Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիսական պարերով, ուտեստներով ու կրակթռուկով Տյառնընդառաջի տոն Գյումրիում (Ֆոտոշարք)

Փետրվար 16,2020 23:37

Մի քանի օր է՝ Գյումրիում մեծ տոնակատարությամբ նշվում է Տյառնընդառաջը․ խարույկ վառվեց կենտրոնական Վարդանանց հրապարակում, Շիրակի մարզպետարանի դիմաց, առանձին թաղերում ու բակերում։ Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ որպես քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոն։

Երեկ տոնակատարությանը բնորոշ բոլոր ծիսակարգերի պահպանմամբ այն նշվեց Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի բակում։ Այստեղ տոնի խորհուրդը ներկայացվեց ժողովրդական երգերի, պարերի, բեմադրության ու ծիսական ուտեստների՝ ընկույզով համեմված հալվայի, փոխինձի,  աղանձի միջոցով։ Երիտասարդները, հավատարիմ  ծիսակարգին, խարույկը վառեցին ցորենի հասկերից ՝  պտտվելով շուրջը ու ցատկելով կրակի վրայով։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն իր ելույթում ասաց․ «Ինքս մշեցու թոռ եմ, տանը ունեմ  մեծ տատ՝ 87 տարեկան, նա Տրնդեզի հետ կապված հետաքրքիր միֆեր ու պատմություններ է պատմում, ամեն անգամ ասում է, որ դեռևս հին աշխարհից սկսած՝ կրակը միշտ մեզ համար եղել է պաշտպանության միջոց։ Եվ ամեն տարի, երբ մենք սկսում ենք Տրնդեզի արարողակարգ, տատս ասում է ՝ թող կրակն այս տարվա չարն իր հետ տանի։ Հիմա ես, օգտագործելով տատիս կարևորագույն թեզը, նույնն այստեղ եմ ասում՝ այս կրակը թող լինի պաշտպանող կարևորագույն խորհուրդներից մեկը»։

Երիտասարդների կազմակերպած տոնակատարությանը մասնակցող Գյումրու քաղաքապետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խարույկի վրայից միշտ թռել են նորապսակները, որպեսզի   կրակը, տաքությունը ջերմացնի նրանց սերը և առաջնեկը  շուտ ծնվի։

«Հետաքրքիրն այն է, որ կանայք երբեք մենակ չեն թռել․  տղամարդու ձեռքը բռնած են թռել, հատկապես նորապսակները, որը նշանակում է՝ նախ իրար հետ հավերժ մնանք, երկրորդն էլ՝ առանց քո ուժի, ես ոչինչ եմ։ Հետաքրքիր տրամաբանություններ կան այստեղ, որոնց մեջ կարելի է մխրճվել, խորանալ և ավելի հարուստ դարձեն հայ ազգն ու իր ծեսերը, որոնք ինքս անձամբ շատ-շատ սիրում եմ»,- ասում է Հասմիկ Կիրակոսյանը։

Ըստ մեր զրուցակցի, հայկական ծեսերն այժմ ավելի գունազարդ են, հատկանշական է, որ դրանք ավելի շատ երիտասարդներն են նշում, պահպանում։

«Խորհրդային շրջանում ծեսերն ավելի կապում էին եկեղեցու հետ, դրա համար կար պատնեշ  դեպի ծեսերը, հիմա՝ անկախ Հայաստանում, երբ ազատություն է տրված հատկապես այդ ավանդույթային պրոցեսներին, ժողովուրդը հետ  է գնացել  դեպի իր ավանդույթները։ Օրինակ՝ ասենք և՛ Տրնդեզը, և՛ Վարդավառը, և՛ Բարեկենդանը, և՛ Սուրբ Սարգիսը սկսեցին առաջ գալ՝ ու հատկապես երիտասարդներին ներառելով իրենց մեջ։ Երիտասարդությունն է մասնակից դառնում տոների։ Օրինակ՝ իմ հիշողության մեջ մնացել է, որ տատս Բարեկենդանին կամ Զատիկին բացի փլավներից, ներկած ձվերից,  անպայման փոխինձ էր էլ հունձում՝ քաղցրահամ, որը կամ մուրաբայի հյութով կամ պարզապես պեսոկով ու յուղով ու շատ համով էր։ Հիմա ես շատ տներում եմ տեսնում այն հունձած փոխինձը, այսինքն՝ ուտեստների իմաստով էլ տոները ետ են եկել։

