Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե կաթ»՝ առողջություն պարգևող կենսատու հեղուկ՝ Հնդկաստանից

Փետրվար 16,2020 23:00

«Ոսկե կաթը» Հնդկաստանից եկած ավանդական ըմպելիք է, որի հիմքում քրքումն է՝ վառ դեղին գունավորում ունեցող համեմունքը, որն այնքան սիրված է Արևելքում։ Քրքումն օժտված է հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ, կաթն էլ իր հերթին առանձնանում է իր օգտակար հատկություններով և այս երկու բաղադրամասերի ներմուծումն ամենօրյա սննդակարգ օգնում է հոգ տանել սեփական առողջության մասին և կանխարգելել մի շարք հիվանդությունների և վարակների առաջացման հավանականությունը։

Ինչո՞ւ արժե «ոսկե կաթ» օգտագործել

«Ոսկե կաթ»՝ այսպես է կոչվում քրքումով ըմպելիքը, որը շատ օգտակար է ողջ ընտանիքի համար։ Այն առողջության էլիքսիր է համարվում, որն օգնում է նվազեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսներն ու ամրապնդել իմունային համակարգը, նպաստում է սրտի և անոթների առողջության կարգավորմանն ու օգնում պայքարել ավելորդ քաշի դեմ։ Քրքումով ըմպելիքը նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Ի՞նչ օգտակար հատկություններով է առանձնանում քրքումով կաթը

Ամրապնդում է օրգանիզմի իմունային պաշտպանությունը

Քրքումով կաթն օգնում է ամրապնդել իմունային համակարգը։ Քրքումը հակամիկրոբային ազդեցություն ունի և օգնում է պայքարել մանրէների ու վիրուսային վարակների դեմ։

Մարսողության խանգարումերի դեմ պայքարող միջոց է

Քրքումը կարգավորում է մարսողությունը, վերացնում փորափքանքը, ստամոքս-կերակրափողային հետհոսքի (ռեֆլյուքս) հետևանքով առաջացած այրոցը։ Համեմունքի կազմում առկա քրքումին նյութը խթանում  է լեղու արտադրությունը, որն անհրաժեշտ է ճարպերի ճեղքման համար, կանխարգելում է ստամոքսաղիքային ախտածին գործընթացները, օգնում է պայքարել մակաբույծների դեմ։ Քրքումի օգտագործումը բարենպաստ է անդրադառնում աղիքային բորբոքումների բուժման վրա․ այս սննդանյութը նաև շատ օգտակար է ենթաստամոքսային գեղձի համար։ Քրքումով կաթը կարգավորում է մարսողությունն ու օգնում կանխարգելել խոցերի, փորլուծության առաջացումը։

Քրքումով կաթը մաքրում է արյունը

Քրքումը դետոքսիկացիայի հզոր միջոց է։ Քրքումն օգնում է դուրս բերել արյան կազմից թունավոր նյութերը, ինչպես նաև կարգավորում է լյարդի աշխատանքը։

Այս համեմունքը նաև օժտված է միզամուղ ազդեցությամբ, ինչը նույնպես թույլ է տալիս օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերն ու շլակները։ Քրքումով կաթը նաև օգտակար է փայծաղի համար։

Օգնում է հարբուխի, հազի, կոկորդի ցավի դեպքում

Քրքումով կաթն օգնում է շնչառական հիվանդությունների ժամանակ՝ տաքացնելով մարմինն ու նպաստելով թոքերից ու շնչառական ուղիներից խորխի դուրսբերմանը։

Քրքումն օգտակար է ասթմայի ու բրոնխիտի դեպքում։ Քնից առաջ մեկ գավաթ «ոսկե կաթը» կօգնի թուլացնել հազն ու հանգիստ քուն մտնել։

Պայքարում է հոդերի հետ կապված խնդիրների դեմ

Քրքումը օգնության կհասնի, երբ առկա են հոդերի և հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներ։ Քրքումով կաթն օգտակար է արթրիտի, արթրոզի, բուրսիտի դեպքում, քանի որ պայքարում է բորբոքումների դեմ, պաշտպանում է ոսկորներն ու օգնում պահպանել հոդերի շարժունակությունը։

