գալ քո մասնագիտական սահմաններից ու ուրիշ աշխատանք էլ կատարել, արդյունքում՝ սովորում ես պատասխանատու որոշումներ կայացնել»։

Աշխատանքը մեծ կազմակերպություններում

Փորձելով երկու տարբերակն էլё Արմանը կարծում է, որ սկսնակի համար կարևոր է իր կարիերան սկսել մեծ կազմակերպությունում. «Երբ դու դեռ սկսնակ ես, պետք է սովորել, որն է ճիշտ ձևը, որպեսզի դառնաս գրագետ մասնագետ։ Երբ դու հասկանում ես կորպորատիվ միջավայրի, քաղաքականության, գործընթացների, կյանքի, շփման, էթիկայի նրբությունները, սովորում, թե ճիշտ նամակագրությունը, հաղորդակցությունը ինչպես պետք է արվի, դու դառնում ես գրագետ։ Օրինակ՝ երբ դպրոցում նոր ես սկսում գրել, ձեռագիրը պետք է ճիշտ դնել, որ ամբողջ կյանքում ճիշտ գրես։ Կան կարծրատիպեր, որ մեծ կազմակերպությունները տխուր են, դանդաղ են, բայց նրանք անփոխարինելի հիմք են դնում»։

Արմանը կարծում է, որ եթե մեծ կազմակերպությունից սկսած չլիներ իր կարիերան, հետագայում դժվար թե հաջողության հասներ. «Եթե ես մեծ կազմակերպությունից չսկսեի, շատ բաներ հնարավոր է չիմանայի, ու չիմանայի նաև, թե որտեղ է կարելի է այդ մասին կարդալ։ Մեծ կազմակերպության լավ կողմերից մեկն այն է, որ դու՝ որպես սկսնակ աշխատում ես քեզնից շատ ավելի խելացի մարդկանց հետ, քանի որ մեծ կազմակերպությունները ունեն այն ռեսուրսները, որ ներգրավվեն առաջատար մասնագետներին։ Սկզբում դու մտածում ես՝ ես կյանքում այդպիսինը չեմ կարող դառնալ։ Եվ երբ դու տեսնում ես, թե այնտեղ ով կա, դու նկատում ես քո թերությունները և հասկանում ես՝ որտեղ է պետք ձգտել»։

Ըստ նրա, մեծ կազմակերպություններում աշխատանքը նաև սահմանափակ է. «Դու պետք է քո գործառույթները կատարես, երբ որ այդ գործառույթներից դուրս ես գալիս, արդեն մեկ այլ մարդու գործառույթների դաշտ ես մտնում։ Եվ դու պետք է աշխատես այդ մարդու հետ, որ քո ուզածը լինի, իսկ ստարտափում կարող ես դա անել՝ արագացնելով քո գործը»։

Ի՞նչ անել

Արմանի կարծիքով՝ ճիշտ կամ սխալ տարբերակ չկա։ Բայց լավ մասնագետ դառնալու և հաջողության հասնելու համար պետք է փորձել թե մեկը, թե մյուսը։ Նա համարում է, որ պետք չէ նաև նույն տեղում շատ երկար աշխատել, քանի որ այդ դեպքում պարզապես կարող ես դառնալ կոնկրետ էկոհամակարգի աշխատող, և ոչ այն լավ մասնագետը, որը կարող է աշխատել տարբեր միջավայրերում։

«Առաջին աշխատավայրում արժե մոտ երեք տարի մնալ, հատկապես, եթե մեծ կազմակերպություն է։ Առաջին աշխատանքը, երբ մի քանի տարուց ավել է, նաև դրական է դիտվելու հետագա գործատուների կողմից։ Հետո պետք է փորձել նաև այլ կազմակերպություններում էլ փորձ հավաքել»,- ասում է նա։

Բացի այդ պետք է աշխատել առավելագույն եռանդով։

«Եթե առավոտյան արթնացել ես ու գնացել ես աշխատանքի՝ պետք է առավելագույն օգուտ տաս՝ անկախ նրանից՝ ինչ խանգարող կամ դեմոտիվացնող հանգամանքներ կան, իսկ նրանք միշտ կան։ Եղել է այնպես, որ արել եմ այնպիսի բաներ, որ իմ պարտավորությունների մեջ չէին մտնում և դրա պատճառով միշտ ավելի շատ երկար ժամեր եմ աշխատել, և այդպես արդյունավետությունս է մեծացել։ Երբ որ «Սինոփսիսից» անցում կատարեցի պրոդուկտների աշխարհ, ես չունեի ոչ փորձ, ոչ բավարար գիտելիքներ»,- հիշում է Արմանը։

Բացի դա՝ պետք է ձգտել բարձրացնել արդյունավետությունը և փորձել կատարել անհնարը. «Product Manager-ի կարիերայիս ամենասկզբում, երբ առաջին անգամ դուրս էի եկել Սինոփսիսից, ինձ տվել էին մի մեծ նախագիծ, որը շատ ավելի դժվար էր, քան ես ի վիճակի էի կատարել։ Դա քիչ էր, գումարվեց մեկ այլ նախագիծ։ Ես ստիպված էի օրը միջինում 12-14 ժամ աշխատել, որ ինչ-որ մի բանի հասնեմ։ Դա ուղեկցվում էր սթրեսային իրավիճակով, ճնշումներով, խնդիրները նոր էին։ Մինչև այդ երկու նախագիծը հանձնեցի, ես զգացի, որ իմ արդյունավետությունը այնքան է բարձրացել, որ ես նույն աշխատանքը կատարելու համար շատ ավելի քիչ ժամանակ եմ ծախսում։ Այդ ամենը նրա շնորհիվ որ ես չէի մտածում ինչն է հնարավոր և ինչը չէ, կամ ինչ խանգարող հանգամանքներ կա. ես պարզապես անում էի»։

Նա խորհուրդ է տալիս նշաձողը միշտ գլխից վերև պահել. «Իմ այդ առաջին նշաձողը ես չէի դրել։ Եվ այն շատ ավելի բարձր էր, քան հնարավոր էր հասնել։ Ես ստիպված էի, չունեի ընտրություն չհասնելու այդ նշաձողին, քանի որ հետ գնալ ինժեների գործին չէի ուզում։ Եվ ինչ-որ մի ձև, ինչ-որ հրաշքով կարողացա արդյունավետությունը բարձրացնելով և ամենակարևորը որակով կատարել աշխատանքը։

Ինչքան էլ շտապես երբեք քո նվազագույն որակի շեմից ավելի վատ լուծում չտաս։ Ու քո նշաձողը բարձրացնելով կամաց-կամաց հասկանում ես, որ կարողանում ես նաև այլ բաներ անել։ Կյանքը չի սպասում, երբ դու պատրաստ լինես՝ ինքը գալիս է և դնում է նոր խնդիր, ու դու ինչ-որ մի ձև դա անում ես։ Կարծեմ՝ Սթիվ Ջոբսն է ասել՝ մենք անում էինք անհնարինը, քանի որ չգիտեինք դա անհնարին է։ Եվ իսկապես, մենք ամեն օր գալիս ենք և փորձում ենք չմեռնել արագության տակ, և մեկ էլ հասկանում ես՝ ստացվեց, և դու աճեցիր, ավելի ուժեղացար ու կարող ես մյուսը անել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829