Սիրուն է, որ ընտանիքները դա պահում են, հարստացել է աշխարհը գունային իմաստով, օրինակ՝ Զատիկի ձվերն առաջ սոխի կճեպով էին ներկում, որը մնայուն էր, ավանդական էր, նաև քրիստոնեական, բայց բոլոր դեպքերում հիմա հազարաձև ներկեր են առաջ եկել, հազարաձև գեղեցկություններ, տարոսիկներ, արդեն մարդը իր ուղեղի ֆանտազիայով ստեղծում է  գեղեցիկը։ Այսօր մեր աչքը ոչ միայն տեսնում է վառվող կրակը, այլ նաև կրակի շուրջ եղած սեղանի այն ամբողջ պարունակությունը, որ լրացնում է այդ ծեսը»,- ասում է Հասմիկ Կիրակոսյանը։

Էթնոհոգեբան Կարինե Սահակյանն էլ,  մեկնաբանելով տոնի իմաստն, ասաց․ «Հին հայերն ունեցել են  ծիսատոնական կենցաղ, որը ցայսօր կենցաղավարում է, և տոներն ու տոնական մշակույթն ավելի մեծ մասշտաբներ է ընդգրկել, և եթե ինչ-որ մի ժամանակ եղել է ընտանեկան տոն, հիմա արդեն ավելի մասսայական, հրապարակային է դարձել, ավելի յուրացվել է հանրության կողմից։ Ծեսը ունի մի քանի բաղադրիչներ՝ ուտեստների հետ կապված, իսկ կիզակետում կրակթռուկի ծեսն է, որը սեռական մագիայի գործողություն է կատարել, իմաստն այն էր, որ նորահարսի ներսը տաքանա, զավակ ունենա։

Տոնը նվիրված է երիտասարդ ամոլներին, ովքեր ունեն ընդգծված մուրազ, առաջինը թռնում էին նորահարսն ու նորափեսան, ևեթե ուզում էին, որ տղա երեխա ունենային, առաջինը մի տղա երեխա պիտի թռներ՝ որպես հմայական զորություն, այնուհետև պիտի թռնեին հարսն ու փեսան, բայց յոթ անգամ պիտի պտտվեին կրակի շուրջ՝ աջ գնացող շարժումներով։

Փեշի ծայրն էլ, թեկուզ մի մասն․ անպայման պիտի այրվեր, որպեսզի չարը խափանվեր, չարությունն անցներ այրվելով, որպեսի հետագա կյանքը լիներ պարզ, զուլալ, սիրով։ Իսկ շուրջպարը տվյալ անձի կամ գերդաստանի համար նշանակել է իրենց ապրած կյանքի ժամանակաշրջանը, և եթե մեկը շրջանից դուրս էր գալիս, մյուս երկուսի ձեռքերը բռնում էին, որպեսզի  կյանքի ընթացքը չխաթարվի։ Շուրջպարին բացառապես մասնակցում էին երջանիկ զույգեր, որպեսի հարսն ու փեսան էլ  երջանիկ լինեին։ Բոլոր դեպքերում կրակթռուկը  նորահարսին ու նորափեսային նվիրված ծես է», -ասում է էթնոհոգեբանը։

Ըստ Կարինե Սահակյանի,  տոնի կարևոր բաղադրիչը ցորենն է,  ցորենի հասկերից պատրաստված խաչբուռով են վառել կրակը, իսկ կրակի փայտերը ցրտենի կոչվող բույսից  են եղել և շարվել են շենքի, տան նման։ Սա, էթնոհոգեբանի մեկնաբանմամբ, արվել է, որպեսզի տունը շինվի, տաքանա, ջերմանա։

«Սա միայն կրակի իմաստը չէ, նաև օջախն է․ ջերմությունն է, արևը։ Իսկ ցորենից որպես ծիսական ուտեստ՝ խեձաղ են անում, որպեսզի գետինը ևս չորանա։ Կրակի պաշտամունքին է նվիրված, հմայական զորությամբ նախապատրաստվում են գարնանը, ձմռան և գարնան պայքարն է՝ գարնան հաղթանակով»,- ասում է Կարինե Սահակյանը։

Նրա մեկնաբանմամբ,  Տյառնընդառաջի կրակի մեջ գցել են նաև ճյուղերով հյուսված գլխազարդերն ու որոշակի իրեր, որպեսզի կրակը տանի ցավն ու չոռը։

Լուսանկարները՝  «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հ/կ»-ի և Aravot.am-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829