Քրքումով կաթն արդյունավետ է գլխուղեղի ու նյարդային համակարգի համար

«Ոսկե կաթը» խորհուրդ է տրվում խմել, եթե անհանգստացնում են գլխացավերը։ Արյունը ջրիկացնելու հատկության շնորհիվ քրքումն ակտիվացնում է արյան շրջանառությունը։ Համեմունքը դրական է անդրադառնում գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի վրա։ Այն օգնում է պայքարել դեպրեսիայի, հոգեկան ապրումների դեմ, լավացնում է հիշողությունը, թույլ է տալիս թոթափել լարվածությունն ու բարկությունը։

Նպաստավոր է լյարդի ու լեղապարկի համար

Կատարվել են հատուկ հետազոտություններ, որոնք փաստում են, որ քրքումինն ունակ է դրական ազդել լյարդի ցիռոզի և ճարպային հիվանդության բուժման վրա։ Քրքումինը պաշտպանում է լյարդը ոգելից խմիչքների  չարաշահման, ծանր մետաղների ազդեցության  հետևանքով առաջացած թունավորումից։ Քրքումը կանոնավորում է լեղապարկի աշխատանքն ու օգնում կանխարգելել լեղապարկի քարերի առաջացումը։

Սակայն հարկավոր է իմանալ, որ լեղաքարային հիվանդություն ունեցող մարդկանց քրքումի օգտագործումը հակացուցված է։

Կարգավորում է նյութափոխանակությունը

Քրքումինը մասնակցում է նյութափոխանակության գործընթացների կարգավորմանը։ Դա դրսևորվում է ինսուլինի արտադրման ակտիվացմամբ։ Քրքումով կաթն իջեցնում է խոլեսթերինը, պայքարում է ճարպի դեմ՝ նպաստելով նիհարեցմանը։

Օգնում է կանխարգելել սիրտ-անոթային խնդիրները

«Ոսկի կաթի» ամենօրյա օգտագործումը նվազեցնում է սրտի հետ կապված խանգարումների առաջացման հավանականությունը։ Քրքումն օգնում է կանխարգելել թրոմբոզը, աթերոսկլերոզը, կարգավորում է զարկերակային ճնշումն ու սրտի ռիթմը։ Քրքումի բաղադրության մեջ առկա С և Р վիտամիններն ամրացնում են անոթները։ Քրքումինն օժանդակող միջոց կարող է լինել առիթմիայի, սրտի կաթվածի և սրտի այլ պաթոլոգիաների բուժման ժամանակ։

Հոգ է տանում վերարտադրողական առողջության համար

Քրքումն օգտակար է թե; կանանց, թե՛ տղամարդկանց վերարտադրողական առողջության պահպանման ու կարգավորման համար։ «Ոսկե կաթն» օգնության է գալիս դաշտանադադարի ժամանակ առաջացած գինեկոլոգիական մի շարք խնդիրների դեպքում։ Քրքումինն արգանդի յուրօրինակ խթանիչ է, որն օգնում է կարգավորել դաշտանային ցիկլը։

Մաշկային խնդիրները հարթող ազդեցություն ունի

Քրքումը վաղուց ի վեր գործածվում է կոսմետիկ միջոցների պատրաստման համար։ Այն մաշկը դարձնում է հարթ, օգնում է ազատվել կորյակներց, նպաստում է վերքերի արագ լավացմանը։

«Ոսկե կաթի» պարբերաբար օգտագործումը թեթևացնում է էկզեմա ունեցող մարդկանց վիճակը։

Օգնում է կանխարգելել չարորակ նորագոյացությունների առաջացումը

Քրքումով կաթն իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ օգնում է կանխարգելել կրծքագեղձի, մաշկի, թոքերի, հաստ աղիքի ուռուցքային հիվանդությունների առաջացումը։  ԸՄպելիքը պաշտպանում է ԴՆԹ-ի բջիջներն ու նվազեցնում քիմիաթերապիայի հետևանքները։

Ինչպե՞ս պատրաստել «ոսկե կաթ»

Քրքումով կաթ պատրաստելու համար նախ պետք է քրքումով մածուկ պատրաստել, որը հետագայում ըմպելուց առաջ խառնվում է կաթի հետ։

Մածուկ պատրաստելու համար պետք է վերցնել 2 ճաշի գդալ քրքում և 1 բաժակ ջուր, խառնել բաղադրամասերն ու եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 7 րոպե՝ մինչև ստացվի թանձր մածուկ։

Այնուհետև մածուկը հովացնել, լցնել ապակյա տարայի մեջ ու պահել սառնարանում (մթերքը կարելի է այդպես պահել մինչև մեկ ամիս)։

«Ոսկե կաթ» պատրաստելու համար 1 բաժակ կաթը տաքացնել մինչև եռման աստիճանի, բայց չթողնել, որ եռա, և ավելացնել 1 թեյի գդալ քրքումի մածուկ։

Քրքումի ավելի լավ յուրացման համար կարելի է ըմպելիքի մեջ կես թեյի գդալ քունջութի, նուշի կամ կոկոսի յուղ ավելացնել։

Ըստ ցանկության ըմպելիքին կարելի է նաև մեղր ավելացնել, սակայն պետք է հիշել, որ մեղրը չի կարելի լցնել տաք կաթի մեջ, քանի որ մեղրը տաքանալով ոչ միայն կորցնում է իր վիտամիններն ու ֆերմենտները, այլև մեղրի մեջ քաղցկեղածին նյութ է սկսում ձևավորվել։

Ինչպե՞ս խմել քրքումով կաթը

Եթե դուք պլանավորում եք քրքումով կաթն ըմպել որպես բուժիչ միջոց, ապա խորհուրդ է տրվում այն ըմպել 30-40 օր՝ տարեկան 1-2 անգամ

Ավելի նպատակահարմար է սկսել փոքր չափաբաժիններով՝ սկզբից կաթին ավելացնելով  մեկ քառորդ թեյի գդալ քրքումի մածուկ։ Եվ եթե չնկատվեն կողմնակի ազդեցություններ, ապա կարելի է մածուկի քանակը հասցնել մինչև 1 թեյի գդալի։

Քրքումով կաթն օրական ըմպում են 1 անգամ՝ տաք վիճակում՝ սնվելուց առաջ, կամ սնվելուց 2 ժամ հետո։

Քրքումով կաթ ըմպելուց առաջ նաև պետք է իմանալ

Քրքումի՝ նախատեսվածից ավելի շատ քանակով օգտագործումը կարող է ստամոքսի այրոց, խանգարում, փորլուծություն առաջացնել, դառնալ ներքին արյունահոսության պատճառ, հարուցել լեղապարկի հիպերակտիվ կծկումներ, խանգարել դաշտանային ցիկլը։

Հղի կանանց նույնպես խորհուրդ է տրվում խուսափել քրքումի շատ օգտագործումից, քանի որ այն խթանում  է արգանդի պատերի կծկումները։

Քրքումն անհամատեղելի է մի շարք դեղամիջոցների հետ։ Մարդիկ, որոնք հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) պրեպարատներ են ընդունում, պետք է խուսափեն քրքում օգտագործելուց։

Քրքումը թեև բազմաթիվ հիվանդություններ ու խնդիրներ կանխարգելող բնական միջոց է, սակայն կարող է և բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, եթե դրա օգտագործմանը ճիշտ մոտեցում չցուցաբերվի։ Ուստի խորհուրդ է տրվում քրքումով կաթն օգտագործելիս ուշադիր լինել չափաբաժինների նկատմամբ և հետևել օրգանիզմի ազդակներին։

Ծանուցում․նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթ է կրում և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829